Անիի ավերակներ

Անիի ավերակներ
Այսօր պատահաբար անցնում էի «Անի» գրատուն- գրախանութի մոտով ու չեմ կարող ասել, թե ցնցվել էի տեսածովս, ուղղակի տխուր է, երբ աչքիդ սովոր գրախանութի փոխարեն բախվում ես կիսաթափանցիկ ցուցափեղկերից տարածվող դատարկությանը. դատարկություն, որ ոչ վաղ անցյալում լցված էր գրքերով ու հաճախորդներով՝ թեկուզ փոքրաթիվ:



Երեւի սա շարունակական է լինելու: Հերթով մյուս գրախանութները կդատարկվեն ու կվերանան: Թերեւս «մյուս» բառը մի տեսակ ծիծաղելի է հնչում, որովհետեւ էլ «մյուս» չկա. մնացել է չորս կամ երեք գրախանութ. երեքն աստվածային թիվ է՝ գուցե կանգնենք երեքի վրա, հըմ…



Կասեն` ժուկով-ժամանակով մի քաղաք կար, էդ քաղաքում՝ մի երեք գրախանութ, գրքերն էլ հոր գներին էին, էլ ո՞ւմ է պետք ավելորդ տարածք, ավելորդ գլխացավանք, էստեղ գիրքը փող չի բերում, մարդիկ բիզնես են դնում՝ տակ են տալիս, ո՞ւմ սիրուն աչքերի համար վնասով աշխատեն: Դրա փոխարեն շորի կամ մթերքի խանութ կբացեն, ու բնավ մեղադրելու էլ չէ մարդկանց: Ավելացված արժեքի հարկն ուսերին ծանրացած, հետն էլ՝ առեւտուր չկա: Մի խոսքով, էս ամեն ինչը երեւի մի հազար անգամ գրվել ու ասվել է. կրկնվելն ու բան գուժելը անիմաստ են դառնում:



Ուղղակի էսօր անցնում էի հրապարակով ու տեսա փակված «Անի» գրատունը: Կողպված դռների առջեւ ծխախոտի ֆիլտրերի կույտ էր, ներսում` հատակին, ինչ-որ թղթեր ու մետաղե պտուտակներ էին թափված ու աշխատանքային ժամերի ցուցանակը, որ հաստատ էլ ոչ ոքի պետք չէ ու էդպես ընկած կմնա, մինչեւ տարածքի հին կամ նոր տիրոջ ի հայտ գալը, ու ցուցափեղկին «Անի» գրատուն» գրվածին կփոխարինի այլ անուն, «գրախանութ» բառն էլ կմոռացվի: Բառերը շուտ են մոռացվում:



Սթափության կոչերի ցանկություն ու իմաստ  չկա, եթե հաշվենք բոլոր ահազանգերն ու կոչերը, մի քանի էջը հաստատ չի բավարարի, էլ չասած 2012-ը՝ իբր Երեւանը գրքի մայրաքաղաք են հռչակել: Ոչինչ, նոր ռեկորդ կսահմանվի աշխարհում` «գրքի մայրաքաղաք՝ առանց գրախանութների». երեւի կմտածեն, թե ինքնատիպ բան ենք մտածել: Ասա, որ քամակ չունեք գրքի քաղաք կոչվելու, ո՞ր տրամաբանությամբ եք հայտ ներկայացնում…



Եթե այսպես շարունակվի, մենք ականատես ենք լինելու նոր դեգեներատությունների շարունակական ծնելիությանը ու ցուցափեղկերին ստիպված ենք լինելու կարդալ տարօրինակ ու յուրօրինակ անուններ: Դրանից չես փախչի. մարդ ես ի վերջո՝ մեկ-մեկ դուրս ես գալիս քաղաք զբոսանքի, աչքերդ մի բանի կհանդիպեն…