Մեղավորը ոչ թե ԱՄՆ-ն է, այլ մեր իշխանությունը

Մեղավորը ոչ թե ԱՄՆ-ն է, այլ մեր իշխանությունը
Երեկ օրվա լրահոսի կարեւոր «մեխերից» մեկն անշուշտ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսի այցելությունն էր Հայաստան: Ու թեպետ նյութը գրելու պահին դեռեւս մանրամասներ չէին հաղորդվում վերջինիս` ՀՀ պաշտոնյաների հետ ունենալիք հանդիպումներից, այդուհանդերձ փոքրիկ մի լուր գտանք, որում ասվում էր, թե «կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը մայիսի 3-5-ը կդիտարկի ԱՄՆ  ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄ-Հայաստան ծրագրի արդյունքները»:



Նշվում էր նաեւ, որ վերջինս հանդիպումներ է անցկացնելու ոչ միայն նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետի, այլեւ գործընկեր դոնորների, շահառուների, մասնավոր հատվածի եւ նույնիսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:



Անկեղծ ասած, այս լուրը մեզ զարմացրեց, որովհետեւ մինչ այդ հայտնի էր, որ ՀՄ-Հայաստան համագործակցությունը դադարեցված է ծրագրի շրջանակներում մեր երկրի ստանձնած պարտավորությունների չկատարման պատճառով: Ուրեմն ի՞նչ «իրականացվող» ծրագրերի մասին է խոսքը: Հասկանալի պատճառներով հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի հեռախոսը «լուռ էր». նա, հավանաբար, զբաղված էր իր հյուրով:



Զարմանալիորեն չէր գործում նաեւ www.mil.am կայք-էջը, որում հույս ունեինք որեւէ նորություն գտնել գուցե «վերաբեռնված համագործակցության» մասին: Եվ միայն կառավարության պաշտոնական կայք-էջը «հուշեց», որ խոսքը դեռեւս 2006թ. ստորագրված մի համաձայնագրի մասին է, որով «նպատակ էր դրվել գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը»:



Փաստորեն, 180 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրն է, որ չնայած ամերիկյան կողմի` այլեւս մեզ հետ չհամագործակցելու պայմանին, այս ընթացքում շարունակվել եւ ավարտվելու է 2011թ. սեպտեմբերին: Ահա սա է, որ ոմանք, «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելով», ներկայացնում են իբր «իրականացվող ծրագրեր»:



Ասվածն իհարկե չի նշանակում, թե մենք թերագնահատում ենք հիշյալ ծրագրի նշանակությունը: Հակառակը` երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, ահռելի կարեւորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձեւավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման, Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման եւ ջրամատակարարներին տրվող տեխնիկական աջակցության արդյունքում պիտի շահեն Հայաստանի շուրջ 350 համայնքներ եւ ավելի քան 420 հազար գյուղաբնակ շահառուներ, այսինքն սովորական գյուղացիներ:



Նաեւ` շուրջ 45 հազար ֆերմերներ, ովքեր լուրջ վերապատրաստում են անցնում ծրագրի շրջանակներում, ագրոբիզնեսի բազմաթիվ փոքր ձեռնարկություններ, որոնց նորմալ պայմաններով մոտ 8.5 մլն ԱՄՆ դոլար վարկ են տրամադրել եւ դեռ տրամադրում են կարծես թե: Այսինքն մարդիկ, որոնց մասին մեր կառավարությունը շատ խոսում եւ երբեք ոչինչ չի անում: Կամ` մի ձեռքով 10 դրամ է տալիս, մյուսով 20-ը վերցնում:



Եվ ահա հիմա ՀՄ կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսը Հայաստանում է, որպեսզի դիտարկի հիշյալ ծրագրի արդյունքները: Բայց քանի որ, ինչպես արդեն ասացինք, ծրագիրը ՀՀ-ի հետ դադարեցված է, հիշյալ նախադասության ենթատեքստում պիտի նաեւ այլ բան հասկանալ: Օրինակ` ի՞նչ փոփոխություններ կամ փոփոխությունների հույս կա Հայաստանում:



Մանավանդ, որ երկրի քաղաքական էլիտան իր պատրաստակամությունն է հայտնել բարեփոխումների առնչությամբ: Եթե ոչ` ինչո՞ւ պիտի հանկարծ ՀՄ-ի գլխավոր գործադիր տնօրենն այցելեր Հայաստան. եթե անգամ Արա Հովսեփյանի «ռիփորթն» էլ նրան չգոհացներ` տեղական որեւէ «կոմիսար» միշտ էլ կգտնվեր, չէ՞...



Իմիջիայլոց, որպեսզի չստացվի, թե «մատից ենք ծծել» այսպիսի եզրահանգման հիմքերը, «պեղումները շարունակեցինք»: Պարզվում է` այցից ընդամենը մի քանի օր առաջ` ապրիլի 21-ին, հանրապետական Ռազմիկ Զոհրաբյանն անկեղծացել ու խոստովանել է, որ իսկապես «մենք չենք կատարել ծրագրի շրջանակներում նախատեսված բարեփոխումները»: Նաեւ նշել է, թե  անձամբ է գնացել ՀՄ հայաստանյան գրասենյակ` ծանոթանալու ծրագրի դադարեցման պատճառներին: Հետն էլ հավելել է, թե «իրեն տեղեկացրել են, որ ծրագիրը կախված է փոփոխություններից»: Բայց դե Զոհրաբյանը հանրապետական չէր լինի, եթե չեզրափակեր այնպես, ինչպես եզրափակել է. «ԱՄՆ-ն պետք է գիտակցի, որ Հայաստանը բարեփոխումների իրականացման ճանապարհին է... Վաշինգտոնը պիտի հիշի իր` 20-րդ դարի 30-ականների վիճակը. այն ժամանակ ԱՄՆ-ն հաստատ ժողովրդավարության չափանիշ չէր: Բայց ի՞նչ կարող ես անել. նրանք վճարում են, նրանք էլ որոշումներ են ընդունում»:



Նեղսրտել է Զոհրաբյանն այնպես, ասես ինչ-որ մեկը պարանն իրենց վիզն էր գցել ու տարել ԱՄՆ-ից, այս ծրագրից բացի, ուրիշ ծրագրերով եւս 180 մլն ԱՄՆ դոլար ստանալու, եւ իրենք էլ ահա նեղսրտում են:



Ի դեպ, չեմ հիշում, թե լրագրողներից ով էր ժամանակին բառախաղ արել` այս իշխանություններին անվանելով «Հազարամյակի ուրացողներ»: Փայլուն ձեւակերպում: Ինչո՞ւ. որովհետեւ հիմա հաստատ կգտնվեն նաեւ այնպիսիք, որ կասեն` Քոչարյանը Սարգսյանի «գլխին մարտի 1-ով սարքեց», այդ պատճառով  ծրագիրը դադարեցվեց, եւ բնավ «չեն հիշի», որ գործընթացը նոր չէ, որ  2005-ին էլ էին իշխանության, երբ ֆինանսական կրկնակի օժանդակություն ստացան Վրաստանն ու Գանան, իսկ Հայաստանը դուրս մնաց ցուցակից «ժողովրդավարության հարցում հետընթացի պատճառով»:



Արդյունքում` դեռ այն ժամանակ զրկվեցինք շուրջ 235.6 մլն ԱՄՆ դոլարից, որից ճանապարհների համար ծախսվելու էր 68 մլն դոլար, ոռոգման համակարգերի համար` 160 մլն: Այսինքն` ոլորտներ, որոնք մշտապես խնդիր են եղել գյուղացու եւ սոսկալի բեռ` բյուջեի համար: Այնպես որ` միայն Քոչարյանի պատճառով չէ, որ գյուղատնտեսությունն ու գյուղացին ահռելի վնասներ կրեցին` չափազանց ռիսկային դառնալով հետագա ճգնաժամային տարիների համար:



Վերջապես` ՀՄ կորպորացիան չէ մեղավոր մարտի 1-ից հետո բանտերը լցված քաղբանտարկյալների, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի նկատմամբ սանձազերծած տնտեսական պատերազմի, առհասարակ բոլոր ոլորտներում կանգ առած բարեփոխումների համար: 2005-ին Դանիել Վ. Յոհաննեսի նախորդը` Ռոդնի Բենտը, շատ հստակ էր նշել «մեղքի եւ պատասխանատվության» վերաբերյալ: «Այս որոշման ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին... Մենք մեր համագործակցությունը գնահատում ենք հիասթափեցնող»:



Եզրափակենք. ոչինչ եւ ոչ մի բան Սերժ Սարգսյանին չէր խանգարում ավելի լավը լինել, քան իր նախորդը, որպեսզի ստանար ՀՄ աջակցությունը: Մանավանդ, որ մարդիկ ուշիուշով հետեւել են երկրի անցուդարձին եւ անգամ 2010-ին են մոտ 100 մլն ԱՄՆ դոլար տրամադրել ՀՀ-ին` վերը հիշատակված ծրագրի շրջանակներում:



Ուրեմն, քաղաքական նյուանսները չբացառելով, ամեն ինչից երեւում է, որ մինչեւ վերջին պահը մարդիկ ջանացել են աշխատել մեզ հետ, չկտրել համագործակցության թելը: Եվ ինչ աստիճան անհուսալի են եղել, որ վերջնական որոշումը, այնուամենայնիվ, եղել է համագործակցությունից հրաժարումը: Հուսանք` ոչ վերջնական: Որովհետեւ իշխանությունները գնում են, երկիրը՝ մնում: Իսկ տվյալ դեպքում ՀՄ-ի հիմնական գործընկերը հենց երկիրն է, իսկ ավելի կոնկրետ` երկրի գյուղացին: Շատ ափսոս, որ նրան իր իշխանությունն է ներկայացնում: Այլ տարբերակ չկա: Ցավոք: