ԿԳԲ-ի ուրվականը հետապնդում է Շանթին

ԿԳԲ-ի ուրվականը հետապնդում է Շանթին
«Յոթի գործով» անցնող քաղբանտարկյալ, Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն օրերս հայտնվել է շատ տհաճ պատմության մեջ, ինչը նրան հնարավորություն չի տվել իրականացնել մահամերձ քրոջ՝ Սյուզան Հարությունյանի վերջին ցանկությունը:



«Քույրս հիվանդանալուց հետո միշտ ասում էր՝ Շանթ, մահանալու ժամանակ ձեռքս կբռնես, որ վստահ ու հանգիստ մեռնեմ»,-ցավով պատմեց Շանթ Հարությունյանը: Քրոջ համար դեղեր գնելու նպատակով Շանթը հոր՝ Շահեն Հարությունյանի հետ (վերջինս էլ սովետական տարիների քաղբանտարկյալ է) հատելիս է եղել Նոր Նորքի  շուկային հարող տարածքի երթեւեկելի ճանապարհը:



Այդ պահին, Շանթի խոսքով, ճանապարհն ազատ է եղել, եւ հորիզոնում ոչ մի ավտոմեքենա չի երեւացել: Սակայն հենց իրենց անցնելու պահին վերեւից շատ մեծ արագությամբ մի մեքենա է եկել: Շանթը ձեռքով հասկացրել է, որ թույլ տա անցնեն ճանապարհը, ու հոր թեւից քաշելով՝ շատ արագ անցել են:



«Արդեն ուզում էի տաքսի կանգնեցնել, որ հորս նստեցնեմ-տուն ուղարկեմ, էդ մեքենան մի քիչ առաջ գնալով կանգնեց, դուռը բացեց ու ասեց, թե ինչի եմ իրեն թարս նայել, ինքը ոնց ուզի՝ կքշի եւ այլն»,-պատմում է նախկին քաղբանտարկյալը: Ապա վիճաբանություն է սկսվել, մարդիկ են հավաքվել, եւ մեքենայի վարորդը, ով, հետո պարզվել է, ԱԱԾ աշխատակից է՝ Ավագ Կարապետյան անուն-ազգանունով, Շանթին «հրավիրել» է մոտակա խանութի հետեւում հարաբերություններ պարզելու:



Քաշքշուկը տեւել է մոտ կես ժամ, որից հետո վարորդը, գոռգոռալով, Շանթից պահանջել է նստել իր մեքենան եւ իր հետ գնալ ոստիկանության բաժանմունք: Այդ պահին վիճաբանության մասնակիցներին են մոտեցել ոստիկանության աշխատակիցներ եւ Շանթին իրենց մեքենայով տարել Նոր Նորքի 1-ին զանգվածի ոստիկանության բաժանմունք:



Բաժանմունքում ԱԱԾ աշխատակիցը, նրա մայրը, ով նույնպես ներկա է եղել վիճաբանությանը, բողոքել, պատմել են եղելությունը, սակայն հետո` գրավոր բացատրության ժամանակ, որեւէ բողոք չեն ներկայացրել: Ապա Շանթը խնդրել է, որ իրեն թույլ տան գնա քրոջ դեղերի հետեւից: Ոստիկանները մի քանի ժամով թույլ են տվել գնալ: «Հետ վերադառնալուց հետո գրեցի, որ ես հոգեպես հուզված եմ եւ չեմ կարող բացատրություն տալ: Կհանդիպենք դատարանում: Սակայն ինձ ասացին, որ այս գործը դատարան չի հասնի: Բայց ինչի՞ չի հասնի: Ես նրանց հետ չեմ հաշտվի: Անկապ տեղը ինձ մի քանի ժամ պահեցին բաժանմունքում: Էդ ժամանակ ես պիտի քրոջս կողքը լինեի»: Մինչ նա հասել է տուն՝ քույրն արդեն մահացած է եղել:



Ապրիլի 29-ի առավոտյան Շանթին նորից հրավիրում են ոստիկանության բաժանմունք՝ բացատրություն գրելու: Այնտեղ ասում են, որ կոնֆլիկտ չկա, եւ գործը պետք է փակեն: Սակայն Շանթը պնդում է, որ այդ գործը հենց այնպես չի կարող փակվել, ԱԱԾ աշխատակցը պետք է հեռացվի համակարգից, քանի որ իրեն շատ անվայել է պահել:



«Էդ մարդը նախ մեքենան քշել ա մեր վրա, հետո իջել-հայհոյել ա, կանչել ա հաշիվ մաքրելու ու հետո բռնել ա տվել: Դրա ո՞ր արածն ա մարդկային: Ու ամենակարեւորը՝ ես էդ պատմության պատճառով չկարողացա վերջին պահին քրոջս կողքին լինեի: Ես պայքարելու եմ, որ նա հեռացվի»,-ասաց Շանթ Հարությունյանը: Նա նաեւ պնդել է, որ եթե լսել են ԱԱԾ աշխատակցի մորը, ապա պարտավոր են լսել նաեւ իր հորը, քանի որ նա նույնպես եղել է միջադեպի մասնակից: Ամսի 29-ին ոստիկանության աշխատակիցները եկել են Շանթ Հարությունյանի տուն, բացատրություն վերցրել նրա հորից, ներկա է եղել նաեւ Շանթը: «6 ամիս ես գիշեր-ցերեկ տառապել եմ նրա համար, կողքին եմ եղել ու վերջին պահին չկարողացա նրա վերջին խնդրանքը կատարեմ՝ ձեռքը բռնեմ»,- մորմոքում է եղբայրը:



Շանթին այլեւս ոստիկանության բաժանմունք չեն կանչել, սակայն դա, նրա խոսքով, արդեն կարեւոր էլ չէ: Նա համոզված է, որ այս ամենը պատահական չի կատարվում իր հետ, քանի որ ազգային անվտանգությունն ուրվականի պես իրեն ու իր ընտանիքին մշտապես հետեւել է: «Ասես նախախնամության լինի: ԿԳԲ-ն մեզ միշտ հետեւել ա: Հենց մենք ծնվել ենք, մեր ճակատագիրը խորտակել ա ու մինչեւ վերջին պահը խորտակում ա»: