Նրա ինչին է պետք միլիոնը, եթե գիտի` ինչպես կառավարել Տիեզերքը

Նրա ինչին է պետք միլիոնը, եթե գիտի` ինչպես կառավարել Տիեզերքը
Ռուս մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, ով ապացուցել է Պուանկարեի հիպոթեզը, բացատրել է, թե ինչու է հրաժարվել մեկ միլիոնանոց մրցանակից։ "Комсомольская правда"-ն գրում է, որ լրագրողներից խուսափող գիտնականն իր պարզաբանումներն է տվել "Президент-фильм" կինոընկերության պրոդյուսերին։ Կինոընկերությունը պատրաստվում է նոր գեղարվեստական ֆիլմ նկարահանել, որը կոչվելու է «Տիեզերքի բանաձեւը»։

Սակայն ֆիլմը լինելու է ոչ թե հենց Պերելմանի, այլ համաշխարհային երեք մաթեմատիկական դպրոցների՝ ռուսական, չինական եւ ամերիկյան դպրոցների հակամարտության մասին։ Հարցին, թե ինչու է Պերելմանը հրաժարվել միլիոնից, նա այսպես է պատասխանել. «Ես գիտեմ, թե ինչպես կառավարել Տիեզերքը։ Ինչի՞ս է պետք միլիոնը»։



Գիտնականը նաեւ խոստովանել է, որ իրեն վիրավորում են մամուլում տեղ գտած նյութերն իր մասին։ Նա բացատրել է, որ չի շփվում լրագրողների հետ, քանի որ նրանց ոչ թե գիտությունն է հետաքրքրում, այլ անձնական եւ կենցաղային բնույթի հարցերը՝ սկսած պարգեւավճարից հրաժարվելուց, վերջացրած սանրվածքով։ Ռուսական ԶԼՄ-ների հետ նա չի ցանկանում շփվել նաեւ իր հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Պերելմանը երկար տարիներ է նվիրել Տիեզերքի եռաչափ տարածության հատկությունների ուսումնասիրմանը։



Գրիգորի Պերելմանը արժանացել էր Կլեյի մաթեմատիկական ինստիտուտի շնորհած «Հազարամյակի մրցանակին»` Պուանկարեի հիպոթեզի ապացուցման համար: Պուանկարեի հիպոթեզն այն յոթ առաջադրանքերի թվում է, որոնց լուծման համար ինստիտուտը մրցանակներ է շնորհում, ինչպես նաեւ՝ 1 մլն դոլար պարգեւավճար: Սակայն նրա հրաժարվել էր այդ գումարից։