Իսկական կինո

Իսկական կինո
«Մարդիկ` ընդդեմ» - Իտալացի Ֆրանչեսկո Ռոզիի այս հակապատերազմական ֆիլմը, համոզված ենք, իր անողոք ճշմարտացիությամբ անտարբեր չի կարող թողնել ոչ մեկին: Սակայն առաջին հերթին այն դուր չի գա զինկոմիսարիատի աշխատողներին ու ընդհանրապես` ուռա-հայրենասիրական պաթոսով քողարկվողներին:



Զինվորական հրամանատարության անբարոյության, ապաշնորհության ու կեղծ հայրենասիրական դեմագոգիայի զոհ միշտ էլ դառնում է շարքային զինվորը, հատկապես, երբ պատերազմ է, ամենուր արյուն է ու անհամար զոհեր. ահա թե ինչի մասին է այս դաժան, բայց չափազանց ճշմարիտ ֆիլմը: Շատերին այն կարող է հիշեցնել Սթենլի Կուբրիկի դասական դարձած «Փառքի արահետները», որտեղ նույնպես շարքային զինվորը զոհ է մատուցվում հրամանատարության մեղքերը կոծկելու համար:



http://kinobaza.tv/film Люди против_1970#online



«10 րոպեով տարեց. Շեփոր եւ թավջութակ» - Այս խոհափիլիսոփայական կինոալմանախը նկարահանել են աշխարհիս կինեմատոգրաֆում իրենց ուրույն խոսքն ասած ու անփոխարինելի հետք թողած 20 ամենատարբեր կինոբեմադրիչներ, ինչպիսիք են իտալացի Բեռնարդո Բերտոլուչին, հունգար Իշտվան Սաբոն, չեխ Իրժի Մենցելը, ֆրանսիացի Ժան Լյուք Գոդարը եւ այլոք:



Նրանցից յուրաքանչյուրը ցանկացել է ցույց տալ, թե ինչպես է պատկերացնում մարդու կյանքում 10 րոպեի իրական դերը, ինչ արժեք դրանք կարող են ունենալ` մարդկային կյանքին ամենատարբեր ասպեկտներով մոտենալիս, իսկ ամեն սյուժեն, բնականաբար, տեւում է 10 րոպե: Լուրջ մտորել ստիպող ֆիլմ է, այնպես որ՝ հոգնած ուղեղով այն խորհուրդ չէինք տա դիտել:



http://kinobaza.tv/film/360738/ На_десять_минут_старше:_Виолончель _2002#online



«Լյուսիան եւ սեքսը» - Ավանդապաշտներին զգուշացնում ենք, որ վերնագրի երկրորդ բառը` բովանդակային առումով այս ֆիլմում մեծ տեղ չի գրավում, այն ավելի շուտ հերոսների զգացումներում եւ պատկերացումներում է դրսեւորվում: Բավական նուրբ հոգեբանական ֆիլմ է, իսպանական կինոյի վերջին ժամանակների լավագույն բեմադրիչներից մեկի` Հուլիո Մեդեմի հեղինակությամբ: Իսկ հերոսուհու դերում է մեզ հիմնականում Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակ»-ով հայտնի` հայուհի Նունիկի կերպարը մարմնավորած Պաս Վեգան:



http://kinobaza.tv/film/ Люсия_и_секс _2001#online