HTB-ի ռեժիսորը ֆիլմ է նկարում Ցեղասպանության մասին

HTB-ի ռեժիսորը ֆիլմ է նկարում Ցեղասպանության մասին
Մենք արդեն գրել ենք, որ Երեւան էին գալու ռուսական հեղինակավոր HTB հեռուստաընկերության փորձառու մասնագետները՝ վարպետության եռօրյա դասընթացներ անցկացնելու: Նրանցից մեկն օրինակ՝ հեռուստաընկերության փրայմ-թայմ հեռարձակման գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը, հավանել է մեր երկիրը, տպավորվել հայոց պատմությամբ ու մշակույթով, հայկական կոնյակով ու մշակութային հուշարձաններով:



Սիդորովն այն հարցին, թե ինչն է իրեն երկրորդ անգամ Հայաստան բերել, ասաց. «Այս անգամ ես գալիս եմ Երեւան առանց հատուկ հրավերի: Երբ ես ինքնաթիռում էի, հեռանում էի Հայաստանից, տպավորությունները շատ մեծ էին: Ազդեցիկ էր հատկապես Ցեղասպանության թանգարանում անցկացրած ժամանակը: Ես հայոց պատմության այս սեւ էջի՝ ցեղասպանության մասին միայն մի քանի բան գիտեի: Որոշեցի Մոսկվա հասնելուն պես զբաղվել այդ գործով եւ ես երկու օրից արդեն Երեւանում կլինեմ՝ էկրանավորելու թղթի վրա գրած գաղափարս՝ ֆիլմ հայկական գենոցիդի մասին»:



HTB հեռուստաընկերության փորձառու մասնագետն ասում է, որ ցեղասպանության մասին շատերն են ֆիլմ նկարահանել, թեեւ մեկի մոտ ստացվել է, մյուսի մոտ՝ ոչ:



«Ես ցանկանում եմ առանց մեկնաբանությունների ֆիլմ նկարահանել, ցույց տալ մարդկանց, ովքեր տեսել են ցեղասպանությունը: Այն պատրաստվում եմ ներկայացնել ոչ միայն ռուսական HTB-ի շրջանակներում, այլ նաեւ միջազգային հեղինակավոր կինոփառատոնների: Մենք իմացանք, որ Հայաստանում դեռ կան ցեղասպանության տեսած ականատեսներ, մազապուրծ հայեր: Հիմնականում ներկայացնելու եմ վավերագրական կադրեր. ինքս վավերագրության կողմնակից եմ»,-ասում է մեր զրուցակիցը:



«Ֆիլմի թիրախը պետք է լինեն մարդկանց աչքերը, կարգախոսը, որը հավակնում է դառնալ նաեւ ֆիլմի վերնագիրը. մոտավորապես այսպես է ձեւակերպվում՝ «...ահա այս աչքերը տեսել են ցեղասպանությունը»: Եվ հերոսների խոսքերի ժամանակ էկրանի վրա գրվելու են, թե քանի մարդ է ցեղասպանության զոհ գնացել, քանի մարդ է կենդանի մնացել եւ այլն»,-պատմում է HTB-ի գլխավոր ռեժիսորը: Նկարահանումները Ս. Սիդորովն անցկացնելու է ՕՐԴՖԻԼՄ կինոարտադրող ընկերության օգնությամբ:



«Եթե տղաները չլինեին, դժվար թե այս նախագիծը կարողանայի այսքան շուտ իրականացնել: Ես Երեւան եմ գալիս մեն-մենակ: Օրինակ՝ օպերատորական աշխատանքներն իր ուսերին է վերցրել երեւանաբնակ իմ վստահելի ընկեր-գործընկերներից մեկը՝ Ալեք Հովհաննիսյանը, ով աշխատում է հենց ՕՐԴՖԻԼՄ ընկերությունում: Իսկ Հայկ Օրդյանը, կարծում եմ՝ իր ռեժիսորական աչքով կօգնի ինձ իրականացնելու հայաստանյան նկարահանումները»,- ասում է ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը:



Ստանիսլավ Սիդորովը նկարահանումներ է անելու նաեւ Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Թուրքիայում: Հարցազրույցներ են արվելու միջազգային պատմաբանների հետ: Ս. Սիդորովն ավելացնում է, որ եթե հաջողվի, աշխարհի տարբեր ափերում կնկարահանեն ցեղասպանությունից մազապուրծ հայերին:



Միքայել Ահարոնյան