Կարապետիչն էլ սպառվեց

Կարապետիչն էլ սպառվեց
«Ցավոք, մենք մեր կանխատեսումների մեջ ճիշտ էինք, այսօր մեր կուսակիցներն են եկել, ես շնորհակալություն եմ հայտնում, որ դուք եկել եք մեզ սատարելու»,-Մատենադարանի հարթակում հավաքված 100-200 հոգուն այսպես ողջունեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:



Նա երեկ հանրահավաք էր հրավիրել եւ նախօրոք հայտարարել, որ շատ լուրջ են նախապատրաստվել այս հանրահավաքին, սակայն մարդկանց սակավությունը հիասթափեցրել եւ զայրացրել էր Տիգրան Կարապետյանին: Նա զայրույթից անգամ դեմ էր գնացել իր սկզբունքներին եւ ծխում էր, զանգահարում էր ինչ-որ մարդկանց ու զայրացած հրամայում գալ Մատենադարան:



«Կարեւորը քանակը չէ, կարեւորը որակն է»,-իր հերթին արձանագրեց ԺԿ մամուլի խոսնակ Մանվել Մարգարյանը եւ հավելեց, որ Ժողովրդական կուսակցությունը միակ իրական երրորդ ուժն է. «Այս շարժումը կա, գործում է, եւ անելու ենք ամեն ինչ, որ լուծենք նաեւ քանակի հարց: Հիասթափվել պետք չէ: Եթե դուք անկոտրում կամք ձեռք բերեք, ի վերջո տեսնելու եք բաղձալի հաջողությունը»: Նրանք երկուսն էլ մեղադրեցին ինչ-որ մարդկանց ժողովրդին հիասթափեցնելու համար եւ իրենց հանրահավաքի սակավությունը հենց դրանով էլ բացատրեցին: «Մարդիկ հիասթափվել են, դրա համար էլ չեն եկել»,-եզրակացրեց Կարապետիչը:



Մեր հարցին, թե իրենից է՞լ են հիասթափվել, նա պատասխանեց՝ ոչ, բացառությամբ ինձնից: Մի քանի րոպե տեւած հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ հենց ինքը եւ, անդրադառնալով իրեն լքած նախկին համակիրներին, ասաց. «Մտածում են՝ բա որ մեկը վաղը փող առաջարկի... բա էդ փող ա՞, 5 հազար կամ 10 հազար դրամը: ...Ասում եք` Կարապետիչ, կըլնե՞ս վճռական... գալիս ե՞ք, որ վճռական լինենք, արժանի ե՞ք, որ մեր կյանքը ձեր համար դնենք: Ինձ ոչ աթոռ ա պետք, ոչ թագ ա պետք։ Ինձ պետք ա, որ ժողովուրդը լավ ապրի»:



Վերջում հավելեց, որ հաջորդ հանրահավաքը կլինի միայն այն ժամանակ, երբ մարդիկ պատրաստ լինեն պայքարել իրենց իրավունքների համար եւ հզոր ձեւով դուրս գան պայքարի: «Մենք քիչ ենք, բայց ազնիվ ենք, մեր նվիրաբերումները մեզ որպես քննադատություն են ներկայացնում, իսկ իրա՞նք ինչ են տվել: Ուրեմն, մենք կմնանք ազնիվ, սկզբունքային, բայց այն տղաները, որ այսօր մեզ հետ չեն, պետք է հասկանան, որ մի օր իրանց էլ կհասնի էդ մուրճը»,- եզրափակեց Կարապետիչը եւ միկրոֆոնից հեռանալով՝ իր համակիրներից մեկին զայրացած ասաց.



«Էս էլ ա սրանց շատ, թող գնան»: Ի դեպ, հանրահավաքից հետո նախատեսվում էր երթ, որը, սակայն, տեղի չունեցավ: Հանրահավաքի մասնակիցները երթով պետք է հասնեին կառավարության շենքի մոտ, ապա` նախագահի նստավայր: Պատճառը դարձյալ մարդկանց սակավությունն էր: