Ինքնասպանություններն աճում են

Ինքնասպանություններն աճում են
Ինքնասպանության մասին ամեն մեկս յուրովի է մտորում: Ինչպես յուրովի կարծիք ունենք ինքնասպանություն գործածների վերաբերյալ, այդպես էլ ենթադրություններ ենք անում դրանց դրդապատճառների շուրջ: Հատկապես, որ Հայաստանում տարեցտարի աճում է այդ ծանր երեւույթը: Միայն անցյալ շաբաթ ինքնասպանության չորս դեպք է արձանագրվել, որից երեքն ավարտվել է մահվան ելքով:



Վերջինը կիրակի օրն է կատարվել՝ Գառնի գյուղում. 80-ամյա կինը նետվել է կամրջից:



Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տվյալների, 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում արձանագրվել է 592 փորձ, որոնցից 225-ն ինքնասպանության կայացած դեպքեր են: Այս ցուցանիշը 2009թ. դեպքերի համեմատ՝ 498 փորձ եւ 197 մահ, աճել է 18.9 տոկոսով:



Ինքնասպանության դեպքերի մոտ կեսը 30-65 տարեկաններն են, իսկ 28 տոկոսը՝ 65 եւ բարձր տարիքի անձինք: Սակայն ինքնասպանության փորձերի դեպքում պատկերն այլ է, 30-65 տարեկանները 49.9 տոկոսն են կազմում, երիտասարդները՝ 18-29 տարեկան, 39.0 տոկոս: Ինքնասպանություն գործածների եւ փորձ կատարածների 57.3 տոկոսը գործազուրկներ են, իսկ 17.7 տոկոսը՝ թոշակառուներ:



Դատելով այս ցուցանիշներից, կարելի է ենթադրել, որ Հայաստանում ինքնասպանությունները հիմնականում սոցիալական բնույթ են կրում, այսինքն՝ այդ քայլին են դիմում սոցիալապես խոցելի խավերը: Դրանց գերակշիռ մասն արական սեռի են, իսկ մեր երկրում ընտանիքի մատակարարի բեռն առավելապես տղամարդկանց ուսերին է ծանրացած:



«Կյանքի ամենակարեւոր հարցն է դրված ինքնասպանի առջեւ՝ լինել, թե չլինել: Մարդկանց 80 տոկոսը կյանքի տարբեր հանգամանքներում նման մտքեր ունենում է: Այդպիսի մտքեր սկսում են ծագել հատկապես դեռահասության տարիքում, երբ սրվում է ինքնության զգացողությունը՝ ո՞վ եմ ես: Եվ ինքնասպանություններ հիմնականում կատարում են 15-25 տարեկան միջակայքում:



Ըստ ամերիկյան հետազոտողների՝ ամեն րոպե աշխարհում ինչ-որ մեկն ինքնասպանության փորձ է կատարում: Միայն Ամերիկայում տարեկան ինքնասպանություն է գործում 25-26 հազար մարդ, իսկ ավարտին չհասած փորձերը մի քանի անգամ շատ են: Բացի այդ, շատ ինքնասպանություններ դժբախտ պատահարի տեսքով են ներկայանում, եւ դժվար է որոշել՝ դիտավորություն էր, թե պատահականություն: Եվ ինքնասպանության վիճակագրությունը շատ վիճելի է համարվում, այսինքն՝ ավելի շատ են ինքնասպանություններ լինում, քան ֆիքսվում են»,- տեղեկացնում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:



Սոցիալական խարան է համարվում ինքնասպանությունը եւ ցավալի է երկու տեսակետից. առաջին՝ հոգեկան խորը տվայտանքների ու անելանելի վիճակում գտնվողն է ինքնասպանություն գործում, երկրորդ՝ հարազատները, որ բախվում են այդ փաստին, նրանց տառապանքները մի քանի անգամ ավելի ծանր են, քան սովորական մահվան դեպքում է լինում: Կարծիքներ կան, որ ինքնասպանության դիմողները հոգեպես առողջ վիճակում չեն գտնվում, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ բնավ էլ այդպես չէ:



Հոգեպես եւ ֆիզիկապես շատ առողջ մարդիկ դիմում են այդ քայլին: Դեպրեսիայի եւ հոգեկան այլ տկարությունների մեջ գտնվող ինքնասպանների տոկոսն այնքան էլ մեծ չէ: Նրանք այդ մասին մտածում են, բայց ոչ բոլորն են իրագործում: «Հայաստանում կատարվող ինքնասպանությունների մասին, ցավոք, հետազոտություններ ու հստակ տվյալներ չունեմ, սակայն կարող եմ մի օրինաչափություն ասել, որը վերաբերում է նաեւ Հայաստանին:



Տնտեսական դեպրեսիաների պայմաններում ինքնասպանությունների թիվը մեծանում է ոչ միայն աղքատների, նաեւ ունեւորների միջավայրում: Հիմա, երբ մեր երկրում աճ է նկատվում հատկապես արական սեռի, այստեղ, իհարկե, տնտեսական գործոնը դեր խաղում է»,- շարունակում է տիկին Նալչաջյանը:



Շատ կարեւոր է կողքի մարդկանց ուշադրությունը, դեպրեսիայի մեջ գտնվողին սփոփվելու, կառչելու հնարավորություն է անհրաժեշտ, պատահական չէ, որ պատերազմների ժամանակ ինքնասպանությունների թիվը կտրուկ նվազում է, մահը վանելու եւ կյանքից կառչելու զգացողությունն է մարդու մեջ գերիշխում: Բացի այդ, մարդիկ վեհ ու անանձնական գաղափարներով են տարված լինում, եւ անձնական խնդիրները երկրորդական են դառնում:



«Հնարավոր է կանխազգալ եւ նրբորեն ետ պահել մարդուն ինքնասպանությունից: Ամեն չորրորդն անհաջող փորձից հետո կրկնում է: Ճիշտ հոգեբանական աշխատանք տանելու դեպքում պատկերացրեք, թե քանի մարդ կարելի է փրկել: Բողոքի ճիչ է ինքնասպանության փորձը, կամ՝ ուշադրություն դարձրու ինձ վրա, ես տառապում եմ: Դեռահասները հիմնականում ծնողներին ցավ պատճառելու համար են այդ քայլին դիմում, երիտասարդները՝ մերժված սիրուց վրեժ լուծելու համար: Շատ դեպքերում տեսնում ենք, որ ինքնասպանության փորձն այնպիսի ձեւով է արված, որ դեպի փրկություն, այնուամենայնիվ, ինչ-որ ճանապարհ թողել է: Մարդու կյանքի մեջ մշտապես գործում են ինքնակործան էլեմենտներ՝ կախվածությունը ծխախոտից, խմիչքից եւ այլն. սա ինքնասպանության դանդաղ ձեւն է: Անտարբերությունը կարող է խորացնել այդ վիճակը, քանի որ բոլորիս մեջ քնած է ինքնասպանը»,- կարծում է Նալչաջյանը:



Ֆելիքս Եղիազարյան