«Մեդիամաքսի» լրագրողական անտակտությունը

«Մեդիամաքսի» լրագրողական անտակտությունը
Բոլոր նրանք, ովքեր այցելել են «Մեդիամաքսի» կայքը, տեսած կլինեն, որ մայիսի 7-ի թոփ լուրերի ցուցակը գլխավորում է «Հրապարակի» լրագրողական փնթիությունը» վերնագրով «տեղեկությունը»: Չարժէ, երեւի, քննարկել սույն լրատվական ծառայության լրահոսի որակը, եթե «Հրապարակի» մասին լուրը թոփ լուր է ընկալվում: Ինչեւէ, բանն այն է, որ «Հրապարակի» այսօրվա համարում որոշակի անճշտություն է տեղ գտել WhoCares խմբի սկավառակի շնորհանդեսի մասին պատմող հոդվածում: Իրականում Գյումրիի թիվ 6 դպրոցին 15.000 դոլար է նվիրաբերում ոչ թե WhoCares-ը, այլ Orange-ը: Ցանակացած ադեկվատ մարդու համար պետք է որ հասկանալի  լինի, որ անճշտությունը տեղ է գտել թյուրիմացաբար, այլ մոտիվացիա փնտրելը ծիծաղելի է: Ի վերջո թող մեզ վրա քար նետեն բոլոր այն լրագրողները կամ խմբագիրները, ովքեր գոնե երբեմն-երբեմն չեն սխալվում: Սովորաբար ինչ է արվում տվյալ դեպքում. միջոցառման պատասխանատուները դիմում են լրատվամիջոցին, թյուրիմացությունը շտկվում է, եւ տեղադրվում է ճիշտ ինֆորմացիան (ինչը, բնականաբար, մենք անպայման կանենք նյութը կայքում տեղադրելիս): Բայց ահա թե ինչ է գրում «Մեդիամաքսը» իր այսօրվա «թոփ լուրում»:



«Հարցերի շարան է առաջանում: Միգուցե այս նյութի հեղինակ Սոնա Ադամյանը ներկա չի՞ եղել ասուլիսին եւ իր նյութը գրել է` հիմնվելով պատահական մարդկանց խոսքերի վրա: Կամ հեղինակը պարզապես ի վիճակի չէ հասկանալ եւ այնուհետեւ թերթում ներկայացնել այն, ինչ լսել է շնորհանդեսին: Իսկ միգուցե հեղինակը դժվարանում է տարանջատել Մեդիամաքս-ի եւ «Օրանժ Արմենիա»-ի տնօրենների ասածները»:



Ամբողջ խնդիրն այն է, որ WhoCares-ի նոր սկավառակը եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանի կյանքի ամենամեծ ձեռքբերումներն են (սարկազմ չկա), Արան այդ ամենի գլխավոր կազմակերիչներից մեկն է, ու այսպես կոչված «լուրը» ոչ թե լրագրողի, այլ անձնական վիրավորանք զգացած ոչ ուժեղ մարդու քայլ է, անտակտություն` առաջին հերթին գործընկերոջ, երկրորդ հերթին կնոջ հանդեպ, երրորդ հերթին` ընդհանրապես:



Ըստ այդմ մեզ մոտ էլ է հարցերի շարան առաջանում.

Կապ ունի՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ մեր հակամարտությունը «Մեդիամաքսի» լրատվական «պոռթկման» հետ, այս «լուրի» հեղինակի մոտիվացիան արդյո՞ք տեղեկատվության ճշգրտումն էր (ճանապարհը նշեցինք), թե՞ «Հրապարակին» իբր խայտառակ անելը, եւ ի վերջո այս հուշումները կօգնե՞ն արդյոք Արա Թադեւոսյանին կարողանալ այսուհետ առնվազն ճիշտ կողմորոշվել կամ գոնե տարանջատել մարդկային անտակտությունը լրագրողական էթիկայից:



Լուսանկարում` Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու “Orange Արմենիա”-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Լուսանկարը` Մեդիամաքսի