Սուխուդյանի հայցն ընդդեմ ոստիկանության կքննվի վերաքննիչ դատարանում

Սուխուդյանի հայցն ընդդեմ ոստիկանության կքննվի վերաքննիչ դատարանում
Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր` մայիսի 4-ին կքննի «Մարիամ Սուխուդյանի անմեղության կանխավարկածի խախտմամբ պատճառված բարոյական վնասի հատուցման մասին գործը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության»: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «SOS Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:



«Սա այն գործերից է, որ եթե Հայաստանում մերժեն, Եվրոպական դատարանը կընդունի, որը շատ ցավալի կլինի ոստիկանության համար, ինչն էլ ես պատրաստվում եմ անել, սակայն դեռ նրանց շանս եմ տալիս մաքրման եւ ուղղման»,- ասել է երիտասարդ բնապահպանը: Մարիամ Սուխուդյանը դիմել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան`ընդդեմ առաջին ատյանի որոշման, ըստ որի` վերոնշյալ գործը կարճվել էր:



Հիշեցնենք, որ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցում աշակերտների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների մասին ահազանգելու համար «SOS Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին 2009թ. մեղադրանք առաջադրվեց` զրպարտության, իսկ հետո՝ շահադիտական դրդումներով կատարված սուտ մատնության համար: Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության արդեն նախկին պետ Սայաթ Շիրինյանը, թեեւ դատավարությունը չէր սկսվել, Սուխուդյանին որակեց իբրեւ «քրեական հանցագործ»: Վերջինս էլ դիմել էր Կենտրոնի դատարան՝ պահանջելով իրեն վճարել 1 միլիոն դրամ` որպես անձի անմեղության կանխավարկածը խախտելու համար բարոյական վնասի փոխհատուցում: