Կարգավորո՞ւմ, թե՞ կարգավորման իմիտացիա

Կարգավորո՞ւմ, թե՞ կարգավորման իմիտացիա
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  ոտնահարում է ոչ միայն մեր՝ սպառողներիս շահերը, այլեւ խոչընդոտում է տնտեսության զարգացմանը»: Այս մասին արդեն որերորդ տարին է՝ բարձրաձայնում է հանրային ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների միավորում «Հանրային պաշտպանների միությունը»:



«Ի՞նչ տնտեսության զարգացման մասին կարող է խոսք լինել, երբ անհասկանալի են ձեւավորվում էներգիայի, գազի, կապի, հանրային այլ ոլորտների ծառայությունների սակագները: Ընդհանրապես անհասկանալի են հանրային ծառայությունների բնագավառում ծառայությունների մատուցման թույլտվությունների եւ լիցենզիաների տրամադրման գործընթացները»,-վերջերս էլ ՀՀ նախագահին, վարչապետին ուղղված բաց նամակում ՀԾԿՀ գործունեության վերաբերյալ մեղադրանք էր հնչեցրել ՀՊՄ գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը:



ՀԾԿՀ-ն, սակայն, անտարբեր է եւ որեւէ կերպ չի արձագանքում իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:



Հայտնի է, որ հանրային ծառայությունների ոլորտը  կարգավորվում է ոչ թե ընդունված շուկայական հարաբերություններով, այլ բնական մենաշնորհների  եւ հանրային ծառայությունների սակագների հաստատման կարգավորումն օրենսդրությամբ դրված է անկախ համարվող հանձնաժողովի՝ ՀԾԿՀ-ի վրա:



«Հանձնաժողովը,  սակայն, ուսումնասիրություն չի անում որեւէ ոլորտի ծառայության սակագինը հաստատելիս: Տվյալ ընկերության հետ նստում-խոսում-համաձայնության են գալիս: Ուրիշ տարբերակ հնարավոր էլ չէ, «կարգավորման» գործընթացում մյուս կողմը՝ սպառողը չկա...»,-մեզ հետ զրույցում պնդում է ՀՊՄ-ի գործադիր տնօրենը:



Բանն այն է, որ ՀԾԿՀ օրենսդրությամբ սահմանված չէ այն ընթացակարգը, համաձայն որի՝ կապահովվի սպառողների (օրինակ, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների) պարտադիր մասնակցությունը կարգավորման պրոցեսին եւ հնարավոր կլինի իրականացնել ծառայություն մատուցող ընկերության եւ սպառողների շահերի հավասարակշռություն: Այդպիսով հաստատված սակագները թերեւս արժանահավատ կլինեին: Սա հիմքեր է տալիս կասկածի տակ դնելու հանձնաժողովի որոշումները: Իսկ «Հանրային պաշտպանների միության» առաջարկությունը՝ վերոնշյալ ընթացակարգի ընդունման վերաբերյալ, տարիներ շարունակ անտեսվում է  ոչ միայն ՀԾԿՀ-ի, այլեւ կառավարության կողմից:



Հետեւաբար ՀԾԿՀ-ն, Գրիգորյանի խոսքով, պետության «հովանավորչությամբ» շարունակում է քողարկված գործել՝ չիրականացնելով սահմանված որոշումների ընդունման ժամանակ թափանցիկության ապահովման, ծառայություն մատուցող ընկերությունների եւ սպառողների մոտ խտրականության բացառման, ընկերությունների եւ սպառողների շահերի հավասարակշռման՝ օրենքով նախատեսված գործառույթներից ոչ մեկը:



«Այսինքն, մի կողմից օրենքն է խախտում, մյուս կողմից էլ օրենքով հաստատված չէ ընթացակարգը (ընթացակարգի ընտրությունն օրենքով թողնված է հանձնաժողովի հայեցողությանը. ինչ ընթացակարգ կուզի, այն էլ կընտրի), եւ նրանք ասում են, որ թափանցիկություն էլ ենք ապահովում, հավասարակշռում էլ ենք եւ այլն»,- պարզաբանում է Գրիգորյանը:



«ՀԾԿՀ-ն պարտավոր է ապահովել կարգավորման կողմերի իրավահավասար մասնակցությունը կարգավորման պրոցեսին: Մինչդեռ պետբյուջեից, սպառողներից  ստանալով աշխատավարձ՝ նախագահի կողմից նշանակված ՀԾԿՀ անդամները հաշվի չեն առնում սպառողների շահերը: Իսկ հանձնաժողովի նախագահի՝ Ռոբերտ Նազարյանի հիմնական ֆունկցիան նիստերի ժամանակ կարծես թե միայն սպառողների իրավունքները ներկայացնող կառույցներին պրոցեսից վանելն է...»,-շարունակում է մեղադրել Արամ Գրիգորյանը:



Հանձնաժողովի կողմից կազմակերպվող հասարակական քննարկումներն էլ, վերջինիս համոզմամբ, խիստ ձեւական բնույթ են կրում, որովհետեւ մատակարարները եւ սպառողները գտնվում են խիստ անհավասար պայմաններում. «Եթե մատակարարները, լինելով հզոր ընկերություններ, տիրապետում են մեծ ռեսուրսների՝ թե ֆինանսական, թե մասնագիտական, ինչը թույլ է տալիս բարձր մակարդակով եւ համոզիչ ներկայացնել իրենց շահերն ապահովող հայտեր, ապա սպառողներն այսօր չունեն որեւէ հնարավորություն առարկելու նրանց, դրանով իսկ պաշտպանելու իրենց շահերը»:



Եթե խնդիրը, ըստ Գրիգորյանի, քաղաքական ենթատեքստ չունենար, ապա վաղուց կլուծվեր: «Այդ հանձնաժողովը պետք է զերծ մնա քաղաքական միջամտություններից՝ իրականացնելով անկախ գործառույթներ»,-նշեց Գրիգորյանը, հավելելով՝ մինչդեռ իրականությունը հակառակն է փաստում:



Բանն այն է, որ ընթացակարգ սահմանելու առաջարկով միությունը դեռ 2009-ին դիմել է նույնիսկ ՀՀ նախագահին, ով հանձնարարել է կառավարությանը քննարկել հարցը:  2010թ. ապրիլ-մայիս ամիսներին էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի ղեկավարությամբ երկու անգամ շահագրգիռ  կողմերի մասնակցությամբ կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են մոտեցումներ, եղել են առաջարկություններ, եւ մեկ տարի հետո միայն, այն էլ ՀՊՄ-ի հիշեցումներից հետո, էկոնոմիկայի նախարարն ուղարկել է նախարարության դիրքորոշումը. «Հետին թվով մի գրություն, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պատասխանն է էկոնոմիկայի նախարարին»:



Հասարակական նախաձեռնության խումբը դրանից հետո դարձյալ դիմել է ՀՀ նախագահին եւ վարչապետին: Նախագահի աշխատակազմից մինչ օրս որեւէ արձագանք չեն ստացել, իսկ կառավարության կողմից դարձյալ էկոնոմիկայի նախարար արդեն Տիգրան Դավթյանը 2010-ի դեկտեմբերի 30-ին ուղարկել է հերթական «լղոզված» պատասխանը` իբր արդեն ուղարկել են մասնագիտական բնորոշում:



«Նպատակահարմար եմ գտնում ծագած հարցադրումները քննարկել առավել մասնագիտական հիմնավորվածության եւ ձեւավորված միասնական հանրային կարծիքի առկայության պայմաններում»,-նաեւ նշվել է նախարարության պատասխան նամակում: «Հարց է առաջանում` ինչո՞ւ նախարարը չի կազմակերպում քննարկում»,-հարց է հնչեցնում Արամ Գրիգորյանը, նաեւ համոզմունք հայտնում, որ քննարկումներ չեն կազմակերպվի, իսկ հանրային ոլորտի սակագները կաճեն չհիմնավորված, հանրությունից անկախ կխորանան եւ կզարգանան մենաշնորհները, որին կհետեւի գների աճ տնտեսության բոլոր ճյուղերում: