Եկել է հարձակվելու ժամանակը
Այն նախաձեռնել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը: Երեկվա նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները: Նրանք իրենց խոսքում ընդգծեցին տեղեկատվական ոլորտում հակահայկական տրամադրություններ ունեցող հարեւաններին արժանի պատասխան տալու անհրաժեշտությունը:
«Տեղեկատվական ոլորտում անհաջողություններ չկրելը մեր բոլորի պարտականությունն է, մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք, քանի որ դա սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը»,- ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ մենք պարտավոր ենք ապավինել սեփական բազկին եւ արտաքին ուժերի օգնության վրա հույս չդնել, քանի որ «աշխարհի թիվ 1 ահաբեկչին ոչնչացնող երկրի դեսպանը «չի կարողանում» այցելել Հին Ջուղա եւ տեսնել, թե ինչպես են ոչնչացվում հայկական պատմական հուշարձանները»:
Իսկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ այսօր հայկական մշակույթն ու գիտությունը պաշտպանելու խնդիր կա, այդ պատճառով էլ «իրենք էլ են տեղափոխվել ազգային անվտանգության դաշտ»: Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը նշեց, որ պետք է ավելի ակտիվ կեցվածք ընդունել եւ չսպասել, որ տեղեկատվական դաշտում ադրբեջանցիները հարձակվեն, հետո միայն պատասխանել: «Մենք պետք է նախօրոք թիրախներն ունենանք եւ խփենք այդ թիրախներին»,- կարծում է Սիմոնյանը:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ վստահեցրեց, որ թուրքերը դեռ չեն հրաժարվել պանթուրքիզմի գաղափարից. «Հայաստանը պետք է սեպ խրի ադրբեջանաթուրքական միասնության մեջ, եւ մենք դա կարող ենք անել, քանի որ թուրքական ժողովուրդները նույնպես տուժել են ադրբեջանցիներից, օրինակ, թուրքմենները»: Ռադիկ Մարտիրոսյանի միտքը լրացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով ասաց, որ թուրքմեն գործընկերների հետ հանդիպման ժամանակ վերջիններս պատմել են, որ ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաեւ իրենց պատմությունը:
Եվ սա հասկանալի է. իրականում պատմական անցյալ եւ մշակույթ չունեցող ժողովուրդը փորձում է ազգային գիտակցություն ձեւավորել կեղծիքի եւ մշակութային յուրացումների միջոցով: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ եղան տարբեր թեմաներով՝ թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարության, հայկական ճարտարապետության, թուրքական հանրագիտական գրականության մեջ հայագիտության թեմաների արծարծման եւ տարածաշրջանային քաղաքականության գործընթացներում Ադրբեջանի դերի գերագնահատման:
Այս ամենը լսելով՝ ինձ մոտ տրամաբանական հարց առաջացավ՝ իսկ ո՞րն է լինելու գիտաժողովի արդյունքը, արդյո՞ք մասնակից գիտնականների կողմից կազմվելու է որեւէ արձանագրություն, ռազմավարություն, գործողությունների ծրագիր, որն ի կատար կածվի գիտաժողովից անմիջապես հետո: Պաշտպանության նախարարը կանխեց այս հարցը եւ մինչ քննարկման անցնելն ասաց, որ ինքն ակնկալում է մասնակիցներից եզրակացություններ եւ առաջարկություններ, որոնք կարող են ներկայացվել ինչպես երկրի նախագահին, այնպես էլ իրեն:
Մայիսի 6-ին՝ գիտաժողովի փակման արարողության ժամանակ, կներկայացվեն այս առաջարկություններն ու եզրակացությունները, որոնք էլ, ըստ էության, ուղեցույց կդառնան հետագա գործողությունների համար: Մի բան հստակ է՝ գիտաժողովի մասնակիցների մեծամասնության մոտ ցանկություն է նկատվում առավել հարձակողական քաղաքականության անցնելու:
ՀԳ - Գիտաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը միջին եւ միջինից բարձր տարիքի մարդիկ են, ովքեր բավարար կրթություն ունեն ադրբեջանաթուրքական զրպարտությունները բացահայտելու համար, սակայն պարզ չէ, թե այսօրվա երիտասարդությունն ի վիճակի կլինի՞ առավել հաջող հանդես գալ այս ոլորտում:
Այս նկատառումով ես պատրաստվում եմ առաջարկություն ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահին՝ հույս ունենալով, որ առաջարկությունս կհասնի պաշտպանության, կրթության եւ գիտության, ինչու չէ՝ նաեւ արտաքին գործերի նախարարին: Կարծում եմ՝ անհրաժեշտ է պետական բուհերի 4-րդ կուրսի ուսանողների համար (հատկապես ժուռնալիստիկայի ֆակուլտետներում) հատուկ դասընթաց անցկացնել Արցախի պատմության, պատերազմի եւ ներկայիս քաղաքականության ու տեղեկատվական մարտահրավերների վերաբերյալ, որպեսզի վաղը նրանք պատրաստ լինեն փոխարինելու այսօրվա գիտնականներին:
Լրագրողների պասիվությունն ու անտարբերությունն այսօրվա գիտաժողովի նկատմամբ եւս վկայում են, որ ԶԼՄ-ների հետ հատուկ աշխատանք տանելու խնդիր կա:
Կարծիքներ