Աղքատության եւ կարիքի զոհը (վիդեո)

Աղքատության եւ կարիքի զոհը (վիդեո)
Երեկ, ժամը 20։23-ին ոստիկանության Սպիտակի բաժնից Սպիտակի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ  Վանաձորյան խճուղու 4-րդ կմ-ում  Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 1984թ. ծնված Անդրանիկ Ջուլհակյանի վրա գործի ընթացքում երկաթ-բետոնե սալիկ է ընկել, եւ նա տեղում մահացել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դիակը դուրս բերելու համար։



Ահազանգն ստանալուն պես անմիջապես դեպքի վայր է մեկնել Լոռու մարզի փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Աշխատանքները ղեկավարել է Սպիտակի փրկարարական ջոկատի հրամանատար Սերոբ Գաբրիելյանը։



Դիակն անվնաս դուրս բերելու համար անհրաժեշտ էին փրկարարների հմուտ գործողություններ, ինչը եւ կատարվել է Սպիտակի հրշեջ փրկարարների կողմից, սալիկները նախ հորատող մուրճի օգնությամբ ծակվել են, այնուհետ կռունկով բարձրացվել է երկաթ-բետոնե սալիկը, որի տակից  դուրս է բերվել 27-ամյա երիտասարդի ճզմված դին։ Դեպքի վայրում են եղել նաեւ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ։



Ականատեսների, ինչպես նաեւ իրավապահների պատմելով, սա առաջին նման դեպքը չէ. նախորդը եղել է մեկ տարի առաջ, բայց, ի տարբերություն այս մեկի, այն ժամանակ ոստիկաններին հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը։



Պարզվել է, որ երկու օր առաջ՝ ապրիլի 27-ին, Անդրանիկը տնից դուրս է եկել, բայց չի վերադարձել: Հայրն էլ, տեսնելով, որ տղան տանը չի գիշերել, հաջորդ օրն սկսել է փնտրել նրան ու հիշելով, որ տղան հաճախ էր նշված տարածք գալիս երկաթ-բետոնե սալիկներ ջարդելու եւ դրանցից դուրս եկած մետաղները հանձնելու, գալիս է դեպքի վայր ու տեսնում շրջված «պանել», որի տակ եւ որդու դին ու անմիջապես զանգահարում է ոստիկանություն։ Մահացածին ճանաչողները հայտնեցին, որ Ջուլհակյանների ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է գտնվում, իսկ Անդրանիկը միշտ էլ բետոն էր ջարդում, «արմատուրա», «կատանկա» հանում ու վաճառում։