«Գրանդ Սպորտը»՝ «Գրանդ Հոլդինգի» մի մաս

«Գրանդ Սպորտը»՝ «Գրանդ Հոլդինգի» մի մաս
Երեկ Շենգավիթ համայնքում բացվել է «Գրանդ սպորտ»  մարզաառողջարարական եւ մարզաուսումնական համալիրը, որը պատկանում է «Գրանդ հոլդինգ» ընկերությանը: Համալիրում կան բոլոր պայմանները թե տարբեր սպորտաձեւերի ուսուցման, թե առողջ ապրելակերպի եւ թե հանգստի ու ժամանցի կազմակերպման համար:



Եռահարկ շինության բակում ամառային վոլեյբոլի եւ մեծ թենիսի կորտեր են: Համալիրի ստեղծման համար մոտ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում է կատարվել: Աշխատատեղերի քանակը 130 է, որի կեսը մարզչական կազմն է, մյուս կեսը՝ սպասարկող անձնակազմը, բացի այդ, մարզադահլիճներում աշխատում են միջազգային որակավորում ունեցող մարզիչներ:



FIBA-ի չափանիշներին համապատասխան բասկետբոլի դահլիճը ծառայելու է նաեւ որպես վոլեյբոլի եւ մինի ֆուտբոլի դահլիճ, այն ընձեռում է նաեւ ալպինիզմով զբաղվելու հնարավորություն: Մարզաառողջարարական համալիրում կա ուժային մարզասարքերի եւս մեկ դահլիճ, որը նախատեսված է ընտանեկան այցելությունների համար: Համալիրն ունի նաեւ մի այլ կարեւոր առավելություն՝  մարզասարքերն աշխատում են օդով եւ անաղմուկ: Գործում են երկու սքվոշ կորտեր:



150 տարվա պատմություն ունեցող այս սպորտաձեւը Հայաստանում առայժմ տարածում չունի, բայց «Գրանդ սպորտի» կողմից արտերկրից հրավիրված մասնագետների ցուցումներով կառուցվել են առաջին սքվոշ կորտերը: Իսկ բիլիարդի սրահում տեղադրված են ռուսական եւ ամերիկյան տեսակի սեղաններ: Համալիրն ունի նաեւ հրաձգարան եւ ծանրամարտի դահլիճ: 25 մետր երկարությամբ լողավազանը նախատեսված է նաեւ ակվաաէրոբիկայի համար: Հայաստանում միակ ծովափնյա վոլեյբոլի կորտը գտնվում է համալիրում, որի համար արտերկրից ներկրվել է հատուկ ծովափնյա ավազ:



Համալիրում գործում են նաեւ մի քանի բար-սրճարաններ եւ երկու առանձնացված շոգեբաղնիք՝ կանանց եւ տղամարդկանց համար: Փոքրիկ այցելուներն իրենց ժամանակը կանցկացնեն մանկական սրահում: Ծառայությունների գնային սանդղակը ներառում է երկու կատեգորիա: Մատչելի գներ կսահմանվեն ֆիքսված գրաֆիկով սպորտային խմբակների համար եւ համեմատաբար ավելի բարձր գներ՝ առանց ֆիքսված գրաֆիկի եւ անհատական մարզչով այցելուների համար: