Բանակը ձվազրկվել է՝ կաթով են յոլա գնում

Բանակը ձվազրկվել է՝ կաթով են յոլա գնում
Հայաստանյան ուժային կառույցների ձգտումները դեպի եվրոպական ստանդարտներ օր օրի նոր արտահայտություններ են ստանում: Օրինակ՝ ոստիկանությունը զգեստափոխության ճանապարհով է ջանում էվոլյուցիայի ենթարկվել, բանակն էլ՝ սննդակարգով, ընդ որում՝ թունաքիմիկատներով հարուստ:



Իհարկե, այս մասին մեզ «թշնամական» աղբյուրները չեն հայտնել,  այլ տեղեկացել ենք հենց պաշտպանության նախարարությունից: Մենք հարցեր էինք ուղղել  բանակի սննդակարգում տեղ գտած անորակ տեսականու, մասնավորապես կարտոֆիլի փոշու վերաբերյալ, որը զինված ուժերում օգտագործվում է դեռեւս աշնանից:



Հիշեցնենք, որ աշնանը կարտոֆիլի մատակարարման  համար հայտարարված մրցույթում ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը  հրաժարվել էր 140 դրամ վճարել  1 կիլոգրամ կարտոֆիլի  համար, որից հետո մատակարարման իրավունքը տրվել էր մի կազմակերպության, որը  թարմ բանջարեղենի  փոխարեն ստանձնել է կարտոֆիլի փոշու մատակարարումը՝  300 դրամով: Փոշու «բարաքյաթն» այնքան մեծ է թվացել, որ մոռացնել է տվել առողջական հետեւանքների մասին:



Իսկ օրերս մենք տեղեկություն ստացանք, որ կարտոֆիլի փոշու պատճառով զինվորների մոտ ալերգիա է սկսվել: Այս դժգոհությունները մեզ փոխանցել են զինծառայողների ծնողները, ովքեր մտահոգված են իրենց որդիների առողջությամբ: Թե ինչու են հարմար գտել թարմ բանջարեղենի փոխարեն փոշով կերակրել զինվորին, փորձեցինք պարզել պաշտպանության նախարարությունից: Օրեր առաջ ՊՆ-ից մի զվարճալի  պաշտոնական պատասխան ստացանք, որը ներկայացնում ենք առանց կրճատման.



«ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողներին տրվող ճաշատեսակների մեջ օգտագործվում է կարտոֆիլ եւ կարտոֆիլի փոշի: 1-ին ճաշատեսակի պատրաստման ժամանակ օգտագործվում է կարտոֆիլ, իսկ 2-րդ ճաշատեսակի պատրաստման ժամանակ՝ կարտոֆիլի փոշի: Կարտոֆիլի փոշու օգտագործումը տարածված է աշխարհի զարգացած պետությունների բանակներում: Զինված ուժերի խոհարարական դպրոցի շրջանավարտ խոհարարները կարտոֆիլի փոշուց պատրաստում են կոմբինացված  եւ համեղ ճաշատեսակներ»:



Ափսոս, որ  ՊՆ-ից չէին ուղարկել այդ «համեղ ճաշատեսակների» բաղադրատոմսն ու պատրաստման եղանակները:  Բայց ուշագրավն այն է, որ վկայակոչում են զարգացած երկրների բանակները՝ առանց նշելու այդ եվրոպական երկրների անունները, որտեղ զինծառայողները սնվում են նմանատիպ փոշիներով: Եթե կարտոֆիլի փոշին  եվրոպական ստանդարտի չափանիշ է, ապա ինչո՞ւ է բանակում թարմ կաղամբին փոխարինում թթվեցրած տարբերակը:



Ըստ մեր տեղեկությունների՝ թթված կաղամբը թարմի անպիտան մնացորդներն են, որոնք մատակարարում են բանակին: Հակառակ դեպքում՝ անհասկանալի է, թե ինչու է թթվեցնելուց հետո տրվում բանակին, ինչո՞վ է վնասակար թարմ կաղամբը զինվորի առողջությանը: Պաշտպանության նախարարության լրատվության վարչությունից այսպես են մեկնաբանել. «Տարեկան երեք ամիս թարմ կաղամբի փոխարեն օգտագործվում է թթվեցված կաղամբ` տեղական արտադրության եւ բարձր որակի:



Հունիս ամսից նախատեսվում է վերսկսել թարմ կաղամբի օգտագործումը: Ներկայում օգտագործվող թթվեցված կաղամբը ՄԱՊ ընկերության արտադրանքն է »: Իսկ ՄԱՊ-ն ո՞ւմ է պատկանում՝ ճիշտ է, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Պետրոսյանին, դեռ ուրիշ փայատերերի անուններ էլ են հիշատակվում, սակայն խուսափում ենք դրանք նշելուց, որ մեր դեմ նոր դատական հայցեր հարուցելու հիմք չտանք:



Այսքանով չի սահմանափակվում հայոց բանակի սննդի խնդիրը: Մեր տեղեկություններով, ապրիլից սկսած՝ բանակում ձու գոյություն չունի, պակասը կոմպենսացնում են խտացրած կաթով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ եթե նախկինում ձվի առկայության դեպքում մեկ զինվորին մոտ 25 գրամ խտացրած կաթ էր հասնում, ապա հիմա՝  կրկնակի են տալիս:



Այսպիսով փորձում են պահպանել սնվելու բարձր կալորիականությունը: Իհարկե, ձվի դեֆիցիտի պատճառների մասին ՊՆ-ից հստակ ոչինչ չասացին, լղոզված պատասխան տվեցին. «Զինծառայողներին տրվող ճաշացանկում առկա է ինչպես ձու, այնպես էլ խտացրած կաթ: Կառավարության 2007թ. 349 որոշմամբ սահմանված են զինծառայողների սննդի օրական չափաքանակները: Ըստ սահմանված չափաքանակի` զինծառայողին տրվում է ձու շաբաթական 4 հատ: Ելնելով անհրաժեշտությունից` կարող է կատարվել ճաշատեսակների փոփոխություն` պահպանելով կառավարության նույն որոշմամբ սահմանված սննդամթերքի փոխարինման նորմաները եւ կալորիականության համապատասխան չափաբաժինը: Եղել են դեպքեր, երբ ձվի փոխարեն տրվել է այլ սննդամթերք կամ հավելյալ խտացրած կաթ»: Իսկ բանակի ձվազրկման պատճառների մասին՝ ոչ մի խոսք: