Բեն Լադենը, Օբաման ու ապրիլի 24-ը

Բեն Լադենը, Օբաման ու ապրիլի 24-ը
Հիմա կասեք` Բեն Լադենն ի՞նչ կապ ուներ հայոց մեծ եղեռնի հետ, չէ՞: Ուղղակի` ոչ մի կապ, հիմա բացատրեմ: Քաղաքական PR տեխնոլոգիաներում հանրության ուղեղների լվացումն ամենակարեւոր, ամենատարածված ու գնալով արդիական դարձող  գործընթացներից է, որի բազմաբնույթ դրսեւորումներից մեկն էլ թշնամու կերպարի մշակումն ու մեթոդիկ գրգռումն է:



Երբ խոսքը գնում էր Սադամ Հուսեյնի ու Միլոշեւիչի մասին, գոնե նաղդ պետության նաղդ ղեկավարներ էին, գնացել-եկել են, ճիշտ է` անձամբ հետները չենք շփվել, բայց իրենց ֆիզիկական գոյության փաստը կասկած չի հարուցել: Ուսամա բեն Լադենի դեպքում ամեն ինչ այլ է. իսկի իր ապրած ժամանակ չգիտեինք՝ կա՞, չկա՞, ո՞ւր է, ի՞նչ է անում, մշտական աշխատանք ունի՞, թե՞ ժամանակավոր պատվերների վրա է նստած, ուր մնաց հիմա հավատանք, որ սպանվել է:



Չմոռանանք, որ «Ալ Քաիդա» ու «Բեն Լադեն» անունները հանրությանը հրամցվեցին «սեպտեմբերի 11» կոչվածից հետո: Է՜, եթե արդեն սասանված հեղինակությամբ Բուշ-կրտսերը կարող էր իր երկրորդ ժամկետի վերընտրության համար վարկանիշ ձեռք բերելու նպատակով «սեպտեմբերի 11» սարքեր եւ ինչ-որ անհեթեթ պատերազմներ սկսեր Իրաքի ու Աֆղանստանի դեմ, որոնց պատճառաբանումներն այդպես էլ չգտնվեցին, ինչո՞ւ պիտի ոչ պակաս կասկածելի հեղինակություն վայելող Օբաման իր նախընտրական քարոզարշավի նախաշեմին Բեն Լադենի ֆիզիկական լիկվիդացում չհնարի որ:



Հո լավ գիտենք, թե բոլոր իշխանավորներն էլ իրենց իշխանությունը պահպանելու ու ամրապնդելու համար ինչերի են պատրաստ: Էն էլ մենք` հայերս. ինչե՜ր ենք մեր մաշկի վրա զգացել... Ի վերջո, անգամ նշանակություն էլ չունի՝ խոսքը գնում է իր քաղաքական ինստիտուտներով դեռ ֆեոդալական մակարդակի վրա գտնվող, ավտորիտար Հայաստանի՞ մասին, թե՞ աշխարհին իր ժողովրդավարության տեխնոլոգիաները մատուցող (հասկացիր` պարտադրող), կեղծ-դեմոկրատական Ամերիկայի: Լավագույն դեպքում` միջոցներն են տարբերվում, իսկ սկզբունքը միշտ նույնն է:



Փաստորեն, մինչ մի քանի օր առաջ` ապրիլի 24-ին, մենք` հայերս, մեզ բնորոշ միամտությամբ հերթական անգամ, շունչներս պահած, Զատկի ձվեր էինք «կռվացնում» ու սպասում, թե արդյո՞ք Օբաման այս անգամ կարտաբերի «ցեղասպանություն» բառը, նույն այդ ժամանակ վերջինս իր PR-շչիկների հետ գլուխ էր ջարդում «բենլադենյան սցենարի» վրա: Այսինքն, հայկական լոբբիի գործոնը, նրա դերակատարումն այնքան ծանրակշիռ չէին, որ դեր խաղային նախընտրական գործընթացներում, իսկ ահա Լադենին վերացնելու լուրը կարող է դեռ ահագին ձայներ ապահովել...



Լեւոն Գեւորգյան