Հայաստանի նախագահը ցավակցել է Բարաք Օբամային եւ Մարոկկոյի թագավորին

Հայաստանի նախագահը ցավակցել է Բարաք Օբամային եւ Մարոկկոյի թագավորին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միցայալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի հարավային նահանգներում հողմամրրիկների հետեւանքով զոհվածների եւ ավերածությունների կապակցությամբ:



«Խոր ցավով տեղեկացա ԱՄՆ-ի հարավային նահանգներում վերջերս մոլեգնող հողմամրրիկների արդյունքում ավելի քան 300 զոհերի եւ ավերածությունների մասին:



Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների ընտանիքներին: Այս ծանր պահին կիսելով Ձեր վիշտը՝ մաղթում եմ համբերություն եւ ոգու տոկունություն»,- ասված է հեռագրում:



ԱՄՆ-ում մոլեգնած փոթորիկն ամենաուժգինն էր 1932թ.-ից ի վեր: Տարերքի հարվածը ստացել են Ալաբամա, Միսիսիփի,  Թեննեսի, Ջորջիա, Վիրջինիա եւ Քենթուքի նահանգները: Վերջին տվյալներով, զոհվել է մոտ 350 մարդ:



Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նաեւ Նորին արքայական մեծություն Մարոկկոյի թագավոր Մուհամմադ 6-րդին՝ Մարակեշում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:



«Ձերդ Արքայական Մեծություն,



Խորապես ցնցված եմ Մարակեշում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։

Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի ժամանակակից աշխարհում ահաբեկչությունն ու դրա բոլոր դրսեւորումներն արմատախիլ անելու համար:

Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Մարոկկոյի ժողովրդին եւ զոհվածների հարազատներին, մեր զորակցությունը հայտնում Ձեզ հանցագործների բացահայտման եւ արժանի պատժի ենթարկելու գործում»,- ասված է հեռագրում: