ՀԱԿ-ն ընկել է սեփական թակարդը

ՀԱԿ-ն ընկել է սեփական թակարդը
Իշխանական թեւի տեսանկյունից՝ ՀԱԿ-իշխանություն ընթացող երկխոսությունը ձեռնտու է: Հայաստանով հետաքրքրվող եվրոպական երկրների եւ ԱՄՆ ներկայացուցիչները վերջին շրջանում ցանկացած հարթակում ասում են, որ իրենք իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն են ակնկալում:



Այս իմաստով իշխանությունն իրեն շատ գրագետ է պահում՝ իր շահերի տեսանկյունից: Դրական փոքր քայլեր է անում, որոնք ՀԱԿ-ը եւս ստիպված  արձանագրում է: Մյուս կողմից, իրենց զերծ են պահում ընդվզումներից, ժողովրդի՝ փողոց դուրս գալու վտանգից, ընդհանրապես ֆորսմաժորային պահերից:



Եթե նայում ենք ՀԱԿ-ի տեսանկյունից, ապա ինքն ընկել է իր սեփական թակարդը, որովհետեւ նախկինում երբ բարձրաձայնում էին իրենց կարեւորագույն պահանջները, չգիտես ինչու, չէին քննարկում այն տարբերակը, որ իշխանությունը կսկսի քիչ-քիչ դա անելը եւ Ազատության հրապարակը կբացի:



Այսինքն, մենք ինչ-որ օղակներ օգտագործում էինք վերեւներին հասցնելու՝ որպես ի՞նչ եք այդ հրապարակը փակում եւ այլն: ՀԱԿ-ի համեմատությամբ իշխանությունն այսօր ավելի լավ իրավիճակում է: ՀԱԿ-ը հիմա չի կարող ասել՝ ոչ, այս ամենը մեզ պետք չէ, հիմա մենք ուրիշ բաներ ենք ասում, որովհետեւ ՀԱԿ-ի բարձրաձայնած կոնկրետ քայլերն են իշխանությունների կողմից իրագործվում:



Եթե ՀԱԿ-ի խաղաքարտերը դրված էին ժողովրդի, ամբոխի շատ կրքոտ արձագանքի վրա, ապա իհարկե, նա դա կկորցնի, որովհետեւ ըստ էության ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը պետք չէր: Ինչ, որ ասվեց հրապարակում, կարող էր գրվել թերթում, կայքում, էլ չասեմ, որ այդպիսի հանրահավաքների ժամանակ թղթից կարդալը շատ վատ տոն է, ժողովուրդն ուզում է ուղիղ խոսք:



Ինչ վերաբերում է հասարակության, երկրի ժողովրդավարացման տեսանկյունից, եթե հայացք ենք ձգում Արեւմուտքի երկրներին, որտեղ հասարակությունը մտել է փողոց դուրս գալու տենդի մեջ, կարող ենք արձանագրել, որ երբ կա երկխոսություն, ապա դա լավագույն տարբերակն է, երբ ռադիկալ ընդդիմության՝ ՀԱԿ-ի, որին այդպիսին եմ համարում, պարելու հրապարակը մի քիչ փոքրացել է...



Դրսի ուժերի կարծիքը, թե հիմա Հարավային Կովկասի ոչ մի երկրում այս պահին պետք չէ ոչ մի հեղափոխություն եւ ներքաղաքական սրացում, փաստորեն, ՀԱԿ-ն ի կատար է ածում: ՀԱԿ-ն ուզած-չուզած՝ դրան ականջ է դնում, իսկ իշխանությանը դա ձեռնտու է:



Դրանից ՀԱԿ-ը որոշ էլեկտորատ կկորցնի, բայց դա չի նշանակում, թե որոշ մարտավարություն սխալ է ընտրվել, պետք է վերադառնալ նախորդին: ՀԱԿ-ը պարզապես ստիպված է ընդունել այսօրվա խաղի կանոնները, որովհետեւ թե դրսից են երկխոսություն ակնկալում, թե իրենց ներուժն է դա պահանջում: Ի՞նչ են անելու, նորի՞ց «Մարտի 1»:



Հիմա ՀԱԿ-ը փորձում է լավ դեմք ընդունել վատ խաղի ժամանակ, չնայած քաղաքական հիասթափություն է ապրում:



Շուշան Խաթլամաջյան



քաղաքագետ