Մամուլ առանց կառավարության

Մամուլ առանց կառավարության
Ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին Ծաղկաձորում Հայաստանի լրատվամիջոցների խնդիրներին նվիրված մի ֆորում էր, որի բացման հատվածի ներկայացուցչական կազմը տպավորիչ էր: Ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ԵԱՀԿ գրասենյակի տնօրենը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Միացյալ Թագավորության դեսպանը, Գերմանիայի դեսպանը եւ այլոք:



Ֆորումը կազմակերպված էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից, եւ դիվանագիտական կորպուսի նման ներկայացվածությունը, որ ՀՀ ԱԳՆ պատերից դուրս դժվար թե մեկ այլ հաստատությունում կարելի էր պատկերացնել, ըստ իս՝ երկու մեսիջ էր կրում իր մեջ:



Նախ Հայաստանի իշխանություններին միանգամայն ըմբռնելի դարձնել, որ մամուլի հանդեպ ոտնձգություններն անընդունելի են: Հենց բացման խոսքում եւ ԵԱՀԿ գրասենյակի տնօրենը, եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսեցին շատ որոշակի եւ շատ խիստ: Մասնավորապես տիկին Յովանովիչն ասաց. «Խոսքի ազատությունն է անկյունաքարը մյուս մարդկային իրավունքների եւ ազատությունների:



Միայն դրա վրա կարող է հենվել ձեր երկրի ապագա ժողովրդավարությունը կամ բարեկեցությունը: Ես ցանկանում եմ մեջբերել այն, ինչ ասել է իմ հերոսներից մեկը, որ ԱՄՆ նախագահ էր: Նա ասել է. «Եթե ընտրելու լինենք կառավարություն առանց մամուլի, թե մամուլ առանց կառավարության, մենք կընտրենք մամուլը առանց կառավարության»:



Երկրորդ մեսիջը, որ ինքնաբերաբար արտածվում էր դեսպանների նման ներկայությունից, ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանին ցուցաբերվող  զորակցություն է: Դա որքան էական եւ պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող պետք է լինի Կարեն Անդրեասյանի համար:



Մի ժամանակամիջոցում, երբ մամուլի դեմ իրավաբանորեն հիմնազուրկ արշավներն ու ֆինանսական ճնշամիջոցները ստվերի մեջ են թողել երկրի բոլոր մյուս խնդիրները` առնվազն դիվանագիտական կորպուսի աչքում, դա իսկապես փորձություն է:



Գուցե ինչ-որ չափով էլ ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքի նոր փոփոխությունները, ոլորտի կարգավորումն է հետաքրքրության առարկա, բայց քանի որ այդտեղ բոլոր փոփոխությունները կյանքի են կոչվելու միայն 2015-ին, ներկա պահին հիմնական ուշադրությունը բեւեռված է մամուլին: Եվ առաջիններից մեկը հենց «Հրապարակ» թերթի շուրջ զարգացող իրադարձություններին:



Իհարկե, եթե մեզանից առաջ դատական խնդիրներ ունեցած թերթերն իրավական ճանապարհով գնային մինչեւ վերջ եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածով երաշխավորված անկապտելի իրավունքը Հայաստանում վտանգվելու ու ոտնահարվելու իրողությունը դարձնեին ՀՀ Սահմանադրական դատարանի քննության առարկա, վաղուց խնդիրը կարգավորված կլիներ: Դժվար թե աշխարհի որեւէ սահմանադրական դատարան թույլ տա, որ ինչ-որ օրենքներ, դրանց սողանցքներ ու լուսանցքներ մարդու անկապտելի իրավունք վտանգեն, որ հետո էլ դատական կիրառության արդյունքում վերածվի իրավունքի ոտնահարման:



Ուրախալի էր երեկ լսել, որ ՀՀ փաստաբանական պալատից են վերջապես նախաձեռնություն ցուցաբերել ԱԺ եւ ՍԴ դիմելու: Ով էլ քիչ թե շատ մտածելու ունակություն ունենա, կգիտակցի, որ մարդու հիմնարար իրավունքի ոտնահարումն օրենսդրական դաշտում պետք է կանխվի հենց Սահմանադրական դատարանում:



Այս առումով ֆորումում ծիծաղաշարժ էր տեսնել տասնամյակներ շարունակ դրամաշնորհներ փոշիացրած եւ լրագրությանը լավագույն դեպքում մոնիտորինգի մակարդակում առնչվող ՀԿ ֆիգուրների, որոնք՝ չգիտես երկչոտությունից, թե իրավական գրագիտությունից, թե նոր դրամաշնորհների համար հող որոնելով, դաշտում ծագած խնդրի իրավական կարգավորման մասին մտածելու փոխարեն, նախաձեռնություն են ցուցաբերում դատական ատյաններում գտնվող վեճերը հասարակական ազդեցությամբ կարգավորելու:



Ընդ որում՝ գիտակցական այն մակարդակի վրա են գտնվում, որ  հայտարարում են, թե իրենք կմիջամտեն դատական գործերի` իրենց անունից ինչ-որ թղթեր ուղարկելով դատարան, երբ ներկա դրությամբ անգամ «Զանգվածային լրատվության մասին» օրենքն է մի կողմ դրվում Քաղօր. 1087.1 հոդվածի պատճառով: Ավելին, ասում են իրենք հաստատակամ են դատական գործին միջամտել իրենց ուղարկած թղթերով, նույնիսկ այն դեպքում, երբ գործի ոչ մի կողմը, ոչ էլ դատավորը իրենց չդիմեն:



Ֆանտաստիկա: Հետաքրքիր է միայն, թե նման հավակնություններն ինչպես պետք է արդարադատության նախարարությունում գրանցեն, որպես իրենց կազմակերպության կանոնադրական  կետ: Եթե կարողացան գրանցել, այն ժամանակ կրկին կանդրադառնանք սույն խնդրին: