Դիմեք հանձնաժողովին

Դիմեք հանձնաժողովին
Ցավով կարդացի Ձեր թերթի 75-րդ համարում տպագրված «Հաշմանդամի մտորումները» ստահոդ մատնագիրը: Հեղինակը բժիշկ է՝ Ս. Մալաքյան, որ երկար տարիներ աշխատել է նաեւ Բժշկական սոցիալ-փորձագիտական համակարգում: Նա միտումնավոր փոխել է իմ հոդվածի վերնագիրը, որ եղել է՝ «Հանձնաժողովն ամենակարող չէ»:



Նա գրում է «Հանձնաժողովն ամենակարող է» վերնագրով, որ կուզե ասել, թե ԲՍՓՀ-ն ինչ ուզենա՝ կանի, քանի որ ամենակարող է: «Ձեռքի հետ» շոշափելով կոռուպցիայի եւ բյուրոկրատիայի թեման, նամակագիրն անցնում է իր «ցավին», աղավաղելով փաստերն ու իրականությունը: Ի տարբերություն իրեն, ես չեմ կասկածում բժշկի իր դիպլոմի իսկությանը, սակայն կասկածում եմ նրա բժշկական գիտելիքների լիարժեքությանը:



Այլապես, լինելով բժիշկ, նաեւ նախկին փորձագետ, նա պետք է իմանար, որ 2011 թվականին մարդուն հաշմանդամության խումբ չի կարող սահմանվել 2009 թվի մեկ ռենտգեն եզրակացության հիման վրա, քանի որ 2 տարվա ընթացքում կոնկրետ իր ազդոսկրի կոտրվածքը կարող էր սերտաճել եւ չսերտաճել, այլ բարդություններ առաջացնել, ի վերջո կարող էր կատարել...



ՕՍ-եղանակով կամ էնդոպրոթեզավորման միջոցով վիրահատություն եւ բուժում: Հաշմանդամությունը սահմանվում է ներկայացված տվյալ ժամանակի եւ հայերեն լեզվով փաստաթղթերի ու հիվանդի օբյեկտիվ քննության հիման վրա՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն:



Հետեւաբար բժիշկ Ս. Մալաքյան, Դուք պարտավոր եք հանձնաժողովին ներկայացնել բժշկական փաստաթղթեր Ձեր ներկա վիճակի վերաբերյալ եւ դիմում՝ ստորագրված եւ գրված Ձեր կողմից կամ Ձեր լիազորած անձի կողմից՝ հայերեն լեզվով: Այդ մասին Ձեզ տեղյակ է պահվել հեռախոսազրույցի ժամանակ եւ գրավոր ձեւով՝ ի պատասխան Ձեր մասնավոր նամակ-դիմումի:



Չի կարելի, բժիշկ լինելով հանդերձ, զբաղվել զրպարտությամբ, մտացածին եզրակացություններ անել, փաստերն աղավաղել եւ վերջապես չարախոսել ու անիծել ուրիշներին, մանավանդ՝ երբ չեք ճանաչում եւ չեք առնչվել նրանց հետ: Ամոթ է:  Յուրաքանչյուրը կյանքում հասնում է նրան, ինչին արժանի է: Վերջում Ձեզ խորհուրդ եմ տալիս, նաեւ որպես կոլեգա՝ թողնել Ձեր հին գործելաոճը եւ օրինական ձեւով դիմել Երեւանի թիվ 2 ԲՍՓՀ, որ, հավատացնում եմ Ձեզ, կկայացվի օբյեկտիվ եւ ճիշտ որոշում, ինչպես մյուսների հանդեպ:



Վիկտոր Բաբասյան



Երեւանի թիվ 2 ԲՍՓՀ նախագահ