Իրավական լուծում է հարկավոր

Իրավական լուծում է հարկավոր
Երեկ՝ ապրիլի 28-ին, հերթական անգամ չի գործել Վանաձոր-Երեւան երթուղին։ Վանաձորից Երեւան շտապողները վաղ առավոտից եկել էին ավտոկայան, սակայն, տեսնելով երթուղայինների բացակայությունը, կռահեցին, որ «միտինգ ա, էլի չեն աշխատի»։ Եվ, ինչպես միշտ, ոչ ավտոկայանի տնօրենն էր տեղում, ոչ էլ ինչ-որ մեկը կար, որպեսզի որեւէ բացատրություն տար հավաքվածներին։



Միայն անհատ տաքսու վարորդներն էին ոգեւորված. «2500 դրամ՝ ո՞վ ա գալիս, տանեմ Երեւան»,- «էստի համեցեք» էին կանչում նրանք։ Վաղ առավոտից Վանաձորի ավտոկայանում էր նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով մեզ հետ զրույցում նշեց.



«Այս ամենը իշխանության ապօրինի գործողությունների արդյունք է իշխանության ամենաբարձր մակարդակում ապրիլի 27-ին հնչեցրած հայտարարությանը, թե ճանաչում են քաղաքացիների՝ կարծիքներ արտահայտելու, հավաքների եւ միավորման ազատության բնականոն իրավունքները: Իրականում տեղի է ունենում դրանց կոպիտ սահմանափակում»։



Սաքունցը հավելեց նաեւ, որ ժամը 14-ի դրությամբ մարզի բոլոր քաղաքներից դեպի Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները չեն աշխատել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս կապակցությամբ նամակ է ուղարկել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարություն.



«Տեսնենք ինչ կպատասխանեն ու ըստ այդմ իրավաբանորեն կփորձենք վերջ դնել այս այլանդակություններին»։ Մեր տեղեկություններով, մինչ ժամը 17։00-ն հավաքվածները չեն կարողացել Երեւան մեկնել: Իսկ Վանաձոր-Երեւան երթուղին սպասարկող «Ոսկեթեւ» ՍՊԸ տնօրեն Սահակ Ռուբենյանի հեռախոսն անջատված էր։