Կարծես ԴԱՀԿ պետի ծնունդն էր

Կարծես ԴԱՀԿ պետի ծնունդն էր
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը որոշել է հետ չմնալ մյուս  գերատեսչություններից եւ այս տարի ճոխ հանդիսավորությամբ նշել ԴԱՀԿ ծառայության 13-ամյակը:  Միջոցառումը տեղի կունենա այսօր, Օպերայի եւ բալետի թատրոնում:



Նրա տոնական տրամադրվածությունը թերեւս պայմանավորված է այս տարվա փորձանքից մազապուրծ լինելու հանգամանքով. չէ որ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի փոխարեն գործազուրկների շարքում կարող էր հայտնվել Միհրան Պողոսյանը:



Հիշեցնենք, որ ամիսներ առաջ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը կապված էր Միհրան Պողոսյանի վարքագծի հետ: Ըստ շրջանառվող պատմության՝ ԴԱՀԿ ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Ռուբեն Միրաքյանը ծեծի էր ենթարկել Միհրան Պողոսյանի տեղակալին, ինչից հետո Պողոսյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ ճշտելու տեղի ունեցածը:



Այդ ժամանակ Միրաքյանն իրեն անվայելուչ էր պահել, եւ Քեթրինի Միհրանն էլ նրան էր ծեծել, ինչի մասին իմանալուց հետո Սերժ Սարգսյանն իր մոտ էր հրավիրել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին  եւ հրահանգել խիստ նկատողություն տալ Միհրան Պողոսյանին, Միրաքյանին էլ ազատել աշխատանքից:



Միրաքյանի մասով հրահանգն ի կատար է, ածվել, իսկ Միհրան Պողոսյանին նկատողություն չէր հայտարարվել, ինչից հետո Սերժ Սարգսյանը Դանիելյանին հրահանգել էր ազատման դիմում գրել: Երեկ, երբ Միհրան Պողոսյանը ռուս գործընկերոջը հպարտությամբ ներկայացնում էր իրենց նորաբաց թանգարանը, մենք նրան հարցրինք, թե ինչու է որոշել 13-ամյակը շքեղ տոնակատարության վերածել, ո՞ր ձեռքբերումն են նշում այսօր:



Պողոսյանն առանց աչքը թարթելու՝ թվարկեց պատճառները. «Պայմանավորված է աշխատանքի  ակտիվությամբ, ձեռք բերված հաջողություններով եւ միջազգային կապերով, Ռուսաստանի հետ կապված էն առաջարկներով, որ քննարկում ենք երկու տարի… Այդ ամենը բերեց նրան, որ մենք ասելու բան ունենք՝ ինչո՞ւ չէ»: Ապա տոնը ծաղկեցրին երգիչ-երգչուհիները՝ իրենց բազմաժանր ելեւէջներով:



Նրա տոնական պայծառ տրամադրությունը չփչացնելու մտայնությամբ ԴԱՀԿ-ի ծննդյան կապակցությամբ կազմակերպված բրիֆինգին մամուլի ծառայությունը հրավիրել էր ցանկալի լրատվամիջոցներին, այդ պատճառով հանդիպումը կաշկանդված էր եւ արհեստական: Այնպես էր հրավիրյալների ցանկն ընտրվել, կարծես ոչ թե ԴԱՀԿ-ի ծննդյանն էին հրավիրել լրագրողներին, այլ Միհրան Պողոսյանի: