Բաց նամակ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին
Ձեզ դիմելու այս ժանրի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ մեր նախորդ երկու փորձերը` Ձեզ հաղորդակից դարձնել մեր մտահոգություններին, այդպես էլ չպսակվեցին հաջողությամբ, այլեւ նրանով, որ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան՝ նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Հայկ Լեւոնի Սարգսյանը, ամեն պատեհ առիթով շոշափում է Ձեր անունը՝ որպես իր մտերմագույն ընկերոջ եւ հովանավորի:



Ըստ որում՝ շոշափվում է ոչ միայն Ձեր, այլեւ Ալեքսանդր եւ Լեւոն Սարգսյանների անունները` վախ եւ ակնածանք տարածելու իր անձի շուրջ:  Երկու տարի առաջ` 2008թ. հունիսին, հայաստանյան մամուլում լույս տեսավ «Ինչո՞ւ է լռում ԵՊՀ ռեկտորը» հոդվածը, որին պատասխան չտրվեց:



Ավելին՝ Հայկ Սարգսյանը, մնալով անպատիժ, ավելի համարձակ գործելու հնարավորություն ստացավ` անտեսելով ոչ միայն ՀՀԿ անդամ, ռեկտոր Արամ Սիմոնյանի սկզբունքային դիրքորոշումները, այլեւ աշխատանքից ազատեց եւ քողարկված հալածանքների ենթարկեց ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀԿ անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ. Ղարիբյանին եւ նրա համախոհներին:



Նույնը կարելի է ասել ֆակուլտետի վաստակաշատ դասախոսներից մեկի` ճանաչված գիտնական եւ մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Կակոսյանի եւ ուրիշների մասին:   Նրա կամքով եւ խոշոր կաշառքներով ոչ միայն ընդունելության եւ մյուս քննություններն են ստանում, այլեւ դոցենտի կարգավիճակով լսարան մտնում գիտական աստիճան չունեցողներ, միաժամանակ գիտական ատենախոսություններ պաշտպանածները դուրս են շպրտվում իրենց հիմնական «արատի»` բանիմացության եւ պարկեշտության համար:



Ամբիոնի վարիչ են «ընտրում» նույն ամբիոնում նախկինում իրենց ատենախոսության համար բացասական կարծիք ստացած եւ այդ ամբիոնի դասախոսների կողմից բացարձակ մեծամասնությամբ «դեմ» ձայներ վաստակած պատահականություններ` արհամարհելով կարգուկանոն եւ ընթացակարգ:  Փոխարենը մրցույթից «դուրս են մնում»  հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս ճանաչված գիտնականներ, որոնք ուսանողների համար գիտելիքի փոխանցման կարեւոր աղբյուր են:



Պետական ունեցվածքի հափշտակության, ֆինանսական խոշոր շորթումների, բանկերին եւ ֆիզիկական անձանց պարբերաբար եւ միտումնավոր վնասներ հասցնելու  համար դատապարտված սույն բարոյազուրկ անձը` ֆակուլտետի դեկանը, սեփական կնոջ մահվանից մի քանի ամիս հետո միայն իրեն հայտնի մեթոդներով տիրացավ ԵՊՀ պրոռեկտորի տիկնոջը:



Այս մթնոլորտում ապրելն ու աշխատելը վաղուց նողկանք է առաջացրել մայր բուհում: Նողկանք է առաջացնում նաեւ այն, որ Սարգսյանը կաշառել է հարազատ դստերը` նրան տնտեսագիտության թեկնածու դարձնելով: Հայտնի է, որ անբարոյական արարքների համար նա խորն ատելությամբ էր վերաբերվում հորը:



Մայր բուհի տնտեսագիտության ֆակուլտետում դեկանը սահմանել է «գողական աշխարհի» կանոններ, թեեւ առիթը բաց չի թողնում թոզ փչելու մարդկանց աչքերին` երեւալու որպես տնտեսագետ:  Ամեն ջանք թափում է՝ հաճախ երեւալու կառավարությունում, ՀՀ նախագահի աշխատակազմի մոտ:



Առաջին փուլում խայտառակ պարտությունից հետո իր բոլոր ստվերային կապերն օգտագործեց՝ սողոսկելու Հանրային խորհուրդ:  Այսօր տարբեր տարիքի տնտեսագետների շրջանում չընդունված, իսկ պարզ մարդկանց եւ ուսանողների մոտ հակակրանք առաջացնող այս ձեռնածուն հրապարակավ հայտարարում է, թե իր համար անլուծելի խնդիրներ չկան:  Սա նաեւ այն պատճառով, որ կյանքի չգրված օրենք դարձած կաշառքները, որոնք մուտք են գործում դեկանի անձնական գանձարան, ինքներդ եք պատկերացնում, թե ինչ դժվարապացուցելի են:  Նա հասցրել է լուրջ կապեր հաստատել նաեւ իրավապահ մարմինների շրջանում: Բնական է՝ ունի նաեւ հովանավորներ:  Այլապես՝ այն բուհում, որի խորհրդի նախագահը ինքը` ՀՀ նախագահն է, թիթեռի կյանք անգամ չէր ունենա:



Նախկինում Հայկ Սարգսյանի՝ արժանի պատիժ կրելուն բազմիցս խոչընդոտել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը: Վերջերս դեկանի անպատժելիությանն ու «առաջխաղացմանը» նպաստում է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ում զավակներից մեկն ավարտել, իսկ մյուսը սովորում է հիշյալ ֆակուլտետում:  Շատերիս մոտ բնական հարց է առաջանում՝  արդյո՞ք վերը նշված փաստերը, նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի դուստրը,  եղբայրների զավակները ներկայումս ուսանում են տնտեսագիտականում, այնքան զորեղ արգելք է, որ բոլորս պետք է հանդուրժենք հայկսարգսյանների ներկայությունը մեր կյանքում եւ թույլ տանք, որ այլասերված մթնոլորտում ուսանեն մեր երկրի տնտեսության ու գործարարության վաղվա մասնագետներն ու ղեկավարները:



Պարոն Սարգսյան, եթե գտնում եք, որ այս ամենը պետք է հանդուրժել, մենք կփորձենք ըմբռնումով մոտենալ Ձեր կեցվածքին: Եթե ոչ՝ օգնեք մեզ կյանքի կոչել Ձեր իսկ խոսքերն առ այն, որ «Հայաստանն ամեն հաջորդ օրը պիտի ավելի լավը լինի, քան նախորդ օրն էր»:



Մի խումբ ուսանողներ, դասախոսներ եւ ծնողներ