Քրգործ է հարուցվել գյուղնախարարությանը 340 հազար դոլար «քցելու» համար

Քրգործ է հարուցվել գյուղնախարարությանը 340 հազար դոլար «քցելու» համար
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից տեղեկացնում են, որ հարուցվել է քրեական գործ` առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու, խարդախություն, յուրացում կատարելու եւ պաշտոնեական անփութության դեպքի առթիվ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակ»  պետական հիմնարկի տնօրենի գրության հիման վրա նախապատրաստված նյութերը ուսումնասիրման արդյունքում:







Առանձնապես խոշոր չափերի գումարների յուրացումների երկու դեպքերը տեղի են ունեցել 2006-07թթ, «Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեւան եւ Կոթի համայնքների հողերի ոռոգում» կապալի պայմանագրով նախատեսված ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնելու ընթացքում: Բայց եթե մի դեպքում յուրացվել է մոտ 53 հազար դոլար (յուրացվել է «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ կողմից), ապա մյուս դեպքում յուրացվել է ավելի քան 340 հազար դոլար («Էջմիածնի ջրշին» ՍՊԸ կողմից):



Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: