Հիմա էլ գնագոյացման կենտրոնում

Հիմա էլ գնագոյացման կենտրոնում
ՀՀ վերահսկիչ պալատը հերթական խախտումներն է հայտնաբերել: Մայիսի 3-ի ՎՊ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաեւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու կապի եւ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, քննարկվել են քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոնում կատարված ստուգումների արդյունքները:



ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ՝ Գնումների գործակալության կողմից շահած գները մի քանի անգամ բարձր են ներկայացվել շուկայական գներից, գնագոյացման դաշտում ուսումնասիրությունները կատարվել են առանց մեթոդաբանության եւ հիմնարար փաստաթղթերի:



Կեղծվել են նաեւ պաշտոնական տեղեկագրերը` դրանք տպագրելու համար կազմվել են անհիմն տեղեկանքներ` առանց պատասխանատու անձի ստորագրության: Որոշ դեպքերում գների մեջ կրկնակի է հաշվարկվել ավելացված արժեքի հարկը եւ այլն: Բնականաբար, բարձր գներով հաշվարկներ կատարելու իմաստը գումարների յուրացումն է, կոռուպցիան:



ՎՊ-ն դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի վերանայվի «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, եւ կառավարությունը որոշում է կայացրել նշված ՊՈԱԿ-ը քաղաքաշինության նախարարության կազմից հանելու եւ էկոնոմիկայի նախարարություն տեղափոխելու մասին:



Նախարար Տ. Դավթյանն իր հերթին նշել է, որ հայտնաբերված խախտումները մտահոգիչ են, չկա գների հաշվարկման մեթոդաբանություն, եւ նախարարությունն արդեն ձեռնարկել է դրանք շտկելու ուղղությամբ համապատասխան քայլեր, այդ թվում` արդեն դիմել են եվրոպացի մասնագետների աջակցությանը: