ՕԵԿ-ն «ազգուտակով» իրեն ընտրող ընտանիքներ է փնտրում

ՕԵԿ-ն «ազգուտակով» իրեն ընտրող ընտանիքներ է փնտրում
Չնայած ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ամեն հնարավոր ամբիոն օգտագործում են՝ «պոռալու» համար, թե պատրաստվում են ժողովրդավարական ընտրությունների, ընտրություններից մեկ տարի առաջ ներիշխանական դաշտում լծվել են բոլոր հնարավոր ու անհնար լծակների կիրառման գործին՝ կուսակցականացնելով ժողովրդի ոչ կուսակցական հատվածին:



ՀՀԿ-ն, օրինակ, ՀՀԿ-ացնում է բոլոր նրանց, ում դեռ չի հասցրել կուսակցականացնել նախորդ ընտրությունների ժամանակ: Դա անում է հայտնի չոր մեթոդներով. ով ՀՀԿ-ականի ղեկավարած պետական կառույցում է աշխատում, ՀՀԿ-ացման վտանգի ներքո է: Իսկ ՀՀԿ-ամետ օլիգարխների ու գործարարների օբյեկտներում աշխատողներն ընդհանրապես այլընտրանք չունեն:



Եվ սա ՀՀ իշխանությունը համարում է ժողովրդավարական ընտրությունների նախապատրաստություն: Չնայած եթե քաղաքացու համար տեսանելի դրական քայլեր չեն արվում, եղել ու մնում է չորով կուսակցականացնելու տարբերակը:



ԲՀԿ-ն եւս հանրության շրջանում կուսակցականացման գործընթաց է տանում: Ինչպես երեւում է՝ ԲՀԿ-ն «գժված է» այն մտքից, որ իշխանություն-Կոնգրես երկխոսության արդյունքում կարող է կորցնել խորհրդարանում երկրորդ ուժի դիրքերը, ու այժմ սպառնում է միայնակ գնալ ընտրությունների: Առավել ուշագրավ մոդել է ընտրել ՕԵԿ-ը:



Մեզ հասած տեղեկություններով՝ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը նոր մեթոդ է մշակել ու ներդրել կուսակցությունում, որով փորձ է անում մարդկանց ընտանիքներով ներգրավել կուսակցության շարքերում՝ ինչ- ինչ խոստումների դիմաց: Ըստ այդմ՝ լուրջ կուսակցական աշխատանք են տանում հատկապես մարզերում, որտեղ ավելի շատ են անկուսակցականները, որոնք ավելի փոքր խոստումներով են խաբվում:



Այլ կերպ ասած՝ կուսակցությունը փորձում են դարձնել ընտանեկան բիզնես. սկզբում գալիս է ընտանիքի մի անդամը, հետո բերում է քրոջը, եղբորը, նաեւ հսկում է նրանց, որ չշեղվեն ՕԵԿ ուղուց ու ձայներ ապահովեն: Այլ հարց է, թե ՕԵԿ-ն այդքան ընտրող ունի՞, որ ընտանիքների մասին է մտածում: Երեկ զրուցեցինք ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ:



- Տիկին Բիշարյան, տեղեկություններ կան, որ ՕԵԿ-ը նոր ծրագիր է սկսել մարզերում եւ որոշել է մարդկանց ընտանիքներով ներառել կուսակցության շարքերում՝ որոշակի խոստումների, ասենք՝ աշխատանքի տեղավորելու դիմաց: Կա՞ նման ծրագիր:



- Ես պետք է ասեմ, որ ՕԵԿ-ն իր գործունեության 14 տարում երբեք որեւէ անգամ ընտրակաշառքներով, օգնություններով չի առաջնորդվել, եւ ողջ ժողովուրդը գիտի, որ երբեք մենք նման սկզբունքով որեւէ մեկի հետ չենք աշխատել: Աշխատանքի տեղավորման գործընթացները... ընդհանրապես ցանկացած կուսակցությունում նման բան կա, բայց կարծում եմ՝ դա նախընտրական ժամանակաշրջանին այնքան էլ համապատասխան ինֆորմացիա չէ եւ դա սուտ է: Իրականությանը չի համապատասխանում:



- Տիկին Բիշարյան, խոսքն այն մասին է, որ, մեզ հասած տեղեկություններով, մարզերում ներդրվել է Արթուր Բաղդասարյանի կողմից մշակված համակարգ, որով մարդը որոշակի խրախուսանքի դիմաց ՕԵԿ է բերում իր ընտանիքը, հետո բերում է քրոջը, եղբորը, թվով հինգ ընտանիք:



- Գիտեք, ընտանեկան մոդելը դա լավագույն մոդելներից մեկն է, որ եթե ընտանիքի բոլոր անդամները միանման մտածում են եւ կարողանում են միասին աջակցել այդ քաղաքական ուժին: Դա ավելի շատ դրական կողմ ունի, քան բացասական: Իսկ ինչի՞ է նման, երբ ընտանիքում երկու հոգին կամ երեք հոգին կարող են տարանջատված մոտեցումներ ունենալ տարբեր քաղաքական ուժերի հանդեպ:



Իհարկե, սա ոչ բացառելի է, ոչ էլ որեւէ մեկն իրավունք ունի որեւէ մեկի ընտրության իրավունքի հարցում ճնշում գործադրելու՝ թեկուզ նույն ընտանիքի անդամը, բայց, այնուամենայնիվ, ամուր ընտանիքները, միանման մտածող եւ բռունցքի նման ձեւավորվող ընտանիքներն ՕԵԿ-ի համար ավելի ընդունելի են: ...Ի վերջո, որքանո՞վ է ընդունելի, երբ ամուսինն ու կինը իրար հետ պատերազմի մեջ են մտնում, թե ով որ քաղաքական ուժին պետք է ընտրի:



- Իսկ Ձեզ հաջողվո՞ւմ է ընտանիքներին համախմբել եւ միասնական բերել ՕԵԿ:



- Այո, մեզ հաջողվում է: Էսպես ասած՝ դա սկզբունք չէ, որ միայն ընտանիքները, էդպիսի մոտեցում չկա, բայց եթե ընտանիքներով կամ քույրը, կամ եղբայրը ընդգրկվում են կուսակցություն, սա ուղղակի գովելի մոտեցում է, որ կարող են էդպես համախմբված լինեն ընտանիքները, բարեկամները եւ կարողանան մեկ առաջնորդի առաջնորդությամբ գնալ մեկ քաղաքական ուժի ետեւից:



- Հետաքրքիր է՝ ընտանիքներն ինչի՞ դիմաց են անդամագրվում ՕԵԿ-ին: Ի՞նչ խրախուսանք եք խոստանում:



- ՕԵԿ-ը որեւէ բանի համար որեւէ մեկին իր կուսակցության շարքերը չի ընդունում: Մեզ մոտ կան գաղափարական մոտեցումներ: Եթե հարում են մեր գաղափարներին, մեր սկզբունքներին եւ մոտեցումներին, դառնում են ՕԵԿ-ական:



- Քանի՞ ձայն է այս մոդելն ապահովելու կուսակցության համար:



- Հիմա չեմ կարող ասել: Էդպիսի հաշվարկ չեմ կատարել:



- Նշանակո՞ւմ է, որ կուսակցությունը հույս չունի, որ ԱԺ-ում իր աշխատանքի կամ նախընտրական քարոզչության միջոցով կարող է ձայներ ունենալ, դրա համար դիմել է այս մեթոդին:



- Վստահ եմ, որ հետեւում եք խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին եւ եթե ուսումնասիրություն կատարած լինեք, կտեսնեք, որ շատ ու շատ օրինագծերի հեղինակ է ՕԵԿ-ը: Մեր բոլոր օրենսդրական նախաձեռնությունները բոլոր սոցիալական շերտերին վերաբերող փոփոխություններ եւ նախաձեռնություններ են, որոնք միտված են աջակցելու թե ուսուցիչներին, թե բժիշկներին, թե թոշակառուներին, թե գործարարներին եւ թե փոքր ու միջին բիզնեսին:



Մեր խնդիրը հետեւյալն է՝ օրենքների շրջանակներում աջակցել սոցիալական բոլոր շերտերին: Եվ ես կարծում եմ՝ սա է լավագույն ճանապարհը, որով մշտապես առաջնորդվել է ՕԵԿ-ը: