Իշխանությունը մամուլի հանդեպ իր մոտեցումները պետք է վերանայի

Իշխանությունը մամուլի հանդեպ իր մոտեցումները պետք է վերանայի
Մամուլում աշխատող յուրաքանչյուր անձ՝ խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, պետք է նախեւառաջ ունենա իր անձնական-քաղաքացիական դիրքորոշումը, ավելի ու ավելի ամրապնդի այն եւ քաղաքացիական խիզախություն դրսեւորի՝ թերթում իր կարծիքն արտահայտելով հենց  քաղաքացիական տեսակետից:



Թերեւս այս իրողությունը նկատի ունենալով՝ դժվարանում եմ ասել, որ Հայաստանում մամուլն արդեն կայացել է: Ավելին՝ վերջին տարիների ընթացքում մեր լրագրողների մեծ մասն ավելի շատ ոչ թե գաղափարական հենքի վրա է կանգնում, այլ՝ կուսակցական, խմբակային պատվեր կատարող... Եթե ընդհանուր մթնոլորտն է դա թելադրում, ուրեմն պետք է հստակեցնենք՝ մամուլը մթնոլորտ ձեւավորո՞ղ է, թե՞ ինքն է ընկնում մթնոլորտի ազդեցության տակ:



Այս տեսանկյունից ուղղակի պարծանքով պետք է խոսել մամուլի որոշ ներկայացուցիչների (թերթեր, անուններ) մասին, որոնք իրապես փորձում են այս բավականին պղտոր (ոչ թե բարդ) իրավիճակում ունենալ իրենց տեսակետը եւ ընթերցողի հասարակական պահանջի կայացման ու երկրի՝ որպես իրավական պետության կայացման ճանապարհին իրենց լուման են ներդնում: Ցավոք, դա ներհատուկ չէ «ընդհանրական մամուլ» ասվածին: Պետք է վերջապես շատերը սթափվեն՝ հասկանան մամուլի կարեւորությունը,  այն չծառայեցնեն եւ ինչ-որ գործողությունների մասնակից դարձնեն: Թերեւս այս պատճառով է, որ հասարակությունը, կարծում եմ, պատշաճ մակարդակով չի վստահում մամուլին:



Որովհետեւ նա այդ ինֆորմացիան ստանում է ոչ կանոնադրական ճանապարհով, այլ՝ կողմնակի աղբյուրներից, որոնք Հայաստանում բավականին արագ ազդեցություն են գործում եւ տեղեկատվություն տարածում: Մամուլի կայացմանը խոչընդոտող պատճառներից է երկրում  ազատության բացակայությունը: Ընդհանրապես՝ Հայաստանում չկան ո՛չ ազատ շուկայական հարաբերություններ, ո՛չ ազատ եւ արդար սոցիալական հարաբերություններ եւ ոչ էլ լրիվ ազատ մամուլ:



Ցավոք, մենք հիմա՝ որպես հասարակություն, կայանում ենք անազատ մթնոլորտում, որն անշուշտ նշանակություն եւ մեծ ազդեցություն ունի նաեւ մամուլի կայացման հարցում: Բայց առավել եւս մեծ է պահանջարկը եւ ինչու ոչ՝ նաեւ սպասելիքները, որ հենց մամուլը կկարողանա իր վրա վերցնել այդ՝ եթե ոչ առաջնորդի, ապա առաջին գծում կանգնած համայնքի դերը: Եթե պետք է մամուլը հաշվարկի, թե որն է ձեռնտու, եւ անի դա, ապա ո՞րն է չորրորդ իշխանության բարձր կոչման արժանանալու միտումը:



Չորրորդ իշխանության կայացման նախադրյալներից թերեւս ամենագլխավորը իշխանության այն գիտակցության մակարդակն է, որ մամուլը ոչ թե խանգարում, այլ միայն ու միայն նպաստում է իրավական պետության կայացմանը: Ահա այստեղ իշխանությունը պետք է վերանայի իր մոտեցումները մամուլի հանդեպ:



Լարիսա Ալավերդյան



«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր