Դուք գնացեք՝ Թիֆլիսում շախմատ խաղացեք

Դուք գնացեք՝ Թիֆլիսում շախմատ խաղացեք
Հավանաբար ժամանակն է արդեն՝ երկրի տնտեսական համակարգի փոփոխություններին եւ բարենորոգումներին զուգահեռ, մի քիչ էլ ուշադրություն դարձնել հայ քաղաքական մտքի դեգեներացման պատճառներին ու հետեւանքներին: Այս ոլորտն անուշադրության մատնելը կարող է շատ ծանր նստել եւ նույնիսկ բացասաբար անդրադառնալ տնտեսական առանց այն էլ փխրուն հաջողությունների վրա:



Օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը մոտավորապես հայտարարել էր, որ մոտավորապես ցնցված է Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանությունների հետ երկխոսելու որոշումից, որովհետեւ նման բան կարող էր անել միայն где-то միջին հեռատեսության քաղաքական գործիչը, ով հասկանում է, որ ներքին իրավիճակի լարման կամ անկայունության պարագայում Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա:



Մի խոսքով՝ բերանացի կրկնել է ՀԱԿ վերջին երկու հանրահավաքներում Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանության հետ երկխոսելու (այս բառը շատ ճոխ է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում) լալահառաչ խնդրանքն ու նման որոշում կայացնելու պատճառաբանությունը: Այն էլ ասենք, որ պարոն Պետրոսյանը, չգիտես ինչու, այս ամենն ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը իր կոալիցիոն գործընկեր Արթուր Բաղդասարյանի սատարման քայլերից շահեկանորեն առանձնացնելու անթաքույց ինտոնացիայով:



Մեր կարծիքով, սակայն, պատգամավորի` դարի երկխոսության այս պատճառաբանությունը ոչ միայն ոչնչով հիմնավորված չէ, այլեւ վտանգավոր է: Վտանգավոր է այնքանով, որ ընդդիմադիր որեւէ այլ շարժում, նույնիսկ ամենաառողջ քննադատություն իշխանությունների հասցեին կարող է դիտվել որպես պետության անվտանգությանն սպառնացող վտանգ: Իսկ դա իշխանության հետ երկխոսելու պատրվակով երկիրը դեպի վերջնական լճացում տանելու ամենակարճ ճանապարհն է:



Պարզվում է, փաստորեն, որ ոչ իշխանությունները եւ ոչ էլ ՀԱԿ ղեկավարությունը մինչ օրս չեն գիտակցում, թե ինչ է իրենից ներկայացնում իշխանություն-ընդդիմություն իսկական պայքարը:



Այն այս երկու ուժերին ներկայանում է միայն մարտի 1-ի տեսքով, եւ մտածում են, որ, ինչպես տեղի ունեցավ 2008թ. մարտին, այսօր էլ Ադրբեջանը կփորձի հարձակվել Հայաստանի վրա, եթե իրենք չերկխոսեն, այլ շարունակեն պայքարել միմյանց դեմ: Հարգելիներս, իսկ ո՞վ է ձեզ ստիպում պայքարել տանկերով ու երկաթյա ձողերով, «ոզնիների» ու դիպուկահարների գործադրումով: Ուրիշ ձեւեր չկա՞ն:



Կան իհարկե, պարզապես իրենք չգիտեն: Եվ փոխանակ ժողովրդին ասեն, թե այլեւս անիմաստ է «ավազակապետություն» եւ «Լեւոն՝ նախագահ» գոռալով առաջ գնալը, ասում են` այլեւս երկխոսելու ենք, որովհետեւ չերկխոսելու դեպքում պատերազմ կսկսվի: Հիմարություն: Ի՞նչ է ստացվում` եթե մի քաղաքական ուժ անհաշտ պայքար է սկսում հանուն ազատ ընտրությունների, կոռուպցիայի վերացման, մամուլի ազատության, վրացական պետհամարանիշների ժամկետը երկարացնելու, ինչպես նաեւ կոալիցիոն խայտառակ համաձայնագրի, օտարալեզու դպրոցներով հայոց լեզուն դուրս մղելու կամ մի այլ բանի դեմ, նշանակում է դա պետք է անի միայն այնքանով, որ Ադրբեջանին չդրդի՞ հարձակվել Հայաստանի վրա:



Նույնիսկ ծիծաղելի է, բայց, ինչպես վերեւում ասացինք, ՀՀԿ-ական պատգամավորն ուղղակի ցնցված է ՀԱԿ որոշումից: Ահա այսպես են պարզ,  ներքաղաքական առեւտուրը ժողովրդի վրա ծախում որպես ազգային գերխնդիր, որ իբր լուծել են հանուն հայրենիքի:



Եթե իրենց հարցնես` ինչպե՞ս կվարվեր Հայաստանը, եթե Ադրբեջանի ընդդիմությունը մի գեղեցիկ օր եգիպտական շարժում սկսեր սեփական իշխանությունների դեմ, ի՞նչ կպատասխանեն, ի՞նչ եք կարծում:



Արդյոք Հայաստանը, առիթից օգտվելով, կհարձակվե՞ր Ադրբեջանի վրա: Թուրքիայում, քրդական հարցի հետ կապված, միշտ լարված վիճակ է, պարոն Պետրոսյան, ինչո՞ւ չեք հարձակվում Թուրքիայի վրա: Ուժներս քիչ է` կասեք: Իսկ ուժից ո՞նց էիք, երբ Երեւանի փողոցներն էիք արյան ծով դարձնում: Այն ժամանակ երկխոսելու հնար չկա՞ր, թե՞ երկխոսության կոչ անողներ չկային:



Իսկ գուցե այսօր երկխոսության կոչ անողնե՞րն են փոխվել: Պարզ ասեք` իմանանք, պարոն Պետրոսյան եւ հարգելի ՀՀԿ-ականներ: Թե չէ` պատերազմով եք վախեցնում սեփական ժողովրդին: Լավ չէ, լավ չէ: Մեր հույսը մնում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Մի տեսեք, թե ինչ ջանքեր է գործադրում, որ ԱՄՆ դեսպան Յովանովիչի շրջազգեստի փեշերը չվառվեն. «Ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ մեկ այլ կողմի միջնորդությամբ ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ գաղտնի բանակցություններ չեն ընթանում»:



Քոռանամ ես, երեւի իրար շատ սիրելուց են սկսել շախմատ խաղալ: Թե էն Զուրաբյան Լեւո՞նն ինչու է սկսել ագռավի պես կռռալ: Երեկ էլի հին երգն է երգել՝ «ՀԱԿ-ի նպատակն է երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով ավազակապետության կազմաքանդումն ու հաշվետու իշխանության ձեւավորումը»:



Արա, ախպեր, սրանք կատարյալ փորձանք են երկրի համար: Ադրբեջանը չհարձակվի՞ հանկարծ: Եվ առհասարակ` հնարավոր չէ՞, որ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը վեր կենան, մեր գյուղից գնան: Հեռու, եղբայր, Թիֆլիս օրինակ: Դուք երեկ կռվում էիք, այսօր երկխոսում, իսկ վաղը կարող է նորից կռվեք: Մենք ձեր ձեռքը հո… կրակը չե՞նք ընկել:



Էդիկ Անդրեասյան