100 դրամանոց արտակարգ իրավիճակ

100 դրամանոց արտակարգ իրավիճակ
ՀՀԿ-ական պատգամավոր, խաղատների նկատմամբ ընդգծված «վերաբերմունք» ունեցող Վարդան Այվազյանը երեկ լրագրողների հետ «կազինո գնալու» վերաբերյալ բացատրական աշխատանքներ էր տանում:



Այվազյանի կարծիքով՝ կազինո գնալու մեջ ոչ վատ բան կա, ոչ էլ դա ամոթալի է: «Եվ ո՞վ է ասել, որ խաղատուն այցելողները պարտադիր խաղում են: Ես, օրինակ, չեմ խաղում: 4-5 անգամ եղել եմ Լաս-Վեգասում ու ոչ մի անգամ չեմ խաղացել»,-ասաց Այվազյանը, հավելելով՝ մանավանդ, որ Հայաստանում կազինոներն օրենքով թույլատրված են.



«18.9 մլրդ դրամ մենակ փող եք դուք վերցնում: Դա տեղ ա, մարդիկ են գնում, ո՞ր մեկը չի գնում, հիմա դնեմ-ասեմ... Ամոթ տեղ ա՞, է, արգելեք: Ես չեմ կարողանում հասկանամ՝ կարող ա՞ բաղնիքներն էլ փակեք»:



Օրեր առաջ մամուլում նաեւ լուր էր տպագրվել, թե ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը «Շանգրիլա» խաղատանը ծեծել է Վարդան Այվազյանին եւ նրա հետ կազինո այցելած մի քանի մարդկանց:



Այվազյանն անդրադարձավ այս հրապարակմանը՝ հոխորտալով. «Մի քիչ շատ պրիմիտիվ ա, որովհետեւ էդ պատվիրողի ականջները երկար ա երեւում, մի օր կքաշեմ՝ դեմքը լրիվ կտեսնեք»:



«Էդ ով որ գրել ա, երկու խնդիր ա փորձել՝ վիրավորել ա փորձել: Վիրավորանքի երկու տեսակ կա՝ մեկը քաղաքական, մեկը՝ տղայական: Քաղաքականը նա ա, որ պատվեր ա տված, որ ես եւ գեներալները մշտական կազինոներում ենք, եւ ինչ-որ քաղաքական խնդիր ա փորձում լուծի: Եթե դու ակտիվ ես, եթե դու քաղաքական թիմ ես ներկայացնում, բնականաբար էդ սեւ փիառը փորձում է հասնել ամբողջ էդ թիմին եւ տվյալ անձնավորությանը... Ինքը շատ պարզունակ պատվեր ա»:



Հետո ներկայացրեց հարցեր լուծելու իրեն բնորոշ տղայավարի տարբերակը. «Եթե էդ տղեն կա, ով որ գրել ա (գիտեմ ով ա պատվիրել), որոշակի առումով մեջը տղամարդկային բան կա՝ թող գա ինձ ասի, ես պատասխանեմ՝ իրա որ մի հարազատի հետ էի ես որտեղ... Էդ էլ տղայականը»:



Այսօրինակ խոսակցությունների առանցքում պարբերաբար հայտնվող Վարդան Այվազյանին առաջարկեցինք հրապարակել հերթական միջադեպի «պատվիրատուի» անունը, բայց հերթական անգամ չհամաձայնեց: Միայն լրագրողներիս հորդորեց, որ պատվեր կատարող լրագրողների չհանդուրժենք մեր շարքերում:



«Ինձ անգամ Վրաստանի դեսպանատնից են զանգում-ասում՝ պարոն Այվազյան, հո տենց բան չի՞ եղել: Արտակարգ իրավիճակ ա, 100 դրամանոց արտակարգ իրավիճակ: Մարդը կարա մարմնավաճառ լինի, բայց հոգեվաճառ չի կարա»,-ասաց Այվազյանը:



Լավ կլիներ, որ պարոն Այվազյանը հորդորեր պետական չինովնիկներին՝ «տղայական կեցվածք չդրսեւորել», մամուլի միջոցով հարցեր չլուծել ու չդառնալ պատվեր տվողներ եւ առավել եւս՝ պարտադրողներ: