Ուրիշ ազգեր եթե Կոմիտաս ունենային...

Ուրիշ ազգեր եթե Կոմիտաս ունենային...
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին,  Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, հայ հանրությանը



Մայիսին լրանում է հայոց հանճարի` Կոմիտաս Վարդապետի աճյունի հայրենադարձման  75-ամյակը:



Մեծ եղեռնի ամենախորհրդանշական եւ ամենաողբերգական զոհի աճյունը դժնդակ 36-ի մայիսի 9-ին, իր եւ հարազատների կյանքի գնով, ի հեճուկս Ստալին-Բերիա զույգի, չանսալով նույնիսկ Աղասի Խանջյանի` նախորդ օրն ուղարկած հեռագրին, անձնազոհաբար («Մահ իմացեալ…»)  Մարսելից հայրենիք ուղարկեց անսակարկ հայրենասեր Դանուշ Շահվերդյանը:



1937-ի փետրվար եւ ապրիլ ամիսներին ձերբակալվեցին եւ Խթը-ի զնդաններում զոհվեցին Դանուշ, Ելիզավետա, Ալեքսանդր (Անդրֆեդերացիայի կենտգործկոմի քարտուղար) Շահվերդյանները, իսկ մայիսին ձերբակալվեց, ապա աքսորվեց փոքր եղբայրը` Երեւանի բժշկականի ռեկտոր Արամ Շահվերդյանը: 1954-ին նրանք արդարացվեցին: 1962թ.-ին Երեւանի Չարբախ թաղամասի փողոցներից մեկն անվանվեց Շահվերդյան: Սակայն Երեւանի քաղաքապետ Վ. Սիրադեղյանի 1997թ. հուլիսի 11-ի թիվ 791 որոշմամբ Շահվերդյան փողոցը վերանվանվեց… Շարուրի:



Չնայած 2004-ի հունիսի 23-ին Երեւանի անվանակոչության հանձնաժողովը որոշեց. «…Շահվերդյան անվանել նախկին փողոցին համարժեք, համազոր, զուգահեռ փողոցը», իսկ 2005-ի մայիսի 20-ին Շենգավիթի ավագանին իր համաձայնության  մասին իրազեկեց քաղաքապետարանին  («…Արարատյան փողոցի` Շիրակի փողոցի հետ հատման վայրից մինչեւ Արարատյան փողոցի վերջնամասն ընկած հատվածը՝ մինչեւ Ներքին Չարբախի 1-ին փողոցի սկիզբը, վերանվանել Շահվերդյան»), սակայն Երեւանի նախկին քաղաքապետերը ժամանակ չգտան վավերացնելու այդ որոշումները: … Նրանք զրկվեցին ազատությունից, ապա նաեւ ապրելու, ավելին` շիրիմն ունենալու իրավունքից:



Վերադարձնենք նրանց վերջին եւ արդեն միակ` անունն ունենալու եւ արժանիորեն հիշվելու իրավունքը:  Այդ մեզ եւ առավել եւս մեր երեխաներին է հարկավոր: Ոգեկոչենք մարտիրոսների տոհմին: Նրանք անհողդողդ էին նույնիսկ Խթը-ի զնդաններում: Այս տարի ծրագրել եւ իրագործում ենք «Ոգու վերադարձը» խորագրով միջոցառումների մի ամբողջ շարք:



Ակնկալում ենք Ձեր զորակցությունը եւ ներկայացնում երկու առանցքային առաջարկություններ.



1. Կոմիտասի անվան զբոսայգում` հայ մեծերի պանթեոնի հարեւանությամբ գտնվող, դեռեւս 1990-ականների կեսերից կիսաքանդ շենքը («Պլանետարիումը»),  «որպես ազգի, պետության եւ պետականության գերակա շահ», ժողովրդական հանգանակության միջոցով փրկագնել եւ վերածել Կոմիտասի պետական թանգարան-ինստիտուտի:



2. Իր արդարացի ավարտին հասցնել Շահվերդյան փողոցի անվան վերականգնման` շուրջ 15 տարի չարչրկվող հարցը:



Գագիկ Այգեհատցի Շահվերդյան



«Սիմոն Զավարյան» ՀԿ