Ձեր վարքին աշեք

Ձեր վարքին աշեք
Ապրիլի 29-ին մենք լուր էինք տպագրել այն մասին, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գրագրության նոր ոճ է սահմանել իր ղեկավարած կառույցում՝ հրահանգել է «հարգելի պարոն կամ տիկին» ձեւով դիմել միայն նախարարի ռանգ ունեցողներին, բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «մեծարգո» ձեւով, իսկ մնացած շարքային անձանց՝ անուն-ազգանուններով:



Եվ քանի որ էլեկտրոնային կայքերի մեծ մասը զբաղված է մեր տպագրած տեղեկությունների հերքմամբ կամ արտատպմամբ, մենք սպասում էինք, որ իրեն մատչելի որեւէ կայքում գյուղնախարարի մամուլի ծառայությունը հերքում կտարածի:



Զարմանալի էր միայն, որ դա արվեց 4-5 օր ուշացումով. երեկ slaq.am-ում կարդում ենք, որ մեր լուրը «ապատեղեկատվություն է», «բացարձակ կապ չունի իրականության հետ»:



Լուրն, ի ցավ Մենուա Հարությունյանի եւ slaq.am-ի, իրական է՝ գյուղնախարարը իր ձեռքով մի շարք գրությունների վրա ուղղել է դիմելաձեւերը, ապա հրահանգել՝ առաջնորդվել իր նշումների տրամաբանությամբ: Այդ գրությունները գտնվում են գյուղնախարարության արձանագրային բաժնում, ցանկության դեպքում սույն կայքի ներկայացուցիչները կարող են ծանոթանալ դրանց:



Կարծում ենք՝ Սերգո Կարապետյանը սիրահոժար թույլ կտա, որ իր հետ համագործակցող լրագրողները ծանոթանան իր ձեռքով արված գրություններին: Եթե հարկ լինի, կարող ենք օգնել նրանց:



Այո, նախարար աշխատելը, հատկապես՝ սխալներ թույլ չտալը բարդ է, եւ ամեն մեկին չի հաջողվում կիքսեր չանել: Բայց երբ դու հանրային դիրք ես զբաղեցնում, պետք է աշխատես վրիպումներ որքան հնարավոր է քիչ թույլ տալ: Ինչպես տեսնում եք՝ Սերգո Կարապետյանին եւ ընդհանրապես՝ այսօրվա կառավարության անդամներին դա չի հաջողվում: