Հանրային խորհուրդը նոր ստատուս է ուզում
Նախ իր ելույթում Վազգեն Մանուկյանը, թերեւս կառույցի տեղը «պնդացնելու» նպատակով, երկար-բարակ ներկայացրեց հանրային խորհուրդների ստեղծման պատմությունը, թվարկեց նման կառույց ունեցող մի շարք երկրներ, ապա հայտարարեց, թե դա ամենեւին «հնարովի բան» չէ, այսինքն՝ ձեւական բնույթ չի կրում: «Ես կարծում եմ, որ կամաց-կամաց Հանրային խորհուրդը կարեւոր տեղ է զբաղեցնում մեր հանրային կյանքում, նաեւ պահանջատիրություն կա Հանրային խորհրդի նկատմամբ»,- նման համոզմունք հայտնեց Մանուկյանը:
Խորհրդատվական մարմնի կարգավիճակով չբավարարվելով՝ Վազգեն Մանուկյանը «նոր ստատուս» պահանջեց Հանրային խորհրդի համար: «ԱԺ-ն նոր ստատուս պետք է ընդունի Հանրային խորհրդի մասին, որտեղ հստակ կլինեն լիազորություններն ու պարտավորությունները, ինչպես նաեւ կանոնակարգային հարաբերությունները կառավարության եւ պետական այլ մարմինների հետ, ինչը թույլ կտա ՀԽ անդամներին մասնակցելու պետական մարմիններում անցկացվող քննարկումներին»,- նշեց Վ. Մանուկյանը:
Սակայն առանց դրա էլ, երկու տարվա ընթացքում, ՀԽ անդամների ներկայացմամբ, իրենք «ռազմավարական եւ ստրատեգիական» հարցեր են լուծել: Մանուկյանը երկրի համար ռազմավարական նշանակություն համարեց այն, որ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրենց առաջարկությունների արդյունքում է, որ Ազգային ժողովն ընդունեց փոփոխությունների «փոխզիջումային» տարբերակ:
Հիշեցնենք՝ այնպես ստացվեց, որ գոնե այս հարցում Հանրային խորհուրդն ի սկզբանե արտահայտում էր օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ հասարակության դժգոհությունները եւ ընդհանրապես դեմ էր օտարալեզու դպրոցների բացմանը, բայց դա չխանգարեց, որպեսզի ԱԺ-ն ընդուներ նշված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կստեղծի բացել օտարալեզու դպրոցներ: Իսկ Հանրային խորհուրդը ոգեւորված է, որ ստիպել է օտարալեզու կրթություն իրականացնել միայն ավագ դպրոցներում. իզուր չեն ասել՝ «...էլ բեթարից ազատեցին»:
Նաեւ հետաքրքրական է, որ Հանրային խորհուրդն իրեն է վերագրում Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սովորողների նկատմամբ աշխատակիցների կողմից իրականացված հակաօրինական գործողությունների կապակցությամբ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու որոշման ընդունումը եւ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքներից ազատելը:
Մինչդեռ հայտնի պատմության մասին ինքը՝ Սուխուդյանը, լրատվամիջոցներին տեղեկացրել էր, թե զուգադիպություն չի համարում, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի՝ իրեն «Խիզախ կին» մրցանակ հանձնելուն հաջորդեց իր գործը կարճելը: Ինչպես նաեւ՝ Հանրային խորհուրդն է, որ գյուղի զարգացումը ռազմավարական նշանակություն համարելով, ստիպել է ՀՀ նախագահին եւ ողջ իշխանական էլիտային դեմքով «շուռ գալ դեպի գյուղն ու գյուղացին»:
«Արդյունքում հասանք նրան, որ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին մեր առաջարկությունները տեղ գտան ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2010-2020թթ. հայեցակարգի մեջ»,-իր ելույթում նշեց ՀԽ գյուղատնտեսության ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը: Մի խոսքով, ըստ Հանրային խորհրդի հաշվետվության, հաշվետու ժամանակաշրջանում քննարկվել է հանրության եւ ՀԽ-ի կողմից բարձրացված 43 օրակարգային հարց եւ ընդունվել 26 որոշում:
Մեր թերթի էջերը թույլ չեն տա դրանք բոլորը ներկայացնել, սակայն ներկայացվածներն էլ, կարծում ենք՝ բավարար են ի ցույց դնելու Հանրային խորհրդի գործելաոճը: Այդուամենայնիվ ՀԽ ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշեցին, որ գյուղատնտեսության, տնտեսության, կրթության եւ այլ ոլորտների մի շարք կարեւորագույն հարցեր իրենք եւս շոշափել են, իսկ հանրությունը կարող է դրանց մասին տեղեկանալ Հանրային խորհրդի պաշտոնական կայքում:
Կարծիքներ