Գործող քաղաքապետը պայքարում է նախկինի դեմ

Գործող քաղաքապետը պայքարում է նախկինի դեմ
Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանն ընդամենը վերջերս է իմացել, որ գործող քաղաքապետ, հանրապետական Աբրահամ Բաբայանը, իր ստորագրությունը եւ ավագանու որոշումները կեղծելով, նախ օտարել, ապա հենց ինքն ու իր մերձավոր շրջապատից գնել են Արարատի Աբովյան փողոցի վրա գտնվող մանկապարտեզի շենքը, քաղաքի միակ պատկերասրահը, քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճը, Խանջյան փողոցի ավտոտնակներին հարող մայթը եւ քաղաքի համար կարեւոր նշանակության մի քանի այլ հաստատություններ:



Մամուլում արդեն գրվել է, որ Աբրահամ Բաբայանը քաղաքապետ դառնալուց հետո, շատ կարճ ժամանակահատվածում, հասցրել էր իրենով անել քաղաքին պատկանող մի շարք հաստատություններ, բայց որ գործող քաղաքապետը դա արել է իր նախորդի ստորագրությունը կեղծելու ճանապարհով՝ նորություն է:



Ընդ որում, Հակոբ Թովմասյանն այդ մասին իմացել է քաղաքում պտտվող շշուկներից: Լսել է, բայց սկզբում չի հավատացել: Այնուհետեւ դիմել է կադաստրի Արարատի տարածքային բաժանմունք՝ վերը նշված հաստատությունների օտարման կադաստրային գործերում առկա քաղաքապետի եւ ավագանու որոշումների պատճենները ստանալու խնդրանքով:



Ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ քաղաքում պտտվող լուրերը ճիշտ են եղել: Կեղծված են ավագանու եւ քաղաքապետի որոշումներն ու Թովմասյանի ստորագրությունը:



Կեղծված որոշումները որպես հիմք օգտագործելով՝ քաղաքապետը մանկապարտեզի շենքի օտարման մասին հարց է ներկայացրել ավագանու նիստին, եւ օտարելու մասին որոշում է կայացվել՝ այն համարելով նախկին մանկապարտեզի շենք:



Ընդ որում՝ վերը նշված տարածքները քաղաքապետի որոշմամբ ու ստորագրությամբ բավականին էժան գներով վաճառվել են Աբրահամ Բաբայան անուն-ազգանունով մեկին:



Այդ անուն-ազգանունը լիովին թույլ է տալիս ենթադրել, որ գնորդը հենց ինքը՝ գործող քաղաքապետն է: Ուսումնասիրված փաստաթղթերում, ասենք, գոյություն ունի երկու 166 որոշում, սակայն բոլորովին տարբեր բովանդակությամբ: Թե ինչպես է եղել, որ նույն որոշումից երկու օրինակ կա՝ տարբեր բովանդակությամբ, հասկանալի չէ: Գուցե դա պարզեն այն իրավասու անձինք, ում դիմել է Հակոբ Թովմասյանը:



Նա Աբրահամ Բաբայանի կատարածի մասին արդեն տեղեկացրել է Սերժ Սարգսյանին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, Արթուր Բաղդասարյանին, արդարադատության նախարարին, ինչպես նաեւ ԱԺ 5 խմբակցությունների ղեկավարներին:



Հակոբ Թովմասյանը պահանջում է իրավական գնահատական տալ կատարվածին, պատժել հանցագործություն կատարած անձին եւ համայնքից խլված գույքը հետ վերադարձնել: Նշված պաշտոնյաներից  եւ խմբակցություններից, մեր տեղեկություններով, միայն «Ժառանգությունն» է արձագանքել Թովմասյանի խնդրանքին, կատարվածի մասին տեղեկացնելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, խնդրել է նշանակել ձեռագրաբանական փորձաքննություն՝ Հակոբ Թովմասյանի ստորագրության իսկությունը պարզելու համար:



Ի դեպ, այս օրերին Հակոբ Թովմասյանը պարբերաբար հրավիրվում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, եւ չի բացառվում, որ հենց այս հարցի հետ է կապված նրա նկատմամբ հետաքրքրությունը:



Երեկ եւս նա ողջ օրը ոստիկանությունում էր եւ չկարողացավ պատասխանել մեր հարցերին: Գործող քաղաքապետն իհարկե պնդում է, որ յուրացումներն ու չարաշահումները թույլ է տվել նախկինը: Շուրջ չորս տարի է անցել այն պահից, ինչ վերջինս հեռացել է պաշտոնից:



Այս ընթացքում գործող քաղաքապետի պահանջով բազմաթիվ ստուգումներ ու քննություններ են կատարվել, սակայն մեղադրանքները չեն հաստատվել: Վերջին օրերին եւս նախկին քաղաքապետը ցուցմունքներ է գրում ոստիկանությունում՝ բացատրում է, թե ինչպես է 4 տարի առաջ ծախսվել այսքան լիտր սոլյարկան, ում ստորագրությունն  է այսինչ թղթի տակ եւ այլն:



Բանն  այն է, որ Արարատի քաղաքապետի ընտրությունները մոտենում են, եւ Հակոբ Թովմասյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: