Այրվել է մեքենա

Այրվել է մեքենա
Սյունիքում վերջին օրերի արտակարգ պատահարների շարքը շարունակվում է: Թթվածնային բալոնների պայթյուն է տեղի ունեցել Քաջարանում եւ Կապանում: Երկու տեղում էլ մեկական մարդ է մահացել: Իսկ երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:



Այս առթիվ Սյունիքի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում։ Ըստ բաժնի պետի տեղակալ Աշոտ Ասրյանի՝  հարուցվել է քրեական գործ ՔՕ 230 հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը՝ մինչեւ 10 տարի ազատազրկում):



Ասրյանը դեռեւս չի կարող հաստատել քաղաքում տարածված այն լուրերը, թե իբր 2 բալոնները նույն  տեղից են լիցքավորվել: Վերջնական եզրակացությունը կտա փորձաքննությունը: Մյուս պատահարը տեղի է ունեցել ապրիլի 28-ին,  ժամը 7:42-ին. Կապանի օդանավակայանի մոտակայքում, Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին ավտոմեքենա է այրվել:



Դեպքի վայր մեկնած Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկին  հաջողվել է կրակն արագ մարել: Այրվել են մեքենայի շարժիչի մարտկոցը եւ խցիկի մի մասը:  Նախնական տվյալներով, Կապանի բնակիչ Արա Ավանեսյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 61 ՍՍ 045 պետհամարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով հրդեհվել է: Մեքենայում միայն վարորդն է եղել, նա  անվնաս դուրս է եկել  մեքենայից: