Ամենուր փնտրում էին «Վայրի աղջկան»` Տաթեւիկ Ղափլանյանին (վիդեո)

Ամենուր փնտրում էին «Վայրի աղջկան»` Տաթեւիկ Ղափլանյանին (վիդեո)
Շուրջ 20 տարի առաջ, հասկանալի պատճառներով, հայկական հեռուստատեսության եթերից դուրս մնաց հեռուստաթատրոնը, որն, ըստ էության, տարիներ շարունակ, շուրջ 40 տարի, կատարել էր այսօրվա սերիալային քաղաքականության դերը: Սակայն, ի տարբերություն այսօրվա անգրագետ ռեժիսորական ու օպերատորական աշխատանքներով փայլող անտաղանդ սերիալների, հեռուստաթատրոնն անդրադառնում էր դասական ու ժամանակակից ամենալուրջ ստեղծագործություններին, ուներ ընտիր գրական հիմք, բեմադրություններն իրականացնում էին տաղանդավոր ռեժիսորներ, օպերատորներ, իսկ ներկայացումներում ընդգրկվում էին ոչ թե փողոցից վարձված եւ 2-3 հազար դրամ վաստակող «դերասաններ», այլ հայ կինոյի ու թատրոնի լավագույն արտիստները:



Գրեթե չկա հայ դերասանական արվեստի վառ մի անհատականություն, ով չի նկարահանվել հեռուստաթատրոնում: Հեռուստաթատրոնն իր բումն ապրեց հատկապես ութսունական թվականներին: Կան ստեղծագործություններ, որոնք նույնիսկ տասնամյակներ հետո մնալու են պատմության մեջ` «Բարդի իմ` կարմիր գլխաշորով», «Սատանայի ջրաղացը», «Իրկուտսկյան պատմություն» եւ այլն:



80-ականներին Հայաստանը ցնցեց ռեժիսոր իրինա Օհանյանի եւ բեմադրող օպերատոր Արսեն Ասլանյանի «Վայրի աղջիկը» հեռուստաներկայացումը` Տաթեւիկ Ղափլանյանի, Արթուր Ութմազյանի, Ռաֆայել Քոթանջյանի եւ այլոց փայլուն դերակատարումներով: Ընդամենը մեկ գիշերում սիրված դերասաններ Տաթեւիկ Ղափլանյանն ու Արթուր Ութմազյանն արժանացան, այսօրվա բառապաշարով, աստղային զույգի բոլոր դափնիներին: Մարդիկ ամենուր փնտրում էին Տաթեւիկ Ղափլանյանին, ամենուր հնչում էր «Վայրի աղջկա» երաժշտությունը, բեմադրության հիմքում ընկած սիրո պատմությունը պրոյեկտվել էր դեպի դերասանները, լեգենդներ էին պատմում Տաթեւիկ Ղափլանյանի ու Արթուր Ութմազյանի սիրո մասին, հորինում էին պատմություններ` յուրաքանչյուրն իր երեւակայության ու հմտությունների չափով: Տաթեւիկ Ղափլանյանն  ութսունականների` այսօրվա մտածողությամբ սեքս սիմվոլն էր, թեպետ սիրային տեսարանների փոխարեն ընդամենը զգացմունքային ու տաղանդավոր խաղ էր: webtv.am ինտեռնետ հեռուստատեսությունը ծրագրել էր «Վայրի աղջիկը» ցուցադրել դեռեւս տարեսկզբին, բայց Տաթեւիկ Ղափլանյանի անժամանակ մահը փոխեց ծրագրերը: Ճիշտ ընկալելու, դիտումից հաճույք զգալու, ռեժիսորական ու դերասանական տաղանդները գնահատելու համար պետք է այլ էմոցիոնալ  դաշտում լինել…



Դիտել «Վայրի աղջիկը» հեռուստաներկայացումը: