«Արարատ»-ը մեղադրում է լրատվամիջոցներին ծառայամիտ ինքնագործունեության մեջ

«Արարատ»-ը մեղադրում է լրատվամիջոցներին ծառայամիտ ինքնագործունեության մեջ
«Արարատ» ֆուտբոլային ակումբը տարածել է հայտարարություն` ըստ էության հերքելով Արկադի Անդրիասյանի կողմից ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին ծեծելու փաստը, թեեւ նշվում է միայն ծեծկռտուքի վկաների բացակայության մասին: Ակումբը նաեւ լրատվամիջոցներին մեղադրում է ծառայամիտ ինքնագործունեության, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անմեղության կանխավարկածը խախտելու մեջ:



News.am-ը տեղադրելով ակումբի հայտարարությունը` հիշեցնում է, որ ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանը հարվածել էր ֆոտոլարգրող Աշոտ Առուշանյանին:



Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Անդրիասյանին զրկել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով, իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250000 դրամով: ՀՖՖ գործկոմին առաջարկվել է «Արկադի Անդրիասյանին թույլ տված խուլիգանական արարքի եւ սիստեմատիկաբար դրսեւորած անպարկեշտ, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար ճանաչել ֆուտբոլում անցանկալի անձ»:



Ներկայացնում ենք «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը



Անմեղության կանխավարկած կամ ֆուտբոլ` առանց ընդդիմության



Կամա թե ակամա մեր ֆուտբոլային աշխարհի թիվ 1 ընդդիմադիրն Արկադի Անդրիասյանն է, ուստի միանգամայն կանխատեսելի էր «իշխանամետ» զանգվածային լրատվամիջոցների «սեւ փիառ»-ը նրա հանդեպ` «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը արձանագրված միջադեպի կապակցությամբ: Չենք պնդում, թե դա վերեւից իջեցված պատվեր էր, բայց լրագրողական համերաշխ հնազանդության նման շքահանդեսն ուժեղի մոտ «աչոկներ հավաքելու» ծառայամիտ ինքնագործունեության տպավորություն է ստեղծում: Որովհետեւ չի կարող մի կողմը 100%-ով մեղավոր լինել, իսկ մյուսը` անմեղ զոհի խորհրդանիշ:



Տվյալ պարագայում Ա. Անդրիասյանը գլխավոր մարզչի կարգավիճակում իր մասնագիտական պարտականություններն էր կատարում` երկրորդ խաղակեսից առաջ ձգտելով հնարավորինս արագ տրիբունայից հանդերձարան հասնել եւ համապատասխան ցուցումներ տալ «Արարատին»: Իսկ 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը, ոչ ճիշտ ժամին հայտնվելով ոչ ճիշտ տեղում եւ փորձելով կատարել իր մասնագիտական պարտականությունները` փաստացի խոչընդոտել է` այդ բանն անելու մեկ ուրիշին: Թե որքանով է դա օրինական, դատեցեք ինքներդ:



Եվս մեկ նկատառում. ՀՖՖ կարգապահական կոմիտեի միաձայն որոշմամբ խստագույն պատժամիջոցներ սահմանվեցին «Արարատ» ակումբի նկատմամբ, ընդհուպ մինչեւ Անդրիասյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու առաջարկը գործկոմին` հիմք ընդունելով չարաբաստիկ հանդիպման տեսուչի զեկուցագիրը: Մինչդեռ Գեւորգ Հովհաննիսյանը «դեպքի վայրում» չի եղել եւ միայն ենթադրյալ տուժողից լսելով է կազմել իր «մեղադրական» եզրակացությունը: Իմացողները գիտեն, որ Արկադի Անդրիասյանը երբեւէ չէր իջնի այն մակարդակին, որ հայհոյախոսեր լրագրողին: Այսպես կոչված ծեծկռտուքի վկաներ առայսօր չկան եւ չէին էլ կարող լինել, որովհետեւ հակառակ պարագայում միջադեպին ներկա «Հրազդան» մարզադաշտի անվտանգության ծառայության աշխատակիցները կմիջամտեին` կատարելով իրենց մասնագիտական պարտականությունները:



Ուրիշ խոսակցության թեմա է ֆոտոլրագրողի` հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդին գերկարճ տարածության վրա օպերատիվորեն նկարահանելու օրինականության հարցը:



Իրավական տեսանկյունից Առուշանյանը պետք է պաշտոնական գրությամբ դիմեր «Արարատ» ակումբի մամուլի քարտուղարություն` համապատասխան հավատարմագիր ստանալուց և ժուռնալիստին տարբերակող «բեյջը» կախելուց հետո միայն վերահաստատելով իր գործողությունների թույլատրելիությունը, ինչը չի կատարվել` այդ պաշտոնի աթոռը իբր թե թափուր լինելու պատճառաբանությամբ:



Որ «Արարատի» մամուլի քարտուղարը մի անորսալի այլմոլորակային արարած չէ, կարող են վկայակոչել ինչպես այդ պոստում Արա Հակոբյանին նշանակելու հրամանը` խնդրո առարկա հանդիպման նախաշեմին (ֆեդերացիան պաշտոնապես իրազեկված է նոր նշանակման մասին), այնպես էլ ՀՖՖ հովանու ներքո անցկացված որակավորման սեմինարի ժամանակ նրա ստացած հավաստագիրը: Հիշյալ դասընթացներին մասնակից մյուս ֆուտբոլային ակումբների քարտուղարներից ոմանք անձամբ են ճանաչում տողերիս հեղինակին, թող անհամեստ չհնչի` ոչ անհայտ հեռուստամեկնաբանին, նրան մեկ անգամ եւս տեսան սեմինարի ժամանակ, բայց պարտիզանի համառությամբ լռեցին, երբ ֆուտբոլային մեկնաբան Էդվարդ Քալանթարյանը «Միստր-Իքս» մամուլի քարտուղարի հետախուզական-որոնողական ակցիայի շրջանակներում, հարազատ «Հ1»-ով քանիցս հարցապնդում կատարեց ընդհանրապես «Արարատ» ակումբի աշխատակազմը թիրախ դարձրած իր գործընկերներին:



Ի դեպ, եթե հարցը բարոյականության դաշտից տեղափոխենք բուն իրավական հարթություն, որոշակի հստակություն կարող է մտցնել անմեղության կանխավարկածը: ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն, «հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, իսկ չփարատված կասկածներն էլ մեկնաբանվում են հոգուտ մեղադրյալի»:



Հիմնվելով գործող բոլոր օրենքներից եւ իրավական նորմատիվներից ու ակտերից գերակա մեր մայր օրենքի վրա` «Արարատ» ակումբի մամուլի քարտուղարը ՀՖՖ-ին խնդրել էր զերծ մնալ Ա. Անդրիասյանի վերաբերյալ հարցի քննարկումից` մինչ ընթացքի մեջ գտնվող հետաքննության ավարտը, հենց որի արդյունքում էլ կպարզաբանվի, թե իրականում ինչ է կատարվել, եւ ով է մեղավոր: Ստացված պատասխան պաշտոնական գրության մեջ, սակայն, մեր ֆուտբոլային գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը թեպետեւ նշում է, որ ՀՖՖ-ն իրավասու չէ քննարկել կամ մեղադրել որեւէ սուբյեկտի` կատարված հանցագործության մեջ, բայց ֆեդերացիայի կանոնադրությունը վեր դասելով երկրի հիմնական օրենքից` Սահմանադրությունից, դրա համապատասխան հոդվածի վկայակոչումը անտեղի է համարում եւ գտնում, որ գերակա օրենքը չի կարող արգելք հանդիսանալ` կանոնակարգերի դրույթների խախտումներ թույլ տված սուբյեկտների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն:



Նման արձագանքը ենթադրելի էր, բայց ուզենք թե չուզենք, այստեղ առաջ է գալիս ֆեդերացիայի` երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրողությունը: Մասնավորաբար, վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահը, ի պատասխան լրագրողին սեռական բնույթի հայհոյանք տալու վերաբերյալ հարցին, խորհուրդ տվեց «Կոկա-Կոլա» ըմպել և հանգիստ սպասել դատաքննության ավարտին, մինչդեռ Անդրիասյանի պարագայում «դատավճիռը» հրապարակվում է կանխավ` հոգեբանական անհրաժեշտ ֆոն ստեղծելով կարգապահական կոմիտեի որոշումը գործկոմում քննարկել-հաստատելու նախաշեմին: Ինչևէ, եզրահանգումների իրավունքը վերապահելով ֆուտբոլային աշխարհի մարդկանց և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` բոլորին կոչ ենք անում ֆուտբոլային արդարադատությանը ծառայել «Արդար խաղի» կանոններով: Իսկ ինչ մնում է մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելուն, հակված ենք ենթադրելու, որ երիտասարդ ֆոտոլրագրողն ունի բարձր հովանավորների «տանիք», հենց որոնք էլ սադրել են այս որոշակիորեն անօրինական աժիոտաժը` առայժմ յուրայինների մեջ մենակ մնացած մեկ անձի դեմ: Համենայնդեպս, այդ համոզմունքին է նաեւ «Արարատ» ակումբի շահերը ներկայացնող փորձառու փաստաբանը, ըստ որի չկան բավարար ապացույցներ` Արկադի Անդրիասյանին մեղադրելու համար:



Արա Հակոբյան

«Արարատ» ՖԱ մամուլի քարտուղար

ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու