Մամուլի ազատությունն ու «գիշատիչները»

Մամուլի ազատությունն ու «գիշատիչները»
Երեկ Մամուլի ազատության միջազգային օրվա հետ կապված՝ մի շարք իրավապաշտպան-լրագրողական կազմակերպություններ տվյալներ եւ հայտարարություններ են հրապարակել, որոնք արտացոլում են լրատվամիջոցների ազատության ու անկախության վիճակն ամբողջ աշխարհում:



«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է արդեն ավանդական դարձած «Մամուլի գիշատիչներ» ցանկը:



Այդտեղ ընդգրկված են տարբեր երկրների քաղաքական, կրոնական եւ ռազմական գործիչներ, որոնք աչքի են ընկնում խոսքի ազատությունը ճնշելու ջանքերով: «Մամուլի գիշատիչների» ցուցակում տարիներ շարունակ իր հաստատուն տեղն է պահպանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հարեւան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւս «գիշատիչների» թվին է դասվել:



«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը բավականին կոշտ է արտահայտվել այն մոտ 40 գործիչների մասին, որոնց համարում է ազատ խոսքի թշնամիներ: «Նրանք շատ ազդեցիկ են, վտանգավոր, դաժան եւ գործում են օրենքից դուրս: Նրանք չեն հանդուրժում մամուլի ներկայացուցիչներին, լրագրողներին վերաբերվում են որպես թշնամիների եւ ամենատարբեր ձեւերով հարձակումներ գործում նրանց վրա»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Տարօրինակ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը բացակայում է «Մամուլի գիշատիչների» ցուցակից:



Իսկ իրավապաշտպան «Freedom House» միջազգային կազմակերպության հրապարակած 2010 թվականի ցուցիչում Հայաստանը 65 միավորով զբաղեցնում է 146-րդ հորիզոնականը: Հարեւան Վրաստանը 118-րդն է, Ադրբեջանը` 171-րդը:



«Freedom House» կազմակերպության փորձագետների գնահատմամբ` մամուլի ազատության ցուցանիշը կտրուկ անկում է ապրել վերջին 10 տարիների ընթացքում` հասնելով ամենացածր ցուցանիշի, իրավապաշտպանները հատկապես ահազանգում են Թուրքիայում, Եգիպտոսում եւ Ուկրաինայում ստեղծված վիճակի մասին: Մամուլի ազատության օրվա հետ կապված՝ հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:



«Մենք չենք կարող թույլ տալ լրագրողների դեմ սպառնալիքներն ու սահմանափակումները, ԵԱՀԿ անդամները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի կատարեն մամուլի ազատությունն ապահովելու իրենց պարտականությունները»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: