Անազատ մամուլի ազատության ժամանակը

Անազատ մամուլի ազատության ժամանակը
Մայիսի 3-ին ընդառաջ՝ Մամուլի համաշխարհային օրվա կապակցությամբ երեկ Ժուռնալիստների տանը տեղի ունեցավ «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակի հանձնման արարողությունը, որին այս տարի արժանացավ «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման եւ մասնագիտական խիզախության համար:



Մրցանակաբաշխությունը 2006-ից կազմակերպում են Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուս Հայաստան» հասարակական կազմակերպությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: Մրցանակը ստանալիս Էդիկ Բաղդասարյանը կոչ արեց բոլոր ԶԼՄ-ներին միավորվել եւ խոսքի ազատության համար հավասար պատասխանատվություն կրել.



«Բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ հեռուստատեսությունում հաղորդաշարեր են փակվում, ինչո՞ւ չեն ըմբոստանում, միանգամից մենք իրենց թիկունքին կկանգնենք: Դու պիտի խոսես-ընդդիմանաս, որ այդ ճշմարտությունը հայտնի դառնա, իսկ հեռուստաընկերությունները միշտ մի կարծիք են ներկայացնում՝ չթողնելով նույնիսկ ընդդիմանաս: Ազատության ժամանակը երբեք չի գալիս, դու պետք է վերցնես այդ ազատությունը եւ օգտագործես նրա հնարավորությունները»:



Խոսելով «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» օրենքի ապաքրեականացման մասին՝ Է. Բաղդասարյանը նշեց. «Այդ բոլոր դատի տվողները, այսպես ասած, «տղայական» կերպարներ են, իսկ «տղայական» դաշտում քո նպատակը դիմացինիդ «սխալ հանելն է», որ քեզանից ներողություն խնդրի, բայց իրանք ուզում են ոչ թե սխալ հանեն, այլ փողով պատժեն լրատվամիջոցներին: Ու քանի որ մեզ մոտ չկա անկախ դատական մարմին, ցանկացած դեպքում այդ վճիռը քաղաքական որոշում է լինելու»:



Բազմիցս գրվել է այն մասին, որ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը՝ փոխանակ աջակցի մամուլին, պայքարում է նրա դեմ եւ մեղադրում է մեզ՝ լրագրողներիս, ովքեր իրենք են առիթներ ստեղծում, որպեսզի իրենց հետ վեճերը լուծեն դատարանում. «Ես զարմանում եմ, որ մեր լրատվամիջոցները չեն օգտվում այնպիսի հզոր մեխանիզմից, ինչպիսին ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմի դիտորդ մարմինն է, որը կարող է ամեն մի բողոք անկողմնակալ քննարկել եւ ստիպել այդ լրատվամիջոցին, որը ստորագրել է այդ կանոնագիրը, իր իսկ թերթում տպելու հերքում»:



Բանն այն է, որ այդ դիտորդ մարմնի կազմում է նաեւ ինքը՝ Աստղիկ Գեւորգյանը, ով փաստորեն, «դատելու» է մեզ, այն պարագայում, որ նրա գրած հոդվածները երբեւէ ոչ ոք չի կարդացել: Աստղիկ Գեւորգյանն անհանգստացած է մարդկանց բարի համբավն անվանարկելու հանգամանքով, սակայն, չգիտես ինչու, անհանգստացած չէ մամուլի ազատության սահմանափակությամբ, հասարակության՝ տեղեկացված չլինելու հանգամանքով, երկրի դատական համակարգի հեղինակազրկմամբ եւ վերջապես՝ իրենց գործելակերպով հավատ չներշնչող քաղաքական գործիչների գոյությամբ:



Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ մամուլը, որպես անկախ ինստիտուտ, նաեւ սոցիալական վերահսկման մարմին է իշխանությունների գործունեության վրա. «Շատ կարեւոր է, որ մեզանում ազատ խոսքը զարգացում ապրի, լրատվամիջոցները գործեն անկաշկանդ, եւ բարենպաստ պայմաններ ստեղծվեն դրանց ազատ գործունեության համար: Այստեղ շատ կարեւորում եմ պետության դերը, որովհետեւ օրենսդրական բարեփոխումները հենց պետությունը պետք է անի»:



Նա նշեց, որ լրագրողական համայնքն ուժ է միայն այն ժամանակ, երբ միասնական է, բայց «ցավոք, հիմա լրատվական եւ լրագրողական համայնքը պառակտված է»: Վերջին 10-12 դատական հայցերը նա գնահատեց որպես արշավ մամուլի դեմ, նկատելով, որ կոնկրետ միտում է տեսնում, եւ դատական ատյաններն օգտագործվում են որպես գործիք մամուլի դեմ. «Ես նկատում եմ, որ հատկապես քաղաքական ատյաններն անհանդուրժող են քննադատական խոսքի նկատմամբ եւ փորձում են հաշվեհարդար տեսնել լրագրողների եւ լրատվամիջոցների հետ»:



Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե այս անազատ ժամանակներում, երբ սահմանափակում են լրագրողի, լրատվամիջոցի խոսքի ազատությունը, անհեթեթ չէ՞ «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակ շնորհել: Մասամբ համաձայնելով մեր դիտարկման հետ՝ նա նշեց, որ այնուամենայնիվ կան լրատվամիջոցներ, լրագրողներ, որոնք, հաղթահարելով այդ դժվարությունները, ինչ-որ հաջողությունների են հասնում: Բայցեւայնպես նա համաձայնեց եւ առանձնակի ընդգծեց այն հանգամանքը, որ երբ քաղաքական իրավիճակը սրվում է, ավելանում են նաեւ լրատվամիջոցների դեմ ճնշումներն ու ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ.



«Ես կուզեի սխալվել, բայց գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ չեմ բացառում նաեւ, որ դատական հայցերից բացի՝ այլ տիպի ճնշումներ էլ ավելանան»: