Երեք տարում` երեք հայց

Երեք տարում` երեք հայց
Այս երեք անձանց լուսանկարները մեկտեղելը պատահական չէ. սրանք այն անձինք են, ովքեր «Հրապարակի» եռամյա գործունեության ընթացքում հանդես են եկել դատական հայցերով եւ պայքարել են ու պայքարում են մեր թերթի դեմ:



Նման «թշնամիներ» ունենալն առնվազն պատիվ է բերում մեր թերթին, եւ եթե չի բարձրացնում, ապա հաստատ չի նվազեցնում մեր հեղինակությունը: Սակայն ի՞նչ են շահել ու շահում այս անձինք «Հրապարակի» դեմ ծավալած ամոթալի եւ ինքնին անարդյունավետ պայքարից:



Միանգամից ասեմ, որ թերթի բերանը փակել, թերթին վնասել, նրա տպագրությունը կասեցնել ամեն պարագայում չի հաջողվելու: Նման սին հույսեր թող ոչ ոք չփայփայի: Թերթի տպագրությունն անխափան շարունակելու առնվազն 99 եղանակ կա, դրան գումարած՝ հարյուրերորդը՝ ֆորս-մաժորային տարբերակը:



Իսկ եթե այս հարցին նայենք մյուս կողմից՝ հայցվորների անձնական շահի տեսանկյունից, ապա այն ոչ միայն անարդյունավետ է, այլեւ վնասակար հենց իրենց համար:



Հրաչ Քեշիշյանի պարագայում, եթե ընթերցողը հիշում է, ուղիղ 2 տարի առաջ մեր թերթում տպագրված մի թեթեւ ժանրի, ավելի շատ՝ հումոր, քան որեւէ լուրջ տեղեկատվություն պարունակող հոդվածի («Ժը տեմ, ժը տեմ») կապակցությամբ դատական վեճը դեռ ավարտված չէ:



Ճիշտ է, ունենք երկու ատյանի՝ առաջին եւ վերաքննիչ դատարանների կողմից կայացված վճիռ, սակայն առջեւում վճռաբեկ դատաքննությունն է, գուցե նաեւ՝ Եվրադատարանը (եթե պարտվենք): Բացի այն, որ երկու տարի շարունակ գրվեց ու քննարկվեց Հրաչ Քեշիշյանի սեքսուալ կյանքը (հոդվածի առարկան տեսահոլովակն էր, որտեղ հայտնի ռեժիսորը մի կնոջ հետ սեքսով էր զբաղված), տարբեր ակնարկներ արվեցին նրա սեռական կողմնորոշման, մամուլի ու կին լրագրողների նկատմամբ չպատճառաբանված ատելության եւ այլ թեմաներով, դատական վճիռն էլ անհեթեթ է ու անհասկանալի:



Ասենք, երկու տարվա դատաքննությունից հետո դատարանը որոշել է, որ տեսահոլովակում պատկերվածը Հրաչ Քեշիշյանը չէ, ուստի մենք պետք է վճիռն ուժի մեջ մտնելուց հետո թերթում հերքենք այդ հանգամանքը: Ընդամենը:



Ընդ որում՝ դա որոշել է առանց նրա երեսն անգամ տեսնելու՝ դատելով իր ու իր ներկայացուցիչների պնդումներից: Եվս մի ի դեպ՝ այս վեճով մեր «հակառակորդին»՝ Քեշիշյանին ներկայացնում էր այսօրվա օմբուդսմենի՝ Կարեն Անդրեասյանի գրասենյակը:



Այնպես որ, մամուլի նկատմամբ պաթոլոգիկ ատելություն ոչ միայն մեր հայցվորին է բնորոշ, այլ նաեւ այսօր մամուլի ազատությունից խոսող օմբուդսմենին: Ինչ վերաբերում է դրամական պահանջին, չնայած Քեշիշյանը մեծ ախորժակ ուներ՝ մեզնից 5 մլն դրամ էր պահանջում, սակայն դատարանը բավարարել է ընդամենը 300 հազարը, որից 140 հազարը պետք է հայցվորը վճարի որպես դատական ծախսերի փոխհատուցում:



Արժե՞ր արդյոք այդ «փոքրիկ հաճույքի»՝ մի քանի տողանոց հերքման տեքստի եւ մի 500 դոլարի համար երկամյա դատական քաշքշուկ ստեղծել, դառնալ լրատվամիջոցների մատի փաթաթան, թշնամանալ մեզ հետ, ցույց տալ, որ մանրախնդիր ու մամուլի նշանակությունը չհասկացող էություն ես՝ չնայած մի ողջ կյանք հեռուստատեսությունում ես աշխատում եւ, թվում է, մամուլի աշխարհի մարդ ես:



Դեռ մենք այս ընթացքում բավական խնայել ենք ու ձեռնպահ ենք մնացել մեր թերթի էջերն իր դեմ օգտագործելու գայթակղությունից:



Անշուշտ, բավական տարբեր է տիկին Մառոզի դեպքը, ով ուղղակի ինքնապաշտպանությունից դրդված է դիմել (կամ դիմելու՝ դեռ ծանուցագիր չենք ստացել) դատարան:



Նրա մասին տպագրված լուրը, որտեղ մենք բարեխղճորեն հարցրել էինք նաեւ նրա կարծիքը եւ ամբողջությամբ զետեղել լուրի մեջ, չի կարող դատական վեճի առարկա դառնալ: Իսկ այ նրա խուլիգանական արարքը՝ երբ մեծ խումբ լրագրողների ներկայությամբ որոշակի արարքներ է իրեն թույլ տվել, կարող է եւ պետք է դառնա քրեական հետապնդման առարկա:



Միմիայն այն նկատառումից ելնելով, որ դա դաս լինի այլոց համար, եւ մարդիկ հասկանան, որ մամուլի-լրագրողների հետ նման ձեւով հարաբերվել չի կարելի: Ովքեր չեն գիտակցում մամուլի նշանակությունն այս երկրի կյանքում, պետք է պատժվեն:



Մի դեպքում այդ պատիժը կլինի քրեական պատժի տեսքով, մյուս դեպքում՝ հասարակական պարսավանքի ու մերժման: Մարգարիտա Խաչատրյանն, ի դեպ, հարցազրույց է տվել թերթերից մեկին եւ ամեն ինչ այնպես խեղաթյուրել ու շուռ տվել, որ ցանկացած լրագրող կերազեր այդքան երեւակայություն ու ցինիզմի այդքան պաշար ունենալ:



Մենք, փաստորեն, շատ բան ունենք սովորելու մեր քաղաքական-հասարակական գործիչներից. ստի, կեղծիքի, փաստերը միտումնավոր խեղաթյուրելու իմաստով նրանց ոչ ոք չի կարող գերազանցել:



Մեր մյուս հայցվորը՝ ոչ ավել, ոչ պակաս, Ռոբերտ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահը, ով իրապես պատերազմ է հայտարարել տպագիր մամուլին եւ մեկը մյուսի ետեւից դատի է տալիս թերթերին՝ իր հասցեին ցանկացած ոչ դուրեկան հրապարակման համար:



Այս ընթացքում մենք հետաքրքրվեցինք այլ երկրների պրակտիկայով եւ տեղեկացանք, որ ոչ մի երկրի նախկին ու ներկա նախագահ մամուլին դատի տալու սովորույթով աչքի չի ընկել: Ընդհանրապես՝ քաղաքական գործիչները խուսափում են լրագրողների դեմ պատերազմելուց:



Ոչ միայն նրա համար, որ ավելի դեմոկրատ երեւան, այլեւ ոչ մի հասարակություն դա չի ընդունի, չի հասկանա ու չի ների: Նման գործողություններ սկսած գործիչներն առնվազն իրենց մահախոսականն են կնքում եւ հայտարարում, որ հեռանում են ակտիվ քաղաքականությունից: Բայց սա էլ չէ խնդիրը. աշխարհի մամուլը հեղեղված է նախագահների դեմ գրված խայտառակ նյութերով: Այնպիսի ծաղրանկարներ, պամֆլետներ, մերկացուցիչ հոդվածներ ու գնահատականներ, որ հնչել են Օբամայի, Սարկոզիի, Բերլուսկոնիի, նրանց կանանց ու հարազատների հասցեին, մեր երկրում անգամ դատապարտված հանցագործների հասցեին չեն հնչում:



Ինչո՞վ է բացատրվում այս հանգամանքը: Դուք կարծում եք Սարկոզին պակա՞ս է սիրում իր կնոջը, կամ Օբաման արժանապատվություն չունի՞: Ոչ իհարկե: Պարզապես քաղաքակիրթ երկրներում հասկանում են, որ բարձր պաշտոն զբաղեցնելը, հասարակական նշանակության դեմք լինելն իր գինն ունի:



Եթե ես՝ մի փոքրիկ թերթի խմբագիրս, հասկանում եմ դա ու իմ դեմ գրված զազրելի հոդվածին, անպարկեշտ ու լկտի հայհոյանքներին չեմ պատասխանում (դատի չեմ տալիս, անգամ պատասխան հոդվածով չեմ հանդես գալիս), նրանից չէ, որ չեմ կարող, այլ հասկանում եմ, որ ես իմ համեստ, բայց հանրային դերակատարումն ունեմ եւ պետք է ունակ լինեմ նաեւ տհաճ խոսքեր, վիրավորանքներ, անգամ հայհոյանք լսելու:



Չե՞ս ուզում լսել՝ գնա ձեր տուն, աշխատիր դպրոցում, կարի ֆաբրիկայում կամ բեռնակրություն արա: Քաղաքական-հասարակական գործունեությամբ մի զբաղվիր: Ի դեպ, սա ես չեմ ասում, այլ՝ միջազգային իրավական կոնվենցիաները, մամուլի ազատությունը պաշտպանող իրավական փաստաթղթերը եւ վերջապես՝ Եվրադատարանի նախադեպերը:



Երբ դու 10 տարի երկրի նախագահի պաշտոնն ես զբաղեցրել, եւ քեզնից դժգոհ մարդկանց հսկա բանակներ կան: Երբ դու միլիարդներ ես դիզել: Երբ քո իշխանության տարիներին «Հոկտեմբերի 27» ու «Մարտի 1» է եղել, դու չես կարող խուսափել գոնե բարոյական պատասխանատվությունից եւ թերթերում քո հասցեին միայն պուպուշ բաներ կարդալ:



Իսկ վեճի առարկա հոդվածում ընդամենը լրագրողի կարծիքն է, նրա անձնական գնահատականները, որոնք ես մինչ այս հայցն ու դատական վեճը մասամբ էի կիսում: Հիմա, անկեղծ ասած, ավելի շատ եմ կիսում: Եվ դա բնական է՝ «Հրապարակի» նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձը, ով հենց այնպես՝ մեզ վնասելու համար 6 մլն դրամ է ուզում մեզնից պոկել (հենց այնպես, քանի որ իր խոսնակը հայտարարել է, թե շահելու դեպքում այդ գումարով բարեգործություն են անելու), չի կարող նման վերաբերմունքի չարժանանալ:



Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի եւ թերթերին դատի տվող մյուս անձանց նպատակը իրենց «պատիվն ու արժանապատվությունը» պաշտպանելը չէ: Ոչ էլ նրանք իրենց առաջ խնդիր են դրել՝ ստիպել, որ լրագրողները գործեն օրենքի սահմաններում, լինեն ճշգրիտ ու կոռեկտ: Նպատակը բոլորին է պարզ:



Իսկ հույսներն էլ մեր դատական համակարգի ստրկական վիճակն է՝ համոզված են, որ ոչ մի դատավոր նորմալ քննություն չի կատարելու, եւ դատարան մտած հայցն ընդդեմ թերթի ի սկզբանե կարելի է բավարարված համարել: Ինչպես իրավաբան ընկերս է ասում՝ մի քանի անուններ կան, որոնք ընկնում են «պետպատվերի տակ», դրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանն է:



Չարաշահել այս դիրքը, օգտվել դատավորների ստրկամտությունից, թերթերի անպաշտպանությունից, թերեւս բարոյական չէ (փորձում եմ հնարավորինս մեղմ ձեւակերպել միտքս): Մենք՝ այս հատուկենտ լրատվամիջոցներս, որ հազիվ ենք գոյատեւում, հասարակության սանիտարի դերն ենք ստանձնել:



Մի պահ փորձեք պատկերացնել՝ եթե փակվի, վերանա մամուլը, ի՞նչ կկատարվի այս երկրի, մեր հասարակության հետ: Լավ կլիներ, որ այս հարցերն իրենց տային նաեւ երկրիս իշխանավորներն ու գործիչները: Հարցը տային ու իրենք էլ պատասխանեին: