Նախաձեռնողը ԱՄՆ-ն չէ՞

Նախաձեռնողը ԱՄՆ-ն չէ՞
Ապրիլի 30-ից մայիսի 1-ը Ծաղկաձորում կայացավ մարդու իրավունքներին նվիրված «Մամուլի ազատություն» խորագրով ֆորումը, որը կազմակերպել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակների աջակցությամբ: Այն նվիրված էր Մամուլի ազատության միջազգային օրվան՝ մայիսի 3-ին:



Ծաղկաձորում շաբաթ-կիրակի անցկացված «Մամուլի ազատություն» ֆորումի ժամանակ, որին մասնակցում էին նաեւ արեւմտյան պետությունների որոշ դեսպաններ, մեր թղթակիցն ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին հարց է ուղղել, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ Հայաստանում ընդդիմություն-իշխանություն երկխոսության նախաձեռնողը Արեւմուտքն է՝ մասնավորապես ԱՄՆ-ն:



«Ոչ»,-կտրուկ պատասխանել է դեսպանը՝ չցանկանալով շարունակել երկխոսությունը, այն դեպքում, երբ մամուլում խոսք է գնում անգամ երկխոսության բանագնացների մասին, նշվում են կոնկրետ անուններ: Դեսպան Յովանովիչը, բացասական պատասխան տալուց հետո ընդհատելով մեր թղթակցի հետ զրույցը, ասել է՝ հարցերը գրավոր ուղարկեք դեսպանատան լրատվականին:



Ի դեպ, երեկ ԱՄՆ դեսպանի տան մոտ, որը գտնվում է «Բլուր» թաղամասում, կայանված էին ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների եւ ՀՀ պաշտոնյաների, ղեկավարների մեքենաներ: Թերեւս ԱՄՆ դեսպանի տանը նշում էին Բեն Լադենի մահը: