Կամուրջը փլվում է, իսկ տիրություն անող չկա

Կամուրջը փլվում է, իսկ տիրություն անող չկա
Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքի կամուրջը հայտնվել է վթարային վիճակում։ Հորդառատ անձրեւների պատճառով նախ թեքվել է կամրջի հենապատը, ապա, վտանգից ելնելով, այն փակել են։ Բացի հորդառատ անձրեւներից, կամրջի քանդման գործն «արագացնում» են նաեւ երկու կողմից շահագործվող ավազի հանքերը։



Բանն այն է, որ կամրջի վերեւի եւ ներքեւի մասերից արդեն երկար ժամանակ է` ավազ են հանում, ինչն էլ, ըստ Նոր Խաչակապ գյուղի բնակիչների, պատճառ է դարձել, որպեսզի գյուղացիները նախ զրկվեն իրենց վարելահողերից, հիմա էլ՝ գյուղը մայրուղուն կապող կամրջից։ Երեկ առավոտյան մեզ զանգահարած գյուղացիները տեղեկացնում էին, որ կրկին ավազ է հանվում, ինչը, ըստ բնակիչների, անօրինական է։ Թեեւ փորձել են խոչընդոտել այդ աշխատանքներին, սակայն ապարդյուն:



Գյուղի մոտ 50 բնակիչներ գյուղապետի գլխավորությամբ հավաքվել էին կամրջի մոտ եւ փորձում էին արգելել ավազ տանողներին, սակայն տեխնիկան աշխատում էր, իսկ ավազը՝ տեղափոխվում։ Ինչ-որ մեկը, ում ոչ անունն իմացանք, ոչ պաշտոնը, բանակցում էր գյուղապետի հետ: Նա ասում էր. «Մտել էի, որ հանեմ, բայց չեմ հանում, գնում եմ», եւ հեռացավ, իր հետ տանելով նաեւ հանքում աշխատող տեխնիկան։



Նոր Խաչակապի գյուղապետ Սուրիկ Տռուզյանը մեզ վստահեցրեց, որ այդ աշխատանքներն անօրինական են. «Ես թույլ չեմ տալիս, բայց էլի իրանք գալիս-հանում են»։ Գյուղացիներն ասում են, որ տարածքում հանքարդյունաբերությամբ են զբաղվում երկու՝ «Լոռի ՃՇՇ» եւ «Պիվզաձոր» կազմակերպությունները։



«Հողամասերը գետը լրիվ տարել է, ոչ մի եկամուտ չունենք»,- ասում են գյուղացիներն ու պնդում, որ չարիքը կապված է ավազի հանման հետ։ Վտանգի տակ է նաեւ երկաթգիծը.  հարակից հողը եւս քանդվել է, ինչը, բնակիչների ասելով, ներկայացնում են որպես բնական աղետ։ Նոր Խաչակապը, նախկինում եղել է ադրբեջանցիներով բնակեցված տարածք: «Ադրբեջանցին մեր հողերը լավ պահեց, որ էսօր մենք էս վիճակին հասցնենք»,-դժգոհեցին բնակիչները։ Խնդրի հետ կապված՝ զրուցեցինք նաեւ գյուղում ավազի հանքարդյունաբերություն իրականացնող ՍՊԸ-ների հետ։



«Պիվզաձոր» ՍՊԸ տնօրեն Արմեն Ավագյանը նշեց. «Ավազն սկսել ենք դուրս բերել 1989-ից, ես սեփականատեր եմ։ Մոստից 300 մետր ներքեւ իմ տարածքն է, էդտեղից արդյունահանման լիցենզիա, պայմանագիր՝ լրիվ կա»: Իսկ կամրջի վերին մասի հետ կապված, որը, ըստ բնակիչների, պատճառ է դարձել կամրջի փլման, նշեց. «Կամրջից վերեւ տարածք ունենք, որը դեռեւս պաշարների  ուսումնասիրման փուլում է»։ Իսկ ահա «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ տնօրենն էլ ասում է, որ իրենց կողմից շահագործվում է Ղուրսալի-Խաչակապ հանքավայրի Խաչակապ 1 տեղանքը։



«Լիցենզիայով ստացել ենք 1999-ին։ Հողօգտագործմանը տրված է 4 հա հողատարածք, որից շահագործում ենք մոտ 2 հա-ն՝ համաձայն նախագծի»։ Իսկ ստեղծված իրավիճակում չե՞ն պատրաստվում դադարեցնել ավազի հանումը, Վարդանյանը պատասխանեց. «Ընդհանրապես շահագործման դադարեցումն իրավասու է կատարել այն մարմինը, որը տվել է թույլտվությունը: Ես չգիտեմ, թե գյուղացիներն ինչ մեկնաբանությամբ են հիմնավորում, որ շահագործումը վնասում է գյուղին, ես գտնում եմ, որ մասնագետների եզրակացություն է պետք։ Ինչ վերաբերում է հողամասերին, ապա ասեմ, որ դրանք մեր տարածքից 50 մետր հեռու  են»։



Գյուղապետն այս ամենի մասին տեղյակ է պահել գրեթե բոլոր ատյաններին։ Ապրիլի 11-ին Լոռու մարզպետին ուղարկվել է  «Տրանսնախագիծ» ինստիտուտի պատասխանը, որում եւս նշված է, որ կամրջի վթարայնության գործում իրենց մեղքն ունեն նաեւ հանքարդյունաբերողները. «Տեղեկացնում ենք ձեզ, որ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի կամրջի մոտակա տարածքով շինարարական կազմակերպությունների կողմից կատարվել է գետի հունից ավազի մեծածավալ արտահանում, որի հետեւանքով կամրջի տակ գետի հունի նիշը նախնական նախագծային նիշից ցածր է 1.8-2 մետրով»։



Ապրիլ  ամսին էլ կազմվել է հանձնաժողով կապի եւ տրանսպորտի նախարարության ու Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը որոշել է «անհապաղ դադարեցնել ավազի արտահանումը կամրջի տարածքում եւ նախագծային լուծում տալ՝ կամրջի հենարանների հիմքերը ողողումից պաշտպանելու համար...»:



«Կամրջի հետագա անխափան շահագործման եւ անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ ենք համարում կամրջի տարածքում 300 մետր կամրջից ներքեւ եւ 180 մետր վերեւ գետի հունից դադարեցնել  ավազի արտահանումը եւ համապատասխան լուծումով պաշտպանել կամուրջը հենարաններով, նաեւ հարակից հենապատերի հիմքերը հետագա ողողումներից»,-եզրակացրել են մասնագետները։