ՀԳՄ-ում նեյնիմ-նեյնիմ անողները շատ են

ՀԳՄ-ում նեյնիմ-նեյնիմ անողները շատ են
Մի քանի շաբաթ առաջ ՀԳՄ վերստուգիչ հանձնաժողովը հրապարակել է ՀԳՄ ֆինանսատնտեսական գործունեության ամփոփագիրը, որը հենց Գրողների միության անդամների շրջանում տարբեր մեկնաբանությունների ու տարակուսանքների առիթ է տվել: Այս թեմայի շուրջ զրուցեցինք ՀԳՄ անդամ, երգիծաբան, գրող Վլադիմիր Հայրապետյանի հետ, ով նշեց, որ ՀԳՄ-ի իրականացրած ֆինանսական գործունեության, ինչպես եւ այլ հարցերի վրա կնճիռներ շատ կան:



Մասնավորապես մատնանշելով մի քանի շաբաթ առաջ հրապարակված ՀԳՄ ֆինանսատնտեսական գործունեության ամփոփագիրը, որտեղ սոցիալական ծախսերի համար՝ գազ, էլեկտրաէներգիա, հեռախոս, դուրս է գրել մոտ 10 մլն դրամ, մինչդեռ տարվա կտրվածքով գրողներին օգնություն է տրվել 195 հազար դրամ:



Չնայած այն բանին, որ «բաքսի» է քաշված, շենքը չի ջեռուցվել: Ըստ Հայրապետյանի՝ «բաքսին» քաշել են ու գրողներին 2-3 ամսով արձակուրդի անվան տակ տանը նստեցրել: Մնացած ամիսներին նույնպես չի ջեռուցվել, ՀԳՄ անդամը վկայակոչեց փոքրիկ «պլիտան», որով եւ տաքացել են, թեյ խմել:



«Գոնե համամասնական տրամաբանությունը պետք է գործեր, որովհետեւ Գրողների միությունը դրա համար է ստեղծված, որպեսզի գրողներին օգնի ֆինանսապես, սոցիալապես: 10 անգամ ավել վճարվում է ներքին ծախսերի համար, քան հենց գրողներին: Գրողներին օգնության տրվող ծախսերն ավելի գերակա պիտի լինեին, քան ինքնապահպանման ծախսերը: Վերստուգիչ հանձնաժողովը կոչված է ոչ թե ամփոփագիր ներկայացնելու, այլ վերլուծելու»,- նշեց պարոն Հայրապետյանն ու հավելեց՝ բացի այդ, ամփոփագրում նշված է, որ պետական աջակցությամբ լույս տեսած գրքերի հեղինակներին տրվել է տպաքանակի 40 տոկոսը, բայց վերջերս 500 տպաքանակով լույս տեսած իր գրքի միայն 20 տոկոսը՝ 100 օրինակն են տվել.



«Ես տպարանի տնօրենին՝ Բագրատ Ալեքյանին ասեցի, որ մնացած 100-ն էլ տուր: Ինձ ասեց, թե տպագրական սխալ է գնացել թերթում, այդ դեպքում, ասեցի, հերքում տուր կամ գիրքս տուր, որովհետեւ ես ոչ ավել եմ ուզում, ոչ պակաս, այլ ուզում եմ օրենքով լինի»:



Կապվեցինք նաեւ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Խաչատուր Ավագյանի հետ, ով զայրացած նշեց, թե այդ ով է այդպես մակերեսորեն, առանց իր հետ զրուցելու, թվերի մեջ խորանալու, առանց փաստաթղթերին ծանոթանալու այդպիսի բաներ ասել: Նշեցինք, որ ամփոփագրում թվերի հարաբերակցությունն ու ներկայացված թվաբանությունն ակնհայտ էին, ինչին նա պատասխանեց.



«Հանձնաժողովը մանրամասն ստուգել է բոլորը եւ հայտնել իր նկատառումները, թե ինչ պակասներ կան, ինչ խնդիրներ, ինչն է խանգարում: Մեր հանձնաժողովը միակն է բոլոր ստեղծագործական միությունների մեջ, որ տարեկան հաշվետվություններ է տալիս»: Պարոն Ավագյանը հավելեց, թե նման դժգոհությունն արդարացի չէ.



«Թող մատնանշի, թե կոնկրետ որ մի թիվն է սխալ, թե չէ այսպես հայտարարություններ անելով չի»: Պարոն Ավագյանին հիշեցրինք սոցիալական ծառայությունների համար դուրս գրված գումարները, որտեղ նա առաջ քաշեց մի նրբություն. «Շենքի մի մասը վարձով է տրված, եւ նրանք՝ ձմեռ լինի թե ամառ, միացնում են, ու նրանց մեծ մասն էլ վարձը չի տալիս, զոռով-կռվով մի բան ենք անում, պետությունը ոչ մի կոպեկ չի տալիս, հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում»:



Փաստորեն, ՀԳՄ-ն իր բյուջեից է վճարում վարձակալողների   օգտագործած գազի եւ հոսանքի դիմաց. «Հազար ու մի ծախս կա, ամեն մեկին չենք կարող հսկել՝ պլիտա ա միացնում, թե ինչ, բայց էներգիան շչոչիկով գնում է»:



Վլադիմիր Հայրապետյանը, որպես լուծում, առաջարկեց թեթեւացնել ՀԳՄ նախագահի աշխատանքը՝ անհարկի ծանրաբեռնված համարելով նրա աշխատագրաֆիկը, ինչի դեպքում լավ կլիներ տնտեսաֆինանսական խնդիրները նրա գործառույթներից առանձնացնել, ինչն էլ իր հերթին կնպաստեր ու չէր խանգարի Անանյանին զբաղվել ստեղծագործական հարցերով:



Նա նշեց, որ երբեք իրեն թույլ չի տվել օգնություն խնդրել ՀԳՄ-ից, որովհետեւ՝ «իմ հարազատ տնից օգնություն խնդրելը ո՞րն է, եթե ունես կարիք՝ ինքը պիտի զգա ու օգնության ձեռք մեկնի: Էդ հարցերի հետ ոչ առնչվել եմ, ոչ էլ ուզում եմ առնչվել, ուրիշները չգիտեմ ոնց են անում, դե երեւի երկնքի-երկրի դռներն են ծեծում, որ հիմա կհամբարձվեմ, եթե չտաս՝ էս կարգի»:



Նա նշեց, որ 89-ին, երբ եկել է ՀԳՄ, իր աչքի առաջ ունեցել է Չարենցին, Թումանյանին, բայց հիմա այնպիսի գրողներ կան, որ պատիվ չի բերում ոչ մեկին. «Երբեմն անհիմն հեշտացնում ենք նաեւ Գրողների միության անդամության հարցը եւ անհարկի դժվարացնում: Օրինակ մի տարի 40-50 գրող ենք միանգամից ընդունել, կարծես թե Ստալինգրադի ճակատամարտ էինք ունեցել, ահագին զոհեր էինք տվել, ու համալրում էր պետք գրողների շարքերը, բայց շնորհալի գրողները չեն գալիս նոսրացած շարքերը համալրելու, եւ դրանից հետո էլ անհարկի ժամանակավորապես կանգնեցրինք ընդունելությունը: Ես կարող եմ տալ շատ տաղանդավոր մարդկանց անուններ, ովքեր Գրողների միության անդամ չեն, բայց կարող եմ ասել նաեւ՝ ՀԳՄ անդամների մեջ նեյնիմ-նեյնիմ անողներ տասնյակներով կան»: