Նախագահական քարոզարշավից մինչեւ «Յունիբանկ»

Նախագահական քարոզարշավից մինչեւ «Յունիբանկ»
Ինչ տխուր լուսանկար է, չէ՞, ես կասեի` ֆոտո-դատապարտում: Ուրեմն էլ վե՞րջ, այլեւս այս շենքի վրա չե՞ն վառվելու «ՆԱԻՐԻ» տառերը, էլ չե՞նք ունենալու այն, ինչ ունեինք կես դարից ավելի, ամեն ինչ հենց այսպես` որոշվելու էր միայն բիզնեսի օրենքներին հատուկ` երկկողմանի շահագրգռվածության հիման վրա՞...



«Նաիրի» կինոթատրոնն ուղղակի վայր չէր, որտեղ մենք տարիներ-տասնամյակներ շարունակ ֆիլմեր էինք դիտում, որտեղ ճեմասրահում ջազ-բենդ էր նվագում, եւ որտեղ հնդկական ու եգիպտական ֆիլմեր չէին ցուցադրվում. վերջին հանգամանքն ի գովեստ խոսում էր հաստատության վարկանիշի մասին:



«Կինոնաիրին» դարձել էր բազմաթիվ երեւանցիների մենթալիտետի անբաժան մասը, անգամ քաղաքի յուրովի խորհրդանիշներից մեկը: Նույնիսկ շենքը կառուցվել է խորհրդային ճարտարապետական ասկետիզմին ոչ բնորոշ ոճով. ո՞վ կարող է հերքել նրա ճարտարապետական էսթետիզմը: Եվ պատահական չէր, որ տարբեր նախագահական ընտրությունների քարոզարշավներին տարբեր թեկնածուներ, որպես վարկանիշային գործոն, հիշատակում էին իրենց՝ «Կինոնաիրիի տղա» լինելու իրողությունը, ինչին, ի դեպ, մեկ ուրիշ թեկնածու էլ` որպես հակակշիռ, ներկայացնում էր իր՝ «կայարանցի տղա» լինելու փաստը:



Հավելենք, որ եղավ պահ, երբ «կայարանցի տղան» իր քաղաքական վարկանիշով առաջ անցավ «նաիրյան» տղաներից, սակայն այդ փաստը մեր խնդրո առարկայի հետ կապ չունի եւ ամենեւին չի ստվերում կինոթատրոնի պատիվը: Ո՞ր մի կինոթատրոնը, մշակույթի օջախը, տո՛ կուլտուրայի պալատը նման իմիջով կարող է հպարտանալ: Պատկերացնո՞ւմ եք՝ առաջիկա նախագահական ընտրություններում որեւէ թեկնածու վեր կենա ու ասի` «ես «Յունիբանկի» տղա եմ եղել» ...



Այնպես որ, թե ինչ են անելու մեր` նախագահի որոշ թեկնածուներ առաջիկայում՝ մշուշոտ է: «Մշուշոտ» բառի վրա մի բան էլ հիշեցի՝ իսկ ի՞նչ է լինելու առաջիկա «Ոսկե ծիրանի» ճակատագիրը. տեսե՞լ եք երկիր, որ կինոփառատոն անցկացնի ու ընդամենը մեկ կինոթատրոն ունենա: Հիմա կասեք` բա Գյումրիի «Հոկտեմբերը», բա Մոսկվայի տունը, բա էն քաղաքի մյուս դահլիճները, որտեղ կարելի է մի հատ սպիտակ էկրան կախել, ու կդառնա կինոթատրոն:



Իրոք որ. եթե կարելի է էկրան կախելով կինոթատրոն ստանալ, էլ ինչի՞ էր պետք էդ մեծ շենքը կինոթատրոն դարձնելը, որ ամեն սեանսին 5-10 մարդ այցելի: «Նաիրին» անցյալում էլ է տխուր ժամանակներ ապրել, երբ 90-ականների երկրորդ կեսին վերածվել էր լոտոյի խաղարկման վայրի: Իսկ ինչ կլինի այս անգամ՝ կվերակենդանանա՞ մեր «Նաիրին», թե՞ ոչ:



Միգուցե հարցին մոտենանք ըմբռնումով. մեզ, մեր այսօրվա ազգային տնտեսությանը բանկեր պետք են, իսկ կինոթատրոն ինչների՞ս է պետք: Մենք հաջորդ համարներում կփորձենք մեր ընթերցողին հիմնավոր ներկայացնել «Նաիրիի»` այս ճակատագրին արժանանալու պատճառներն ու գործընթացը:



Լեւոն Գեւորգյան