Ի՞նչ է նշանակում՝ հաշվի առնել

Ի՞նչ է նշանակում՝ հաշվի առնել
Չնայած ԵԽԽՎ-ն պահանջում է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը՝ հաշվի առնելով ընդդիմության տեսակետները, երեկ ԱԺ-ում անցկացված լսումներից ու խորհրդարանական ընդդիմության եւ ՀԿ-ների բողոքից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունը ոչ միայն միայնակ, ինչպես ասում են՝ «իր վրայով կարել է» նոր ԸՕ-ն, այլեւ հաշվի չի առել ու չի էլ պատրաստվում հաշվի առնել ընդդիմության առաջարկները:



«Հաշվի առնելը նշանակում է քննարկել եւ դա չի նշանակում ընդունել պարտադիր»,- երեկ մեզ հետ զրույցում «բացատրեց» ԸՕ նոր տարբերակի հեղինակ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ շարունակելով. «Դրանով է տարբերվում մեծամասնությունն ընդդիմությունից: Մենք, իհարկե, ուզում ենք հաշվի առնել, եւ եթե ուշադրությամբ հետեւեցիք իմ ելույթին՝ ես նշեցի, թե որ պահանջներն ինչպիսի քայլերի են մեզ դրդել, ինչպիսի փոփոխություններ ենք մենք կատարել եւ շարունակում ենք կատարել օրենսգրքում, որ ինչ-որ ձեւով խնդիրը լուծենք: Սակայն մենք չենք կարող բացարձակապես ընդունել յուրաքանչյուր առաջարկ»:



Կոալիցիայի հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծից դժգոհ են թե Դաշնակցությունը եւ թե «Ժառանգությունը»: «Վենետիկի հանձնաժողովի հարգելի անդամներ, Դուք նշում եք, որ բոլոր կուսակցությունները` թե կառավարության եւ թե ընդդիմադիր, պատասխանատու են այս առումով: Ինչի՞ համար է «Ժառանգությունը» պատասխանատու, եթե «Ժառանգության» որեւէ սկզբունքային առաջարկ չի ընդունվել»,- երեկ հարց բարձրացրեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով.



«Այստեղ չկա ընդդիմությունը: Չկա վերահսկելիության մեխանիզմների կիրառման հնարավորությունը: Ընտրական օրենսգիրքը` այս ձեւով, չի ունենալու ոչ հասարակության, ոչ ընդդիմության վստահությունը»: ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ընդդիմության առաջարկած չորս հիմնական սկզբունքներն անտեսվել են ԸՕ նախագծի քննարկման ժամանակ: «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահը հայտարարեց, որ իրենք ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որեւէ մեկը չի ընդունվել:



«Անունը դնում են «քննարկումներ» եւ այլն, 40 ՀԿ է մասնակցել: Միջինը ամեն մեկը 10 առաջարկ է արել, ոչ մեկի առաջարկը չի անցնում, եւ չեն ասում, թե ինչ պատճառով»,-մեզ հետ զրույցում հայտարարեց նա՝ հավելելով. «Եթե 2-րդ ընթերցումով էլ անցնի, ստիպված ենք դիմել Սահմանադրական դատարան»:



Փոխարենը Դավիթ Հարությունյանն անընդունելի կետեր է մատնանշում Վենետիկի հանձնաժողովի առաջարկներում: «Պարզվում է՝ ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկներն ընդունելի չեն մեր իշխանությունների համար, քանի որ  հակասում են ՀՀ Սահմանադրությանը կամ էլ հնարավոր է սպառնան մեր երկրի անվտանգությանը»,- երեկ հայտարարեց նա՝ հավելելով, որ վտանգավոր է այն դրույթը, որ ՀՀ նախագահի թեկնածու կարող է լինել այն անձը, ով ոչ միայն ՀՀ քաղաքացի է:



Եվրոպացի փորձագետներն առաջարկում են նաեւ վերանայել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մի շարք դրույթներ` առաջարկելով փոխել հանձնաժողովների ձեւավորման կարգը, վերացնել թեկնածուների եւ դիտորդների իրավունքների սահմանափակումները, որպես բազմակի քվեարկության կանխարգելման միջոց՝ առաջարկել են մատների թանաքոտման տարբերակը:



Քննարկմանը ներկա էին Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) փորձագետները: Նրանցից մեկին՝ Կառե Վոլլանին, վերջում մի քանի հարց ուղղեցինք:



- Պարոն Վոլլան, ԵԽ պահանջն էր, որ ՀՀ իշխանությունն ընդդիմության հետ համատեղ օրենսգիրք մշակի, բայց մեր իշխանությունը չի ընդունում ընդդիմության առաջարկները: Ինչո՞ւ Ձեր կազմակերպությունը հարց չի ուղղում ՀՀ իշխանություններին, թե ինչու ընդդիմության առաջարկները չկան նախագծում:



- Պաշտոնապես դրանք կան: Նկատի ունեմ, օրինակ, ընտրական գործընթացի նկարահանման մասը: Եվ երկրորդ՝ այն, ինչ մենք ասում ենք ընդհանրապես, դա այն է, որ նրանք պիտի խոսեն իրար հետ: Եվ դա պետք է լինի երկու կողմից:



- Մեր իշխանությունը, սակայն, չի ուզում ընդունել ընդդիմության առաջարկները:



- Բայց մենք ասում ենք, որ նրանք պետք է խոսեն իրար հետ, երկու կողմերն էլ: Մենք դրանից ավելին անել չենք կարող:



- Դավիթ Հարությունյանը հենց նոր ինձ ասաց, որ ԵԽ-ն ասել է, որ մենք կարող ենք խոսել, բայց դա անպայման չէ, որ պետք է ընդունենք ընդդիմության առաջարկները:



- Այն, ինչ մենք ասում ենք, հետեւյալն է. իրականում կան խնդիրներ, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս:



- Սակայն ակնհայտ է, որ կոնսենսուս չկա:



- Կոնսենսուսի հասնելու համար մենք ասում ենք, որ նրանք պետք է խոսեն իրար հետ: Մենք չենք կարող ավելին անել: Դրանից ավելի ի՞նչ պետք է մենք անենք: Ի վերջո՝ խորհրդարանն է որոշում կայացնում: Մենք միայն ասում ենք, որ այդ ընթացքում շատ-շատ կարեւոր խնդիրների շուրջ ընտրությունների հարցում պետք է կոնսենսուսի հասնեն: Նրանք փորձում են կոնսենսուսի հասնել երկխոսության միջոցով: Մենք չենք կարող ավելին ասել:



- Հնարավոր է կոնսենսուս չլինի նաեւ ապագայում: Ի՞նչ կարող է անել ԵԽ-ն:



- Դրա համար էլ մենք այստեղ ենք: Ընտրական օրենքը մի օրենք է, որն ի վերջո որոշվում է երկրի խորհրդարանի կողմից եւ մեծամասնության ձայներով:  Մենք չենք կարող կանոնակարգել դա առավել մանրամասն: Դա անհնարին է:



- Չե՞ք կարծում, որ լեգիտիմացնում եք մեր իշխանությունների նման գործելակերպը:



- Ոչ: Օրինակի համար այս հանդիպումն ապացույց է, որ այն հնարավոր է պլատֆորմ լինի յուրաքանչյուրի համար՝ ներկայացնելու տեսակետները, եւ այսօր դա արվեց: Եվ մենք մասնակցեցինք մի միջոցառման, որը լայն ներկայացվածությամբ մասնակիցներ ուներ: Դրա համար էլ մենք եկել ենք: