ԲՀԿ-ն «լեզվի կռոս» դուրս չի գա
Ավելին՝ կրկին շրջանառության մեջ դրվեց տեղեկություն, թե հնարավոր է առաջիկայում ԲՀԿ արտահերթ համագումար լինի ու կուսակցության առաջնորդ դառնա Ռոբերտ Քոչարյանը: Որոշ տեղեկություններով՝ ԲՀԿ-ում վերջնական որոշել են առանձին ցուցակով գնալ ընտրություններին: Թերեւս ԲՀԿ-ում մտավախություն կա, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը կարող է կորցնել ԱԺ-ում երկրորդ ուժի իր դիրքերը եւ ոչ միայն ԱԺ-ում:
«Առաջին, երկրորդ եւ այլ տեղերը հիմնականում արծարծում են սպորտային ասպարեզում, թե ով ինչքանով է մարզված, իսկ քաղաքական դաշտում դա արտահայտվում է ժողովրդին նվիրված լինելու չափանիշներով եւ ոչ թե «լեզվի կռոս» դուրս գալով: Իսկ ԲՀԿ-ն, իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ իր թիմի գործունեությամբ, խոսքը գործ է դարձրել իր՝ քաղաքական դաշտ մտնելուց, ի օգուտ պետության եւ մեր սեփական ժողովրդի: Ժողովրդի մեջ ռեյտինգ հավաքելը դրանում է կայանում, թե ինչ ես արել ժողովրդի ու պետությանդ համար: Պետք լինի՝ ամեն պատահած քաղաքական ուժին էլ ժողովրդի մեջ ունեցած մեր էլեկտորատից նվեր կարող ենք տալ, որ գոնե ընտրության արդյունքներում մի քիչ առաջընթաց ունենան: Ինչի՞ մասին է խոսքը, որ մենք պիտի վախենանք կամ էլ ինչ-որ մտածենք էդ մասին»,- երեկ մեր դիտարկմանն ի պատասխան, թե այսօր անհանգստություն է նկատվում ԲՀԿ-ում, որ իշխանության ու ընդդիմության հնարավոր երկխոսության արդյունքում ԲՀԿ-ն կորցնելու է ԱԺ-ում երկրորդ ուժի իր դիրքերը, հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո):
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ում եւ որքան ձայն են պատրաստ նվիրել: «Մենք ոչ մեկին չենք պատրաստվում ձայներ նվեր տալ, բայց եթե հարկ լինի, մենք էնքան ձայներ ունենք մեր ժողովրդի մեջ, որ մեզ բավարար ա»,-հայտարարեց ԲՀԿ-ականը:
Ռուբեն Գեւորգյանին հարցրինք նաեւ՝ եթե ԲՀԿ-ն անհանգստություն չունի, ինչո՞ւ են նման հայտարարություններ հնչում, որոնք ավելի շատ որպես քաղաքական սպառնալիք կարելի է դիտել, թե՝ ինքնուրույն կգնանք ընտրությունների եւ այլն: «Անհանգստություն պարունակող հայտարարություններ չեն եղել: Ունենք առաջնորդ, որն արդեն իսկ արտահայտվել է այդ մասին: Կգա ժամանակը՝ որոշումն էլ կտեսնեք շատերդ. ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ն գնում է առանձին՝ ժողովրդի մեջ ունեցած իր էլեկտորատին տեր կանգնելով: Հուշագրի ստորագրումը կապ չունի ԱԺ ընտրությունների ինչ-որ ձեւի մասնակցության հետ»,-հայտարարեց Ռուբեն Գեւորգյանը՝ հավելելով. «Մենք առանձին ենք գնալու: Ուրիշ կարծիք լինել չի կարող»:
Տպավորություն կա, որ ԲՀԿ-ն, կոալիցիան՝ ընդհանրապես տեղեկացված չի եղել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ու իշխանության հնարավոր երկխոսության մասին: Այս առթիվ մեր հարցադրմանը ԲՀԿ քաղխորհրդի անդամը հայտարարեց.
«Ի՞նչ երկխոսության տեղեկացվելու մասին է խոսքը, եթե նման երկխոսության մասին Ձեզանից եմ լսում: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ իրենց հնչեցրած քաղաքականությանը, տեղեկացվելու ոչ մի կարիք չկա, քանի որ ինչ կատարվում է, կատարվում է ողջ ժողովրդի եւ զանգվածային մամուլի առաջ: Պարզապես երկրի նախագահն իր դրական վերաբերմունքն արտահայտեց այն ժամանակ, երբ ընդդիմությունն ամբոխային վիճակից անցավ պայքարի քաղաքակիրթ ձեւի, իսկ քաղաքակիրթ պայքարի ձեւ որդեգրած ընդդիմության հետ ամեն մի իշխանություն էլ կգնա համագործակցության: Համագործակցությունը միշտ օգուտ է պետությանը, որը կվերացնի լարված քաղաքական բեւեռացումը եւ կնպաստի մեր ժողովրդի հավաքականությանը»:
Եզրակացրինք, որ ԲՀԿ-ն կողմ է երկխոսության կայացմանը: «Այստեղ ԲՀԿ-ի խնդիրը չի: Ողջ քաղաքական դաշտին է պետք, որ ընդդիմությունն ընդհանուր առողջ ուժերի հետ գնա համագործակցության»: Վերջին շրջանում կրկին ակտիվացած խոսակցությունների առթիվ, թե հնարավոր է ԲՀԿ-ն արտահերթ համագումար անի, եւ Ռոբերտ Քոչարյանը դառնա կուսակցության ղեկավար, երեկ ԲՀԿ-ականին հարցրինք, թե դա ավելի քաղաքական սպառնալի՞ք է՝ ուղղված Հանրապետականին, թե՞ այնուամենայնիվ հնարավոր է նման զարգացում: «Կասեի, որ ԲՀԿ-ն ունի իր քաղաքական առաջնորդը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Այնպես որ, կուսակցությունն իր քաղաքական խորհրդով հպարտ է իր առաջնորդով: Ինչ վերաբերում է մեծարգո Ռոբերտ Քոչարյանին, որի հանդեպ հարգանք եմ տածում, որպես երկրի երկրորդ նախագահի, եթե նա ցանկություն ունենա քաղաքականություն վերադառնալու, ինձ թվում է՝ ոչ մի միջնորդի կարիք չի ունենա: Ինչ վերաբերում է ինչ որ կուսակցությունը ցույց տալուն կամ վախեցնելուն, ապա ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ նման խնդիր չունի»:
«Իսկ ԲՀԿ-ն պատրա՞ստ է զիջել ԱԺ-ում իր դիրքերը» հարցին Ռուբեն Գեւորգյանը հայտարարեց. «ԲՀԿ-ն ոչ մեկին էլ պատրաստ չի զիջել դիրքերը: ԲՀԿ-ն կայուն, համառ եւ հպարտ, իր ժողովրդի մեջ դուրս է գալու ընտրության եւ տեր է կանգնելու իր ամեն մի ձայնին»:
«Սերժ Սարգսյանի կուսակցության ներկայացուցիչներն այս փուլում հիմնականում խուսափում են որեւէ մեկնաբանություն անելուց, թե ինչու է ԲՀԿ-ն անհանգիստ» հարցին երեկ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ անհանգիստ է, ուղղակի ԲՀԿ մեր գործընկերները հայտարարություններ արեցին»:
Ինչ վերաբերում է կոալիցիոն հուշագիր ստորագրած ԲՀԿ-ի՝ առանձին ցուցակով գնալու հայտարարություններին, ապա, ՀՀԿ-ականի հավաստմամբ. «Այսօր նման պրոցես չկա: Շատ վաղ է նման հարցերով խոսել: Իսկ կուսակցություններն ազատ են, եւ քաղաքական ուժերն իրենք են որոշում կայացնում: Ես կարող եմ Հանրապետականի տեսանկյունից ասել, որ այսօր մեզ մոտ միասնական գնալու քննարկում, գոնե որքանով ես տեղյակ եմ, նման քննարկում չկա»: Հանրապետականից հետաքրքրվեցին, թե այսօրվա դրությամբ իշխանություն-ընդդիմություն երկխոսություն կա՞: «Երկխոսություն ասելով ի՞նչ ի նկատի ունեք. պաշտոնապես պիտի ասեն՝ երկխոսում ենք, կամ պիտի գրեն, որ երկխոսում են: Իշխանությունն իր գործն է անում, ընդդիմությունն իր գործն է անում»,- հայտարարեց հանրապետականը:
ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նորմալ է գնահատում ԲՀԿ-ի հայտարարությունները. «Դա իրենց խնդիրն է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի որոշելու ընտրություններին մասնակցելու իր ձեւաչափը»: Նա եւս պնդեց, թե ընտրություններին ընդհանուր ցուցակով գնալու կամ չգնալու խնդիրը չի քննարկվում: Թեեւ ոչ վաղ անցյալում՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ, թե որոշ ՀՀԿ-ականներ, թե ՕԵԿ-ականներ չէին բացառում նման հնարավորությունը:
Կարծիքներ