Հակոբ Օշականին նվիրված գիտաժողով

Հակոբ Օշականին նվիրված գիտաժողով
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության, Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ երեկ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված սփյուռքահայ արձակագիր Հակոբ Օշականի գրականությանը: Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ, գրականագետներ, գրողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, որոնց թվում էին Մարկ Նշանյանը, Պողոս Սնապյանը, Գրիգոր Պըլտյանը, Ռուբինա Փիրումյանը: Գիտաժողովին ներկա էին նաեւ բազմաթիվ ուսանողներ:



«Համազգային հիմնադրամի» նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ում անմիջական աջակցությամբ էր տեղի ունենում այս գիտաժողովը, իր խոսքում նշեց. ««Արեւմտահայ գրականությունն իմ կյանքս է». այս դավանանքով էր ապրում Օշականը ու փորձում բացահայտել մեր ինքնության, կենսափիլիսոփայության ու գոյատեւումի հրաշքը:



Օշականի գրականությունը հայոց գոյության եւ ինքնության, նրա խորհրդի գեղարվեստական արտացոլումն է ու մեկնիչը. այսպիսին է նրա մասին գրականագիտական հավաքական բանաձեւումը: Համոզված եմ նաեւ, որ Օշականի ամբողջական բացահայտումն այս գիտաժողովով չի ավարտվի, որովհետեւ այն նոր հայացքի ու հունավորման խթան կդառնա բոլոր նրանց համար, ովքեր նպատակ կունենան անդրադառնալ ու գնահատել Հակոբ Օշականի երեւելի վաստակը»:



Իսկ անվանի գիտնական Մարկ Նշանյանն իր «Վկային բանասիրական մահը» խորագրով խոսքում նշում էր, որ Օշականի ամբողջ գրականությունը ստեղծված է վկայության կառույցի վրա: «Ինչպես սկսել. սա գլխավոր հարցումն էր: Օշականի պարագայում աղետն անսրբագրելի էր, նա գրում է անգրելին, փրկում անփրկելին: Նրա կառույցը սկսվում է անվերադարձ կորստով, եւ ով պիտի սրբագրեր կորուստը, եթե ոչ Օշականը: Հակոբ Օշականը մեր գրականության սկզբի վիպագիրն է»:



Այնուհետ ելույթ ունեցան գիտաժողովի մյուս մասնակիցները, որոնցից հետաքրքիր էին գրականագետ Սիրանուշ Դվոյանի, արձակագիր Հրաչյա Սարիբեկյանի զեկույցները` «Մնացորդաց վեպի եւ գիտակցության հոսքի որոշ առնչությունները» վերնագրով, որ հետաքրքիր էր իր մոտեցմամբ` համաշխարհային գրականության վիպագրության մեջ գիտակցության հոսքի ստեղծման եւ զարգացման պատմության հետ զուգահեռների անցկացումներով, համեմատելով տարբեր գրողների հետ Օշականի ոճն ու նրա բնագրում գիտակցության հոսքի առանձնահատկությունները: Ինքնատիպ էր նաեւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի մոտեցումն Օշականի գրականության վերաբերյալ:



Հակոբ Օշականի գրականությունն ընդհանրապես մնում է անճանաչելի սովորական ընթերցողների համար՝ պատճառները տարբեր են. այս գիտաժողովի հիմնական նպատակներից մեկն էր նաեւ Օշականի գրականության եւ կյանքի մասին ընդհանուր տեղեկություններ տալը, հետաքրքրվածության առաջացումը: Գիտաժողովի ընթացքում ընթերցվեցին շատ ու շատ զեկույցներ, միջանցքում ակտիվ քննարկումներ էին ծավալվել: Գիտաժողովի կազմակերպիչները հույս հայտնեցին, որ Օշականի գրականության մասին դեռ կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ եւ բաց քննարկումներ: