Քամու դեմ խաղ չկա

Քամու դեմ խաղ չկա
Լոռու մարզում այս տարի շատ անձրեւային է։ Մի դեպքում գետերն էին վարարել ու լցվել տները, մյուս դեպքում կամուրջներ էին փլվել, հիմա էլ գետերի հուների վարարման հետեւանքով ջրի մակարդակը բարձրանում եւ լցվում  մարդկանց հողամասերը՝ իր հետ քշել-տանելով ամեն ինչ։



Թե որքան կշարունակվեն գարնանային տեղումները, ոչ ոք հստակ ասել չի կարող, սակայն մի բան պարզ է՝ պետք է շտապ միջոցներ ձեռնարկվեն ինչպես սելավատարների նորոգման ու գետերի հուների մաքրման, այնպես էլ հենապատերի ամրացման գործում։ Սակայն այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, փոխարենը օրեցօր մեծանում են անձրեւների պատճառած վնասները։ Նոր Խաչակապ եւ Արջահովիտ (Ղուրսալ) համայնքների կամուրջների խնդրին մենք անդրադարձել ենք, պատմել ժամառժամ քանդվող կամուրջների մասին, հրավիրել ենք համապատասխան ատյանների ուշադրությունը, գրել ենք, թե ում կամ ինչի պատճառով են քանդվում կամուրջները, բայց, ինչպես գյուղացիներն են համոզված՝ «դրանց դեմ խաղ չկա», ավելին՝ մարդիկ զգուշացնում են. «Ջահել տղա ես, գլխիդ փորձանք մի բեր»։



Մայիսի 5-ին, ժամը 17։25-ին Համլետ Խաչիկյանից Լոռու մարզի փրկարար վարչությունն ահազանգ է ստացել, որ Փամբակ գետի մակարդակի բարձրացման պատճառով քանդվում են Ղուրսալ համայնքի ուղղությամբ տեղակայված ափամերձ շինությունները։ Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ողողվել են ոռոգման համակարգի շինությունը եւ Հ. Խաչիկյանին պատկանող չօգտագործվող ջերմոցի 15 մ երկարությամբ պատը:



Իսկ Արջահովիտ համայնքի երկու կամուրջներն են վթարային վիճակում։ Դրանք ընդգրկված են պետական ծրագրով վերանորոգվող կամուրջների այս տարվա ցանկում։ Բացի գետերի վարարումներից, մարզում երեկ գրանցվել են ուժեղ քամիներ. տուժել է հատկապես Դսեղ գյուղը, որտեղ քամին քշել-տարել է տանիքներ, վնասել եւ կոտրել ապակիներ։ Տեղի միջնակարգ դպրոցի տանիքից պոկվել է 10 ազբոշիֆեր, կոտրվել 10 քմ ապակի։ Վնասվել է նաեւ գյուղապետարանի շենքը։ Իսկ մի բնակարանից քամին քշել է ամբողջ տանիքը՝ 54 կղմինդր։ Փոխհատուցվելո՞ւ են արդյոք այս մարդկանց վնասները՝ հայտնի չէ: