Սոթքն ընդդեմ պատգամավորի

Սոթքն ընդդեմ պատգամավորի
Մեր խմբագրությունը նամակ է ստացել Սոթք գյուղի մի բնակչից, որով վերջինս դիմել է Վարդենիսի տարածաշրջանի բնակիչներին՝ իր բողոքը հայտնելով ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության ղեկավար Սպարտակ Մելիքյանի՝ մարզում ծավալած գործունեության դեմ:



«Ճիշտ է՝ արտագաղթը համապետական բնույթ է կրում, սակայն այստեղ պատկերն ուրիշ է, ամեն ինչ տեղի է ունենում ավելի արագ եւ ավերիչ ձեւով. մարդիկ մեկնում են՝ այրելով հետդարձի կամուրջները»,-նամակում գրում է գյուղի ներկայացուցիչը՝ շարունակելով.



«Համատարած շարունակում են քանդել տները կամ տերերի կողմից, կամ՝ գյուղապետերի: Ոչ մի դարաշրջանում եւ ոչ մի պետություն այդպիսի բան չի տեսել, որ առանց պատերազմի մարդը քանդի իր իսկ տունը, որպես շինանյութ կամ վառելափայտ ծախի, տոմս գնի ու ընդմիշտ հեռանա հայրենիքից անվերադարձ: Այս ամենը ձեռնտու է մի քանիսի` իրենց տեղը լայնացնելու համար: Իբր այս ամենը քիչ էր՝ արդեն մի քանի տարի է, որ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանն իր հաստավիզ թիկնապահների ու տեղի մի քանի համախոհների հետ կեղտոտ գործընթաց է սկսել մեր այս հուսահատ, ամենքի կողմից անտարբերության մատնված բնակչության դեմ: Նա ԺԱԿ կուսակցության նախագահն է, բայց ժողովրդի առջեւ ներկայանում է որպես փախստականների հովանավոր, որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, իբրեւ նախագահի կողմից ուղարկված մարդ, խոսում է նախագահի անունից, քաղաքականացնում է ամեն ինչ, փորձում է բնակչությանը գրավել իր կողմը՝ մի մասին կաշառելով, մի մասին ահաբեկելով, մի մասին սուտ խոստումներով: ...Եկեք փորձենք գնահատել Սպարտակ Մելիքյանի գործունեության արդյունքները: Վարդենիսում եւ գյուղերում նրա միջամտությամբ «նշանակված» չինովնիկները եւ գյուղապետերն իրենց զգում են բարձր հովանավորության ներքո եւ ավելի լկտի ու անկաշկանդ են գործում, թալանում բնակչությանը, չունեն վախենալու առիթ, ունեն հովանավոր, որպես ապացույց` Սոթք գյուղի նախկին գյուղապետը, առանց իր արարքների համար պատժվելու, շարունակում է իր սեւ գործը»:



Նամակի առիթով մի քանի հարց ուղղեցինք պատգամավոր Սպարտակ Մելիքյանին:



- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ ներկայացված  մեղադրանքները:



- Ապօրինի նամակ ա: Ես ոչ էնտեղ հողատարածք եմ ուզում, ոչ էլ տուն եմ ուզում: Ես որեւէ բիզնես ոչ Սոթքում, ոչ Վարդենիսում, ոչ էլ ընդհանրապես գյուղերում բիզնես զարգացնելու ցանկություն չունեմ: Ես բիզնեսով չեմ զբաղվում, ես քաղաքականությունով եմ զբաղվում:



- Այդ դեպքում ինչո՞ւ են նման նամակ ուղարկել խմբագրություն:



- Ինչո՞ւ՝ որովհետեւ մի քանի հոգու դուր չի գալիս, երբ որ ես պայքարում եմ նրա դեմ, որ գյուղի ոչ բնակիչները, ովքեր գալիս են գրանցվում, ամեն մեկն իրա համար բերում՝ 50 հոգի էլ գրանցում է, հետո գալիս են ոչ գյուղի գյուղացիներն ու գյուղապետ ընտրում-գնում՝ խեղճ գյուղացիներին գցում կրակի մեջ: Այ դրա դեմ եմ պայքարում: Ինձ համար ի՞նչ կապ ունի, թե գյուղապետը տեղացի ա, թե փախստական ա: Փախստականներով վերաբնակեցված գյուղեր են: Ես ցանկություն ունեմ, որ գյուղապետը լինի գյուղի բնակիչներից ու գյուղի բնակիչների հոգսերը հոգա՝ ուրիշ ոչ մի խնդիր չունեմ: Եթե այդքան կուլտուրական, գրագետ գրած նամակ եք ստանում գյուղացուց, չե՞ք հասկանում, որ դա ինչ-որ մեկը գրել ա գյուղացու անունով, ուղարկել ա: Նախկին գյուղապետն ու հիմիկվա գյուղապետն իրար հետ հարցեր ունեն լուծելու՝ թող լուծեն:



- Իսկ ինչո՞ւ է Ձեր անունը շոշափվում:



- Որովհետեւ ես էդ գյուղերում շատ հաճախակի լինում եմ: Ես տեղյակ եմ, թե որ գյուղում ինչ ա կատարվում, եւ եթե որտեղ որ գյուղապետն անգամ փախստական է, բայց իրան կոռեկտ չի պահում կամ գյուղի չնչին գումարներն էլ վատնում ա կամ յուրացնում ա, պայքարում եմ դրա դեմ:



- Փաստորեն, պատժիչ մարմին եք այդ գյուղերում:



- Ոչ, պատժիչ մարմին ես ո՞նց կարամ հանդես գամ: Գյուղացիք են դիմում:



- Դուք այդ տարածքի պատգամավո՞ր եք:



- Ոչ:



- Այդ դեպքում ինչո՞ւ եք միջամտում Վարդենիսի գյուղերի գործերին:



- Եթե գյուղի բնակիչներից բողոք կա, չի՞ կարելի խառնվել:



- Իսկ ինչո՞ւ են Ձեզ դիմում, ոչ թե իրենց պատգամավորին:



- Որովհետեւ ես էդ գյուղերի հետ շատ մեծ շփումներ ունեմ: Ես էդ դպրոցները տարեկան մի երկու-երեք անգամ հանդիպում եմ: Եթե մի 5 հոգի ցանկություն չունի իմ հետ շփվի, դրան հակառակ՝ մի 500 հոգի էլ ցանկություն ունի այն աստիճանի, որ ինձ հրավիրում են բանակի քեֆի, հարսանիքների, եւ շատ հաճախակի էլ գնում եմ, մարդկանց հետ շփվում եմ: