«Կյանքի գինն» էլ սպառվեց, «Աննան» էլ

«Կյանքի գինն» էլ սպառվեց, «Աննան» էլ
Սերիալների թեման այնքան հին է, որքան դրանց շուրջ ընթացող քննարկումները: Երեկ կայքերից մեկը նամակ էր տպագրել «Երիտասարդ» կոնֆլիկտաբանների ակումբ ստորագրությամբ, որն իր մեջ պարունակում էր կոչ-ուղերձ հեռուստաընկերություններին: Նամակը երիտասարդները փոխանցել են նաեւ ՀՌԱՀ-ին:



«Մենք` Երիտասարդ կոնֆլիկտաբանների ակումբի անդամներս, հայտնում ենք մեր մտահոգությունը ներկայումս հեռարձակվող սերիալների բովանդակության վերաբերյալ: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական նորահայտ սերիալների հեղինակների առանցքային նպատակը հերոսների համար հնարավորինս շատ դժբախտություններ ու տառապանքի պատճառներ հորինելն է: Իսկ հերոսները կա՛մ քրեական աշխարհի ներկայացուցիչներ են, կա՛մ շատ դաժան ճակատագրեր ունեցող մարդիկ, ինչի արդյունքում հեռուստադիտողների մոտ ձեւավորվում է թյուր պատկերացում կյանքի նմուշների վերաբերյալ: Հերոսներն անընդհատ հիասթափություն են ապրում, հայտնվում անհուսալի իրավիճակներում՝ հարազատների դավաճանության, ստի, ինչ-որ անհայտ չարագործների պատճառով:



Այս ֆիլմերում ուրախության պահերն ուղղակի շռայլություն են, որոնք հերոսները ստանում են միայն վերջին սերիայում: Այդ սերիալները ստաբիլ կերպով դիտող հեռուստադիտողները սկսում են ապրումակցել հերոսներին. հատկապես խիստ զգացմունքային են արձագանքում հերոսին պատուհասած հերթական դժբախտությանը: Ապրումակցումը հեռուստադիտողների մոտ ուղեկցվում է սթրեսով, ինչը, բնականաբար, խոր բացասական ազդեցություն է թողնում նրանց առողջության ու աշխարհայացքի վրա:



Սերիալներն ուղղակի լեցուն են սեռական, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության զազրելի տեսարաններով: Ընդ որում` դրանց զգալի մասը հեռուստադիտողի աչքում «արդարացվում» է սցենարային զանազան լուծումների միջոցով: Նմանատիպ սցենարները, հեռուստադիտողների մոտ ստեղծելով սերիալային անցանկալի ինքնություն, նրանց դրդում են ներկայացվող վարքը պրոյեկտել իրական կյանքում: Այդ միջոցով հասարակության տեւական «մշակումը» մարդկանց մոտ ձեւավորում է խեղված հոգեբանություն:



Նշյալ սերիալները բացասաբար են անդրադառնում հատկապես անչափահասների վրա, որոնք տեսածն իբրեւ իրականություն ընկալելու առումով ավելի խոցելի են: Նրանց մոտ ձեւավորվում է պատկերացում, որ անընդմեջ դեպրեսիվ ապրումները նորմալ են, որ դժբախտություններն ամենուր են, ու դրանցից խուսափել հնարավոր չէ, որ ուզածին հասնելու համար կարելի է դիմել ցանկացած միջոցի, այդ թվում` բռնության: Ավելին՝ անչափահասները, սերիալների հերոսներին ընդունելով որպես չափանիշ, «հաջողությամբ» նմանակում են նրանց վարքը, խոսելաոճը եւ բառապաշարը, որոնք մեծապես աղավաղում են մեր մայրենին:



Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ սերիալները գովազդելու եւ հեռուստալսարան գերելու նպատակով՝ գովազդային հոլովակները «խոստանում են» հերոսի կյանքում նորանոր խոչընդոտներ ու դժբախտություններ: Սա իրագործվում է այն հիմնավորմամբ, թե հեռուստադիտողները նախընտրում են հենց վերը նշված բովանդակությամբ սցենարները: Մինչդեռ հենց սերիալներն են իրենց՝ ամեն գնով կախվածություն առաջացնող բովանդակությամբ թելադրում լսարանին նմանատիպ «ճաշակը»:



Հաշվի առնելով վերոնշյալ լրջագույն վտանգները՝ կոչ ենք անում հեռուստաընկերություններին խորքային ուշադրություն դարձնել նկարահանվող սերիալների սցենարների վրա՝ գիտակցելով, որ բարձր վարկանիշն ու շահույթը, անկասկած, կարելի է ապահովել` անգամ զերծ մնալով վերոհիշյալ բացասական միտումներից»:



Սերիալների բացասական եւ դրական ազդեցությունների շուրջ խոսեցինք դերասան Կարեն Ջանիբեկյանի հետ. «Չնայած տղաս՝ Սոսը, սերիալում նկարահանվում է, բայց մտածում եմ, որ էդ «Կյանքի գինն» էլ սպառվեց, էն «Աննան» էլ ա լրիվ սպառվել: Սերիալը գոնե 20-30 սերիայից ավելի չպիտի լինի, որ հետաքրքիր լինի: Հետո՝ շատ են ձգձգում, պլանները ձգում են, որ ժամանակ շահեն, գործողություն չկա, ստից նստում են, կես ժամ խոսում, ժամանակի վրա են խաղում, իսկ դա նայելու բան չի»:



Կարեն Ջանիբեկյանը սերիալում նկարահանվելու առաջարկներ ստացել է, բայց այնպիսի գին է ասել, որ դեռ ոչ ոք իրեն դրա դիմաց դեր չի առաջարկել. «Շատ չեմ ասել՝ օրը 100 հազար կամ ամիսը 3 հազար դոլար: Դեռ ըտենց դուխովը չի հայտնվել: Ջիգարխանյանն էլ էժան դերասան չի, բայց տալիս են»: Նա նշեց ոչ պակաս կարեւոր մի հանգամանքի մասին՝ գումար վաստակելու փաստը, որը շատ դերասանների է սերիալներին կապել. «Էն միջին դերասանը կամ էն դերասանը, ով իր վրա խաչ էր քաշել, գոնե ինչ-որ մի գործ անում ա, տուն ա պահում, իսկ դա շատ կարեւոր բան ա»:



Պարոն Ջանիբեկյանը սերիալի թողած բացասական ազդեցությունը համեմատեց մորֆիի հետ, որը սրսկում են ու մարդուն անջատում իրականությունից, ավելին՝ ըստ նրա, դա պետությանն էլ է օգուտ. «Քիչ կհավաքվեն, քիչ կդժգոհեն էս աշխարհից, էս կյանքից, իհարկե, դա ձեռնտու է պետությանը, բայց դա ինձ ձեռնտու չի, որովհետեւ էնդեղ արվեստ, պրոֆեսիոնալիզմ չկա»:



Աննա Էլբակյանին սերիալներում նկարահանվելու համար նույնպես գրեթե բոլոր հեռուստաընկերություններից լավ գումարով լավ դերերի առաջարկներ են արել, բայց մերժել է, ոչ թե՝ որովհետեւ գումարի կամ տարբեր դերեր խաղալու կարիք չունի. «Թեմաները չեն բավարարում, թե ինչպես են գրվում սցենարները, ինչի մասին են եւ ինչ են փոխանցում»:



Դերասանուհին այնուամենայնիվ կարծում է, որ մի քանի նկատառումներից ելնելով՝ դերասանի համար վատ չէ սերիալում նկարվել՝ նախ գումարային առումով եւ հետո՝ փորձառության, որովհետեւ. «Տեսնում եմ, որ շատ դերասաններ բացվել են, փորձ են ձեռք բերել, այդ առումով դրական եմ նայում, բայց մյուս կողմից էլ կողոպտվում են: Ոչ բոլոր տեղերում, բայց նաեւ ռեժիսորների պակաս կա, թեմաների, ինչպես նաեւ սցենարիստների: Դրանք պիտի լինեն, բայց լինեն որակով, իսկ որակով բաներ քիչ եմ տեսնում»:



Ռեժիսորների այն հակափաստարկին, թե այդկերպ իրականությունն են արտացոլում, դերասանուհին նշեց, որ իրականությունն էլ պետք է բացահայտվի արվեստով, դերասանի ձեռագրով, որպեսզի հետք թողնի, իսկ սերիալում արտացոլված մարդկային փոխհարաբերությունները, բացի գռեհիկից, նաեւ տհաճ կենցաղային են. «Նույնիսկ կենցաղում այդպես չէ, մանրուքների վրա է կառուցված, որովհետեւ գաղափարախոսություն չկա, թե ուր պետք է գնալ, հարցադրումներ պետք է արվեն, որ մարդկանց հոգին կարողանա շարժվել ու մտածել, իսկ էդտեղ մտածելու ունակությունից հանդիսատեսը բացարձակ զրկվում է»:



Անդրադառնալով նաեւ սերիալներում արծարծվող հումորի թեմային, Աննա Էլբակյանը նշեց, որ մեզանում հումորը դարձել է շատ դաժան. «Ավելի շատ ծաղրի, սարկազմի, իրար վրա կեղտաջուր լցնելու, իրար բացասական բաներ փոխանցելու միջոց է, ուղղակի «ղժժում» են իրար վրա ու համարում, որ իրենք արդեն նման են նրանց, ում որ պետք է հեռուստացույցով ցույց տան»: