Ո՞ր ուժերն են լինելու խորհրդարանում

Ո՞ր ուժերն են լինելու խորհրդարանում
2012-ի  խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը դե ֆակտո սկսված է: Քաղաքական եւ անգամ հասարակական շրջանակներում արդեն կանխատեսումներ են անում, թե քաղաքական որ ուժերը կլինեն նոր գումարվելիք խորհրդարանում: Չնայած ժողովրդավարության կանոնները հուշում են, որ ընտրողն է ընտրությունների ելքը որոշողը, բայց անցյալի դառը փորձը հակառակն է հիշեցնում:



Մի բան հստակ է՝ խորհրդարանում հայտնվելու են սահմանափակ թվով ուժեր (հաշվի առնելով, որ ԱԺ մանդատների քանակն անսահմանափակ չէ՝ ընդամենը 131 պատգամավորական աթոռ): Բանն այն է, որ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը եւ այդ ուժերի որոշ ներկայացուցիչների հայտարարությունները՝ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցության մասին, կարծես ուրվագծում են օրենսդիր իշխանությունը նույն հարաբերակցությամբ վերարտադրելու սխեման:



Հետեւաբար կարելի է ենթադրել, որ եթե ժողովուրդը չտապալի այդ սցենարը, ընդամենը երկու ուժ է կոալիցիոն ուժերի կողքին հայտնվելու: Հաշվի առնելով ՀԱԿ հնարավորությունները, ընդդիմության դաշտի մնացած ուժերը հայտնվել են ոչ բարվոք վիճակում: Սակայն չի բացառվում, որ առաջիկայում, ի դեմս ընդդիմադիր ուժերի, քաղաքական ասպարեզ իջնի եւս մի դաշինք եւ դեպքերն այլ ուղիով տանի: Մենք որոշել ենք ներկայացնել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կանխատեսումները, թե որ ուժերից կամ դաշինքներից կձեւավորվի 2012-ի խորհրդարանը:



«Նախընտրական տարին դեռ նոր է սկսվել, եւ այս ընթացքում այնպիսի իրադարձություններ կարող են լինել, քաղաքական ուժերի այնպիսի վերադասավորում, որ այսօր կանխագուշակելը շատ բարդ է»,-մեր հարցին այսպես պատասխանեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը: «Չեմ ուզում անուններ նշել, որովհետեւ ամենագլխավոր պատճառը՝ ես չգիտեմ, թե լինելու են նորից կեղծվա՞ծ ընտրություններ, թե՞ արդար: Եթե արդար ընտրություններ լինեն՝ պարզ չի լինի, թե ով կանցնի, ժողովուրդն ում ձայն կտա, իսկ եթե կեղծված լինի, հասկանալի է՝ ում ուզեն, նրան էլ կանցկացնեն...»:



Իսկ արդար ընտրությունների պարագայում գործող ո՞ր ուժերը ռեալ շանսեր ունեն խորհրդարան մտնելու. «Բոլոր այն ուժերը, որոնք կկարողանան ժողովրդի հոգսերին համազոր ծրագրեր ներկայացնել եւ, բացի դրանից՝ իրենց կենսագրությամբ կհաստատեն, որ իրենք չեն խաբել, պախարակվել, վարկաբեկվել, այդ ուժերի մեջ կլինենք նաեւ մենք: ...Կոալիցիոն ուժերը պետք է ժողովրդի ներողամտությունը հայցեն, որպեսզի կարողանան արդար ընտրությունների պարագայում անցնել: Իսկ ժողովուրդը լավ հիշողություն ունի՝ չի ներում ոչ այսօրվա, ոչ էլ երեկվա իշխանությունների ներկայացուցիչներին»:



Սարգսյանը չբացառեց, որ մինչ ընտրությունները կուսակցության գաղափարական հենքի վրա դաշինք կստեղծվի, եւ ընտրություններին կգնան դաշինքով: «Եթե ընտրությունները կեղծվեն, խորհրդարանում ներկայացված կլինի կոալիցիան եւ ընդդիմությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, կլինի նաեւ Դաշնակցությունը: Եթե ազնիվ ընտրություններ լինեն, որը բացառված է, կանցնեն ընդդիմադիր ուժերը, այդ թվում եւ ես»,-նշեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:



Չնայած դրան՝ Կարապետյանը հույս ունի, որ ինքն ամեն դեպքում մտնելու է խորհրդարան. «Որովհետեւ մեր կուսակցությունն արդեն մեծ է, մարդիկ են ընդգրկվում, հոսք կա, ու ՀԱԿ-ի քաղաքականությունն է մարդկանց վանում, եւ այս կողմից էլ նոր հոսք ունենք: Հետեւաբար, այս անգամ մենք չենք խաբվի՝ ինչպես միշտ, մենք ունենք ներուժ եւ կհսկենք...»:



ԺԿ-ն առանձի՞ն, թե՞ դաշինքի հետ կմասնակցի: «Ես առայժմ չգիտեմ... Համենայնդեպս, մենք նախաձեռնել ենք ժողովրդական շարժումը, որտեղ մտնելու են հայրենասիրական ուժեր: Ես մենակ պայքար չեմ պատկերացնում»,- պատասխանեց Կարապետյանը: «Հայրենասիրական ուժեր» տեսնելու համար Կարապետյանը խորհուրդ տվեց մասնակցել ԺԿ մայիսի 5-ի հանրահավաքին, որտեղ կլինեն դրանցից մի քանիսը:



«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի կարծիքով՝ քաղաքական դաշտում ներկայումս «էնպիսի բաներ են կատարվում», որ այս պահին դժվար է կանխատեսել, թե որ ուժերը կանցնեն, կամ նոր ուժեր կլինե՞ն խորհրդարանում, թե՞ ոչ: «Սեպտեմբերին նոր կարելի է խոսել, երբ երեւա, թե ինչ դաշինքներ կարող են ստեղծվել: Հիմա նման հարցումներին պատասխանողներն առնվազն պետք է աստղագուշակ լինեն, որովհետեւ կուսակցությունների միջեւ դեռ ոչ մի խորհրդակցություն դաշինքներ ստեղծելու վերաբերյալ չեն եղել, բացի հուշագրից, որն էլ ստորագրել են, բայց իրենք էլ չգիտեն՝ միասնական են գնալու, թե առանձին»,- նշեց նա եւ երկմտելով հավելեց.



«Ասենք՝ ՕԵԿ-ը, որ մենակ գնա, արդյո՞ք կանցնի... դժվար է ասել՝ մինչեւ այդ հանգամանքները կլինե՞ն, թե՞ ոչ»: Իսկ դաշինքներ կլինե՞ն եւ ո՞ր ուժերի մասնակցությամբ: «Կարծում եմ՝ այո, բոլորը կխոսեն, որ առանձին են գնալու, բայց... կարծում եմ՝ նոր ուժ կստեղծվի»,- պատասխանեց Կարապետյանը: Նա այդուհանդերձ ուրվագծեց՝ նոր գումարվելիք խորհրդարանի ձեւավորումը կլինի «իշխանություն, ՀԱԿ եւ նոր դաշինքի շուրջ»: Արամ Կարապետյանը չբացառեց, որ ոչ մեծ շանսեր ունեցող կուսակցությունների որոշ ակտիվիստներ եւս ձեւավորվող դաշինքների շնորհիվ կմտնեն խորհրդարան: